
Հաղորդումներում կարգելվի սահմանադրական կարգի բռնի տապալմանն ուղղված կամ պատերազմ քարոզող տեղեկության տարածումը. նախագիծ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել։ Ըստ այդ նախագծի՝ տեսալսողական հաղորդումներում կարգելվի՝
- սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը,
- բռնություն և դաժանություն քարոզելու նպատակ կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը,
- ազգային, ռասայական, սեռային, կրոնականատելություն բորբոքելու, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը,
- պոռնկագրություն տարածելը,
- քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը:
Նախագծի հիմնավորումն այն է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020թ. հուլիսի 16-ին, և դրա կիրառման ընթացքում ի հայտ են եկել իրավական խնդիրներ, որոնք հիմք են տալիս վերանայելու առանձին կարգավորումները, ինչպես նաև նախատեսելու նոր կարգավորումներ՝ տեսալսողական մեդիա ոլորտում իրավական հստակություն և կանխատեսելիություն ապահովելու, հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության նվազեցնելու, ՀՀ տեղեկատվական ինքնիշխանությունն ապահովելու նպատակով։
«Տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող պետական մարմնին չի վերապահում այն անհրաժեշտ գործիքակազմը՝ ատելության խոսքի, «թշնամանքի լեզվի», խտրականության և քաղաքացու վարմունքի վրա ազդող մանիպուլյացիաների տարածման դեմ պայքարելու համար: Այսօր նաև կարգավորումից գրեթե դուրս են մնացել ՀՀ քաղաքացու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա բացասաբար ազդող տեսալսողական տեղեկատվական հոսքերը։ Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հստակեցվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի կարգավորումը՝ տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքի վերաբերող դրույթներում որոշակիություն մտցնելու նպատակով։ Այս ձևակերպմամբ նախատեսվում է նաև, որ կարգավորող մարմնի համար ստեղծվում է հստակ իրավական հիմք՝ օրինախախտումների ճանաչման և գնահատման գործընթացում, իսկ հեռարձակող, ցանցային օպերատոր և դիստրիբյուտոր անձանց համար ապահովվում է իրավական որոշակիություն՝ թույլատրելի և արգելված բովանդակության սահմանների վերաբերյալ»,- նշված է հիմնավորման մեջ։
ԲՏԱ նախարարությունն ընդգծում է, որ ներկայումս անորոշությունների առկայությունը հանգեցնում է նաև այն իրողությանը, որ կարգավորող մարմնի կողմից (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով) ընդունված որոշումները հաճախ վիճարկվում են դատարաններում՝ առաջացնելով իրավական անորոշություն և խաթարելով մեդիա ոլորտի կայուն կարգավորման մեխանիզմները։
Նախագծով նաև սահմանված է, որ ուղիղ եթերի ժամանակ, բացառությամբ պոռնկագրություն տարածելուն, սահմանված արգելքները խախտելու դեպքում հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվի, եթե իրավախախտման մասին ուղիղ եթերում զգուշացվել կամ հայտարարվել է, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:
Էրոտիկ բնույթի, սարսափ ու ակնհայտ բռնություն, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող ֆիլմերը և տեսալսողական հաղորդումները եթեր պետք է հեռարձակվեն ժամը 24:00-6:00-ն:
Կարգելվի նաև հեռարձակողի, իսկ ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ տեսալսողական հաղորդումը առանց դրանց գույքային իրավունքները տիրապետող անձի համաձայնության տարածելը։
Նախագծով առաջարկվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է դիստրիբյուտորների գործունեությանը:
Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը (հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա օպերատորին տարածման նպատակով տեսալսողական ծրագրեր տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձ) պետք է գործի օրենսդրության համաձայն կարգավորող պետական մարմին դիմում ներկայացնելուց և կարգավորող պետական մարմնի կողմից համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո:
Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը յուրաքանչյուր նոր տեսալսողական ծրագրի կամ գույքային իրավունք տիրապետող անձի հետ կնքված նոր պայմանագրի վերաբերյալ դիմում պետք է ներկայացննի կարգավորող պետական մարմին:
Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կողմից դիմում ներկայացնելուց հետո Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կիրականացնի տեսալսողական ծրագրերի օրենքի դրույթներին համապատասխանության ստուգման գործընթաց և 20-օրյա ժամկետում կտրամադրի թույլտվություն կամ կմերժի թույլտվության տրամադրումը:
Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը պարտավոր է անհրաժեշտ հասանելիությամբ ապահովել կարգավորող պետական մարմնին: Այդ նպատակով նա կարող է տրամադրել տվյալ տեսալսողական ծրագրի հղումը, տվյալ ծրագիրը կրիչի կամ այլ տեխնիկական միջոցով, կամ տրամադրել թեստային ռեժիմով դիտման հնարավորություն՝ ըստ մատուցվող ծառայությունների տեխնիկական կարողությունների, և այլն:
Հեռարձակողի, իսկ ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ տեսալսողական հաղորդումը առանց դրանց գույքային իրավունքները տիրապետող անձի համաձայնության տարածելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
Նախագիծն անդրադառնում է նաև օտարերկրյա տեսալսողական ծրագրերին։
Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր օտարերկրյա տեսալսողական ծրագիր նախքան Հայաստանում վերահաղորդման մեկնարկը անցնի համապատասխանության գնահատման գործընթաց։ Այս նպատակով առաջարկվում է սահմանել պարտադիր պահանջ, ըստ որի՝ վերահաղորդման մեկնարկից առաջ անհրաժեշտ է ստանալ ՀՌՀ-ի կողմից տրամադրվող թույլտվությունը, որը կհավաստի տեսալսողական ծրագրի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան լինելը։
Բացի այդ, կնախատեսվի ՀՌՀ-ի իրավասությունը՝ կրկին վերանայելու համապատասխանության հարցը այն դեպքերում, երբ կան ռիսկեր՝ կապված վերահաղորդվող ծրագրի բովանդակության փոփոխության հետ, օրինակ՝ ծրագրի սեփականատիրոջ փոփոխությունը, ծրագրային քաղաքականության փոփոխությունը, միջազգային գործընկերների ներգրավմամբ քաղաքական բովանդակության ուղղության շեղումը և այլն։
Հանձնաժողովին պետք է տրամադրվի 20-օրյա ժամկետ՝ յուրաքանչյուր նոր ծրագրի օրենսդրական համապատասխանությունը գնահատելու նպատակով։ Արտառոց դեպքերում կարող է սահմանվել փորձնական վերահաղորդման թույլտվություն՝ մինչև վերջնական գնահատման արդյունքի տրամադրումը։
«Նախատեսվող փոփոխությամբ ապահովվում է նաև իրավական այն մեխանիզմի ներդրումը, ըստ որի՝ եթե ցանցային օպերատորը հանդես է գալիս որպես դիստրիբյուտոր և անմիջապես կնքում է վերահաղորդման պայմանագիր օտարերկրյա հեռարձակողի հետ՝ առանց միջնորդ դիստրիբյուտորի ներգրավման, ապա տվյալ ցանցային օպերատորի նկատմամբ սկսում են գործել դիստրիբյուտորի նկատմամբ սահմանված իրավական կարգավորումները»,- նշված է նախագծում։
Մեկ այլ փոփոխությամբ ցանցային օպերատորի (ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը սեփականության կամ այլ իրավունքով ունի մալուխային կամ այլ ցանց (բացառությամբ հաճախականային սահմանափակ ռեսուրս օգտագործելու դեպքերի) և ապահովում է տվյալ ենթակառուցվածքի տեխնիկական շահագործումը) լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել՝ առավելագույնը 30 օր ժամկետով, եթե՝
- ցանցային օպերատորը մեկ տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է վարչական տույժի,
- ցանցային օպերատորի տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետևանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը կամ արգելքներ են ստեղծվում այլ հեռարձակողների կամ օպերատորների գործունեության համար,
- ցանցային օպերատորի կողմից առանց որևէ հիմնավոր պատճառի 72 ժամ շարունակ վերահաղորդում չի իրականացվել,
- ցանցային օպերատորը լիցենզիա ստանալու պահից վեց ամսվա ընթացքում վերահաղորդում չի իրականացնում։
Առաջարկվում է սույն փոփոխությունների և լրացումների ուժի մեջ մտնելուց հետո ՀՌՀ-ի համար սահմանել չորսամսյա անցումային ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իրականացնել ՀՀ տարածքում արդեն իսկ վերահաղորդվող բոլոր տեսալսողական ծրագրերի օրենսդրությանը համապատասխանության ստուգում։
Մեկնաբանել