HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Ալյանս» ազատ տնտեսական գոտին լուծարվում է

«Ալյանս» ազատ տնտեսական գոտին լուծարվում է։ Որոշումը Կառավարությունն ընդունել է այսօր՝ օգոստոսի 7-ին։ 

Նշված ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը վերջին երկարաձգումից հետո սահմանվել էր 12 տարի, որն ավարտվում է այս տարվա օգոստոսին։ Կազմակերպիչ ընկերությունը՝ «Ալյանս Ֆեզ»-ը, դիմել է Կառավարություն՝ ներկայացնելով ազատ տնտեսական գոտու գործունեության երկարաձգման հայտ, ամփոփագիր և 2025–2035 թվականների զարգացման գործարար ծրագիր։

Այդ ծրագիրը քննարկվել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովում։ Հանձնաժողովի անդամներից երեքը գործարար ծրագիրը գնահատել են անցողիկ շեմից ցածր, որը հիմք է հանդիսացել, որ «Ալյանս Ֆեզ»-ի հայտին բացասական եզրակացություն տրվի։ 

Ինչպես նշված է «Ալյանս Ֆեզ»-ի պաշտոնական կայքում, «Ալյանս Ֆեզ» ՓԲԸ-ն ռուսաստանյան «ՌՏԻ Միկրոէլեկտրոնիկա» ընկերության («РТИ-микроэлектроника») 100% դուստր ընկերությունն է։

«Ալյանս» ազատ տնտեսական գոտին ստեղծվել է 2013 թվականին՝ Երևանի «Մերգելյան» ինստիտուտի (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ ) և «Մարս» գործարանի («ՌԱՕ Մարս» ՓԲԸ) տարածքներում։

Ի սկզբանե ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ընտրվել «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն, որը 2023 թվականին անվանափոխվել է «Ալյանս Ֆեզ» ընկերության։ 

Հայաստանում ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) ստեղծման հիմնական իմաստը կամ նպատակը պետք է լիներ տնտեսության զարգացումը, որը կհանգեցներ ներդրումների խթանման, արտահանման ավելացման և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով։ Այդ գոտիներում գործում են հատուկ, արտոնյալ պայմաններ, որոնք տարբերվում են ընդհանուր երկրի հարկային, մաքսային և վարչարարական քաղաքականությունից։

Սակայն, «Ալյանս»-ի պաշտոնական կայքի շահագործողներ բաժնում ներկայացված է ընդամենը 8 ընկերություն։ 

«Ալյանս» ԱՏԳ-ի գործառնական տեսակը սահմանվել էր որպես արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական՝ կազմակերպության կողմից ներկայացված ոլորտներում։ 

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում այս պահին գործում է չորս ազատ տնտեսական գոտի՝ «Ալյանս», «Մեղրի», «Էկոս» և «Մայլեռ»։ 

Թե ինչ հիմնավորմամբ է լուծարվում «Ալյանս»-ը, Էկոնոմիկայի նախարարությունից առայժմ չհաջողվեց պարզել։ «Ալյանս»-ի պաշտոնական կայքում տեղադրված համարներից մեկին պատասխանող տղամարդը հայտնեց, որ իրավասու չէ մեր հարցերին պատասխանել։ Մյուս հեռախոսահամարով, որը, փաստորեն, «Մարս» գործարանի հեռախոսահամարն է, աշխատակցուհին հրաժարվեց տրամադրել «Ալյանս Ֆեզ» ՓԲԸ տնօրեն Արմեն Խաչատրյանի հեռախոսահամարը։ Նշենք, որ Արմեն Խաչատրյանը նաև «Ռաօ Մարս» ՓԲԸ-ի տնօրենն է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter