HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քաղաքացին հասարակական կառուցապատման հող է գնել, որը դարձել է ճանապարհ

Հմայակ Աբաջյանը 2020թ․ նոյեմբերի 24-ից Երևանի Թբիլիսյան խճուղու հարևանությամբ գտնվող հողամասի սեփականատերն է: Մոտակա սեփական տների բնակիչները նրան պատկանող 158քմ հողամասն ամբողջությամբ օգտագործում են որպես մեքենայի և ոտքի ճանապարհ։ Հ. Աբաջյանը հողամասը ձեռք է բերել մեկ այլ քաղաքացուց: Եթե Հմայակ Աբաջյանն այդ ճանապարհը փակի, տարածքի սեփականատերերը չեն կարողանա ելումուտ անել, մյուս կողմից էլ՝ Հմայակ Աբաջյանը չի կարողանում ազատ օգտագործել և տնօրինել իր սեփական գույքը։ 

Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը 2004թ. ապրիլի 29-ին որոշել է Թբիլիսյան խճուղուն հարող տարածքն աճուրդով օտարել: Քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և օտարման մրցութային  ու աճուրդային հանձնաժողովի 2004թ. մայիսի 27-ի նիստում որոշվել է աճուրդի հաղթողը, որն իրավաբանական անձ է: Նույն տարվա հուլիսին քաղաքապետարանի և ընկերության միջև կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով ավտոմեքենաների համալիր սպասարկման կայանի շինարարության համար որպես սեփականություն վաճառվել է 3000 քմ հողատարածք՝ մոտ 14 մլն 250 հազ. դրամ արժեքով: 

Հետագայում գնորդը հողամասը բաժանել է մասերի ու օտարել տարբեր անձանց: Ձեռքից ձեռք անցնելով՝ 158քմ հողատարածքը գնել է Հմայակ Աբաջյանը, որից հետո կատարվել են անհրաժեշտ պետական գրանցումները: Այդ ժամանակ նրա մտքով չի անցել, որ հողամասը ճանապարհ է դառնալու:

Երևանի քաղաքապետարանը չի դիտարկում ներկայացվող առաջարկը

Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը Հմայակ Աբաջյանի հողի հարակից տարածքներին վերաբերող շինթույլտվություններ է տվել, և այժմ այդտեղ շինարարություն է ընթանում: Շինտեխնիկան հենց Հ. Աբաջյանի հողատարածքով է անցնում, քանի որ այլ տարբերակ չկա: Այդ ժամանակվանից էլ նրա սեփական տարածքն ակտիվ օգտագործվում է որպես ճանապարհ: 

Հմայակ Աբաջյանի ներկայացուցիչները բազմաթիվ դիմումներ են ուղարկել Երևանի քաղաքապետարան, որպեսզի հողատարածքը փոխարինվի Երևանում գտնվող ցանկացած համարժեք հողամասով: Սակայն, արհեստական խնդիրների են բախվել: Օրինակ՝ առաջարկվել է որ Հ. Աբաջյանն ինքը գտնի Երևան համայնքին պատկանող այդպիսի հողամաս և կրկին դիմի փոխարինման հարցով: Աբաջյանը խնդրել է քաղաքապետարանին, որպեսզի իրենց հայեցողությամբ Երևանի ցանկացած հատվածում համայնքին պատկանող արտադրական նշանակության համարժեք հողամաս առանձնացնեն և փոխարինեն: Վերջին դիմում-բողոքներին ի պատասխան՝ ստացել է բանավոր առաջարկ՝ փակեք ճանապարհը, բնակիչները խնդիրը թող լուծեն դատական կարգով:

Ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով, հետագայում նաև հնարավոր լուծումների կոնկրետ առաջարկներով 2021թ. օգոստոսից Հ. Աբաջյանի ներկայացուցիչ, փաստաբան Աստղիկ Անտոնյանը տասնյակ դիմումներ է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, սակայն մինչ օրս խնդիրը չի կարգավորվել։

Մասնավորապես, Հմայակ Աբաջյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին կից բնակելի տների բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքը չխախտելու և Հմայակ Աբաջյանի՝ սեփական գույքն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքը չսահմանափակելու համար փաստաբան Աստղիկ Անտոնյանն առաջարկել է՝ քաղաքի տվյալ կամ այլ հատվածում Հմայակ Աբաջյանին տրամադրել նույն չափերով կամ այլ չափերի համարժեք հողատարածք: Որպես երկրորդ տարբերակ առաջարկվել է նաև Աբաջյանի հողատարածքին կից տների բնակիչներին տրամադրել նոր ճանապարհ՝ չխոչընդոտելով Համայակ Աբաջյանին, որպեսզի սեփական հայեցողությամբ օգտագործի հողատարածքը։

Երևանի քաղաքապետարանը 2024թ. հունիսին պատասխանել է, որ հողամասը համարժեք համայնքային հողամասի հետ փոխանակման հարցի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ համապատասխան տեղի առաջարկի պարագայում։

Փաստաբանը պատասխանը ստանալուց օրեր անց դիմումով հայտնել է, որ չունեն տեղեկատվություն համարժեք համայնքային հողամասերի մասին՝ նշված տեղեկատվությանը տիրապետում է համայնքը, և խնդրել է քննարկել Հ. Աբաջյանին պատկանող հողամասը փոխանակել 300-500 քմ չափով, արտադրական նպատակային նշանակության հողամասով՝ մայրաքաղաքի ծայրամասում՝ հյուսիսային հատվածում կամ «Ինժեներական քաղաք» ծրագրով նախատեսված տարածքում կամ հենց Թբիլիսյան խճուղում։ Միաժամանակ պատրաստակամություն են հայտնել՝ քաղաքապետարանի հետ քննարկել համարժեք հողամասի փոխանակման այլ տարբերակներ և փոխհատուցել փոխանակման հետ կապված ծախսերը։

Նման առաջարկը ողջամիտ է՝ հաշվի առնելով, որ համայնքի ղեկավարը պարտավոր է իր իրավասության շրջանակում միջոցներ ձեռնարկել պաշտպանելու համայնքի բնակիչների ու տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով հենց համայնքի ղեկավարն է կազմում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, քաղաքաշինական գոտիավորման նախագիծը, դրանց փոփոխություններն ու նախագծման առաջադրանքները և Կառավարության սահմանած կարգով ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը:

Օրենքով համայնքի ղեկավարն է կազմակերպում համայնքի կոմունալ տնտեսության աշխատանքը, համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը, շահագործումը և այլն:

Նշված առաջարկներին քաղաքապետարանը նույնաբովանդակ պատասխաններ է տվել՝ Հմայակ Աբաջյանին պատկանող հողամասը համարժեք համայնքային հողամասի հետ փոխանակմանը հնարավոր կլինի անդրադառնալ Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագիծը հաստատելուց հետո։ 

Փաստաբան Ա. Անտոնյանը 2024թ. հոկտեմբերին դիմում է ներկայացրել՝ առաջարկը քննարկելու և համապատասխան ընթացք տալու խնդրանքով։

Այս դիմումին էլ Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետը «շաբլոնային» պատասխան է տվել. «Հարցի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ համապատասխան տեղի առաջարկի պարագայում»: 

Քանի որ գրագրությունն անարդյունավետ է եղել, Աբաջյանի ներկայացուցիչները հանդիպել են քաղաքապետարանի համապատասխան բաժնի ներկայացուցիչների հետ և պայմանավորվել, որ հողամասի փոխանակման համար երկուստեք համապատասխան առաջարկներ կներկայացնեն։

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հողամասերի աճուրդի վերաբերյալ հայտարարությունները, 2024թ. նոյեմբերի 29-ին առաջարկել են հողամասի փոխանակումը կատարել հենց Թբիլիսյան խճուղում աճուրդի դրված հողամասերից մեկի հետ՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով վճարել լրացուցիչ արժեքի համար։ Բացի այդ, խնդրել են նաև դիտարկել ինչպես աճուրդի դրված մյուս հողամասերը, այնպես էլ չդրված համայանքային այլ հողամասեր։ Վերոնշյալ դիմումին որևէ պատասխան չի տրվել։ 

«Մինչ օրս քաղաքապետարանի կողմից որևէ տարածքային առաջարկ չի ներկայացվել: Ավելին, մեր կողմից ներկայացված բոլոր աջարկները ևս մնացել են անպատասխան, իսկ 2021թ.-ից ներկայացվող դիմումներին համապատասխան և պատշաճ ընթացք չի տրվել, որի արդյունքում քաղաքացի Հմայակ Աբաջյանը փաստացի չի կարողանում իրականացնել իր իրավունքները՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող արտադրական տարածքում: Նշված հողամասը փաստացի մնացել է առանց որևէ շահագործման»,-նշում է Աստղիկ Անտոնյանը։

Փաստաբանի դիտարկմամբ՝ հարցը կարգավորելը Երևանի քաղաքապետի՝ օրենքով նախատեսված լիազորությունն է, մինչդեռ շուրջ 4 տարի է՝ դիմումներին տրվում են նույնաբովանդակ պատասխաններ՝ առանց խնդրի կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլերի։

Քանի որ քաղաքապետարանը պատշաճ քայլեր չի ձեռնարկել, 2025թ.-ի մայիսի 22-ին վարչապետի աշխատակազմի ղեկավարին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին են դիմումներ ուղարկվել: Սակայն, այդ դիմումները վերահասցեագրվել են Երևանի քաղաքապետարան, որտեղից տրվել է տարիներ շարունակ կրկնվող պատասխանը. «Հարցի քննարկմանը կանդրադառնան համապատասխան տեղի առաջարկի դեպքում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter