
Կառավարությունը կարող է վաճառել «Վիվա Արմենիա»-ում իր 20% բաժնեմասը
Կառավարությունը կարող է վաճառել հեռահաղորդակցության օպերատոր «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ում իր ունեցած 20% բաժնետոմսերը։ Այսօր գործադիրը չզեկուցվող կարգով հավանություն տվեց մի նախագծի, որով կիպրական «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ» ընկերությունը Կառավարությանն առաջարկել էր կնքել վաճառքի օպցիոն պայմանագիր։
Այս պահին պետությունը «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի 20% սեփականատերն է, իսկ «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ»-ը՝ 80%-ինը, որն իր հերթին սեփականատերերի մի ամբողջ շթղա ունի։
Այս որոշմամբ, փաստորեն, ինչպես օպցիոն պայմանագրի տրամաբանությունն է, Կառավարությունը «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ»-ին խոստանում է վաճառել «Վիվա Արմենիա»-ում իր ունեցած մյուս 20%-ը։ Նախագծում, սակայն, չի մանրամասնվում՝ արդյոք գործարքն առաջիկայում կկայանա։
Հրապարակված պայմանագրում, որը կարող է ստորագրվել, միայն նշված է, որ գնորդը վաճառողին պետք է վճարի հատուցման ընդհանուր գումարը` 50 մլն ԱՄՆ դոլարի չափով։
2024-ի տարեսկզբին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (ներկայում «Վիվա Արմենիա» ՓԲԸ) հայտարարեց բաժնետիրոջ փոփոխության մասին: Ըստ այդմ՝ ընկերությունը դադարեց ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել, փոխարենը նրա նոր բաժնետերը դարձավ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ»-ը («Fedilco Group Limited»):
Կարճ ժամանակ անց, Հայաստանի կառավարությանը որպես նվիրատվություն փոխանցվեց «ՄՏՍ Հայաստան»-ի 20% բաժնեմասը։ «Ես ուզում եմ ընդգծել, որ սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չէ, և ես կարծում եմ, որ մենք պետք է, ընդհանրապես, մեր ընկերություններին խրախուսենք, որպեսզի քաղաքացիների և բաժանորդների ներկայությունը և մասնակցությունն ապահովի ընկերությունների կառավարման գործում»,- Կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ստացվում է, որ այս իրադարձություններից երկու տարի էլ չանցած, «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ»-ը հետ է գնում նվիրած բաժնետոմսերը։
Մեկնաբանել