HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Թրամփը հնարավոր է հանդիպեն առաջիկա օրերին

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են առաջիկա օրերին կազմակերպել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպումը: Интерфакс-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Այժմ ամերիկացի գործընկերների հետ մենք պատրաստվում ենք դրան»,- նշել է ռուսաստանցի պաշտոնյան։

Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, նշում են, որ Պուտին-Թրամփ հանդիպման նախաձեռնությունը Ռուսաստանինն է։ Այս հարցը քննարկվել է Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունեցել օգոստոսի 6-ին Մոսկվայում:

The New York Times-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում բանակցություններից հետո Թրամփն Ուկրաինայի և եվրոպական երկրների առաջնորդներին հայտնել է, որ սկզբում ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ, իսկ դրանից հետո կազմակերպել եռակողմ հանդիպում Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։

Օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել էր, որ մտադիր է «շատ շուտով» բանակցություններ վարել Պուտինի և Զելենսկու հետ։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը պահանջել էր, որ մինչև օգոստոսի 8-ը Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայում ռազմական գործողությունները, հակառակ դեպքում Վաշինգտոնը մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանից նավթ գնող երկրների նկատմամբ: ԱՄՆ նախագահը օգոստոսի 6-ին հայտարարել էր, որ կարող է մաքսատուրքեր սահմանել նաև Չինաստանի նկատմամբ։ Պատճառը դարձյալ ռուսական նավթի ձեռքբերումն էր Պեկինի կողմից։

Լուսանկարը՝ REUTERS/Jorge Silva/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter