HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Վանաձորում ֆուտբոլի մարզադաշտ կվերակառուցվի

Կառավարությունը նախատեսում է վերկառուցել Վանաձորի 3000 տեղանոց մարզադաշտը՝ այն դարձնելով 10000 տեղանոց։ Մարզադաշտը ներկայումս ՈւԵՖԱ 2 կատեգորիայի է, վերակառուցումից հետո այն կհամապատասխանի  ՈւԵՖԱ 4 կատեգորիային։

Այսօր՝ օգոստոսի 7-ին Կառավարությունը հավանություն տվեց Վանաձոր քաղաքում ՈւԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը անհետաձգելի համարելու առաջարկին։ Այդ նպատակով գնումների գործընթացը կկազմակերպվի «հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։

Այս մարզադաշտի վերակառուցման հրատապությունը պայմանավորված է Հայաստանում 2029 թվականի ֆուտբոլի երիտասարդական առաջնության  անցկացմամբ։ Հիշեցնենք, որ այս տարի մարտի 20-ին Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ էին նեկայացրել ՖԻՖԱ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թվականի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար։

Հայտի վերջնական հաստատման համար անհրաժեշտ է ունենալ ՈւԵՖԱ 4 կատեգորիայի մարզադաշտ։ 

2023 թվականի դեկտեմբերի 7-ին Կառավարության ընդունած Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. Ռազմավարության համաձայն՝ մինչև 2030 թվականը Հայաստանում պետք է կառուցվի ՈւԵՖԱ 4 կատեգորիայի երեք մարզադաշտ։ Դրանցից 2-ը մինչև 10000, իսկ մեկը մինչև 35000 հանդիսականների համար։ 

35000 նստատեղով ազգային մարզադաշտը նախատեսվում է կառուցել Ակադեմիական քաղաքում։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Վանաձորի մարզադաշտը ընտրվել է երկար քննարկումների արդյունքում։

Մարզադաշտի նախագծման համար գնառաջարկ է ներկայացրել երկու ընկերություն՝  «The stadium Consultancy B.V.»-ն և «VenueEra Holding LLC»-ն։ Այս երկու ընկերություններն էլ նախկինում ունեցել են ՈւԵՖԱ 4 կատեգորիայի մարզադաշտերի նախագծման և կառուցման փորձ։

«Երկու ընկերությունների հետ էլ նախարարությունն ունեցել է բանավոր և գրավոր բանակցություններ և, քանի որ բովանդակային մասով երկուսի առաջարկներն էլ նույնն էին, նախարարությունը որպես նախագծող ընտրել է նվազագույն գնային առաջակ ներկայացրած ընկերությունը։ Այն է՝ «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ–ն»,- նշված է հիմնավորման մեջ։

«ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ-ի նախնական գնառաջարկը կազմել է 612 հազար եվրո, որը հետագայում իջեցվել է  մինչև 593 հազար եվրո, որից 98 հազար 840 եվրոն՝ ծրագրի նախապատրաստման համար, իսկ 494 հազար 200 եվրոն՝ նախագծման համար։ 

«ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ-ն առաջարկել է հավելյալ զեղչ 15 հազար 480 եվրոյի չափով, եթե կանխավճարը կազմի 40%՝ 231 հազար եվրո։

Մարզադաշտի նախագիծը պետք է անցնի պարզ քաղաքաշինական և պետական համալիր փորձաքննություններ, այդ պատճառով շինարարությունը հնարավոր կլինի սկսել միայն 2026 թվականի հունիսին։

«ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ-ն իրականացրել է ՈւԵՖԱ 4 կատեգորիայի մի քանի մարզադաշտերի նախագծում և շինարարություն։ Ընկերության նախագծերից են Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ֆուտբոլային մարզադաշտը, Սաուդյան Արաբիայի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» մարզադաշտը և Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտը։

Լուսանկարը՝  Վիկիպեդիայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter