HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Հարսի և սկեսուրի հիմնադրած ընկերությունները մասնակցել են միևնույն մրցույթին

2021 թվականի նոյեմբերի 23-ին Պետական եկամուտների կոմիտեն պահնորդական ծառայություններ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարել։ Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 7 ընկերություն՝ «Ար-մոբիլ» ՓԲԸ-ն, «Սուր և նիզակ» ՍՊԸ-ն, «Պահապան 1» ՍՊԸ-ն, «Օռլան Սիքյուրիթի» ՍՊԸ-ն, «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊԸ-ն, «Քինգ մարշալ» ՍՊԸ-ն և «Լիոն սեքուրիթի սերվիս» ՍՊԸ-ն։

Աշխատանքի համար ՊԵԿ-ի առաջարկած առավելագույն գինը 522 մլն դրամ էր։ Մրցույթին հայտ ներկայացրած բոլոր ընկերությունների գնային առաջարկները նախահաշվային գնից բարձր են եղել։

Բանակցությունների արդյունքում ընկերություններն իջեցրել են իրենց գնային առաջարկները։ Ամենացածր գինն առաջարկել է «Սուր և նիզակ» ՍՊԸ-ն՝ 360 մլն դրամ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Պահապան 1» ՍՊԸ-ն, որն առաջարկել էր 498 մլն դրամ։

2022 թվականի փետրվարի 8-ին «Սուր և նիզակ» ՍՊԸ-ն դիմել է գնահատող հանձնաժողովին և տեղեկացրել, որ հրաժարվում է պայմանագրի կնքումից։

Հանձնաժողովը որոշել է ընտրված մասնակից ճանաչել «Պահապան 1» ՍՊԸ-ին, իսկ «Սուր և նիզակ» ՍՊԸ-ի վերաբերյալ նյութերն ուղարկել է Ֆինանսների նախարարություն՝ վերջինիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերություններ ցուցակում (սև ցուցակ) ներառելու համար։

2022 թվականի փետրվարի 28-ին «Պահապան 1» ՍՊԸ-ի և ՊԵԿ-ի միջև կնքված համաձայնագրով ընկերությունը համաձայնել է նվազեցնել մատուցվելիք ծառայության արժեքը՝ այն սահմանելով 470 մլն դրամ։ Սեպտեմբերի 12-ին պայմանագրի գինը նվազեցվել է ևս մեկ անգամ եւ դարձել 438 մլն 691 հազար դրամ։

«Պահապան 1» ՍՊԸ-ի հիմնադիրը և միանձնյա սեփականատերը Աննա Վանեցյանն է։ Աննա Վանեցյանի որդին՝ Արսեն Կոստանդյանը, 2017-2023 թթ. զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի, իսկ 2023-2024 թվականներին՝ Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնը։

«Սուր և նիզակ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Ընկերության հիմնադիրը Վիկտորյա Մելիք-Սարգսյանն է` Արսեն Կոստանդյանի կինը։ 2021 թվականի դեկտեմբերին Մելիք-Սարգսյանը դուրս է եկել ընկերությունից, և ընկերության սեփականատեր է դարձել Կարինե Սողոմոնյանը։

Արսեն Կոստանդյանը կնոջ՝ ընկերությունից դուրս գալուց հետո էլ կապը ընկերության հետ չի կտրել։ Դատախազությունից հեռանալուց հետո նա սկսել է զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ 2025 թվականի հունվարից Երևանի քաղաքացիական դատարանում քննվող «Սուր և նիզակ» ՍՊԸ-ն ընդդեմ Երևանի Է. Թելմանի անվան N13 հիմնական դպրոցի գործի շրջանակներում Արսեն Կոստանդյանը եղել է «Սուր և նիզակ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը։

«Գնումներ մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետն արգելում է փոխկապակցված անձանց և/կամ միևնույն անձի կողմից հիմնադրված կամ ավելի քան 50% միևնույն անձին պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին։

Պետական եկամուտների կոմիտեին հարցրել էինք՝ արդյոք մրցույթի գնահատող հանձնաժողովը դիտարկել է այն հանգամանքը, որ մասնակցող ընկերություններից երկուսի՝ «Պահապան 1» ՍՊԸ-ի եւ «Սուր եւ նիզակ» ՍՊԸ-ի հիմնադիրները փոխկապակցված անձինք են՝ հարս և սկեսուր։ Եթե այո, ապա ի՞նչ քայլեր է ձեռնարկել հանձնաժողովը։

ՊԵԿ-ը մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել է, որ մրցույթի բոլոր մասնակիցները, այդ թվում՝ «Սուր ն նիզակ» և «Պահապան 1» ՍՊԸ-ները, հրավերով սահմանված կարգին համապատասխան, 2021 թվականի դեկտեմբերի 30-ին ներկայացրել են բաց մրցույթին մասնակցելու դիմում-հայտարարություններ, որով վերջիններս հավաստել են, որ բացակայում է փոխկապակցված անձանց և/կամ միևնույն անձի կողմից հիմնադրված կամ ավելի քան 50% միևնույն անձին պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցության դեպք։

«Ինչպես նաև ներկայացրել են իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր, համաձայն որոնց «Պահապան 1» ՍՊԸ-ի 100% ուղղակի մասնակցությամբ իրական շահառու է հանդիսանում Աննա Վանեցյանը, իսկ «Սուր եւ նիզակ» ՍՊԸ-ի 100% ուղղակի մասնակցությամբ իրական շահառու է հանդիսանում Կարինե Սողոմոնյանը»,- նշված էր պատասխանում:

ՊԵԿ-ից, սակայն, չէին մանրամասնել՝ արդյոք հանձնաժողովը փորձել էր, բացի ընկերությունների ներկայացրած փաստաթղթերն ուսումնասիրելուց, այլ միջոցներով ևս ճշտել մրցույթի մասնակից ընկերությունների հնարավոր փոխկապակցվածության հարցը։ 

2022 թվականի նոյեմբերի 10-ին ՊԵԿ-ը միակողմանիորեն խզել է պայմանագիրը «Պահապան 1» ՍՊԸ-ի հետ։ Պատճառը եղել է այն, որ պահնորդների թիվը 27-ով պակաս է եղել պայմանագրով նախատեսված թվից։ ՊԵԿ-ը նաև որոշել է գանձել 4.38 մլն դրամ՝ որպես տուգանք, ինչպես նաև՝ 131.6 մլն դրամ որակի ապահովման գումարը և 43.8 մլն դրամ պայմանագրի ապահովման գումարը։

Ընկերությունը ՊԵԿ-ի այս որոշումը վիճարկել է դատարանում։ «Պահապան 1» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, մասնավորապես, պնդել են, որ որակավորման և պայմանագրի ապահովման գումարները չպետք է ամբողջությամբ գանձվեն, քանի որ որոշակիորեն կատարել են պայմանագրային պարտավորությունները։ 2025 թվականի մայիսի 12-ին Երևանի քաղաքացիական դատարանը վճռել է մերժել «Պահապան 1» ՍՊԸ-ի հայցը։

Արսեն Կոստանդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Գնումների մասին» օրենքի խախտում այստեղ չի տեսնում, քանի որ իր կինը մրցույթի հայտը ներկայացնելու պահին այլևս «Սուր և նիզակ» ՍՊԸ-ի սեփականատերը չէր։

Հարցին՝ արդյոք կասկածելի չի թվում այն հանգամանքը, որ իր կնոջ և մոր հիմնադրած ընկերությունները մասնակցել են նույն մրցույթին, և կնոջ հիմնադրած ընկերությունը մրցույթում հաղթելուց հետո հրաժարվել է պայմանագիր կնքել՝ տեղը զիջելով «Պահապան 1» ՍՊԸ-ին, ասաց. «Այդ կասկածների հիման վրա քրեական գործ կա հարուցված, հետևաբար, ես ոչինչ չեմ կարող ասել։ Նախաքննությունը կպարզի ամեն ինչ»։

Այս պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ օրենքով ամրագրված սահմանափակումների պայմաններում փոխկապակցվածության ռիսկերը պետական գնումներում չեն վերանում, և դրանց բացառումը պահանջում է ավելի արդյունավետ վերահսկողություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter