HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վաշինգտոնում կայացան Թրամփ-Փաշինյան-Ալիև երկկողմ և եռակողմ հանդիպումները

Այսքանով մենք ավարտում ենք առցանց հեռարձակումը։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք ու հետևում էիք նաև «Հետք»-ի սոցիալական մեդիայի էջերին։

00:40

Ավարտվեց Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը։

00:37

⚡️⚡️⚡️Իլհամ Ալիև. Այսօր մենք մեր հայ գործընկերոջ հետ վերջակետ դրեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

00:36

Իլհամ Ալիև. Այսօր մենք նախաստորագրեցինք խաղաղության պայմանագիրը աշխարհի թիվ մեկ մայրաքաղաքում, թիվ մեկ նստավայրում։ Հատկապես՝ ԱՄՆ նախագահի մոտ, և դա չի թողնում կասկած, որ կողմերից որևէ մեկը կհրաժարվի։ Եթե ես կամ Փաշինյանը նման կասկած ունենայինք, այստեղ չէինք լինի։

00:34

Դոնալդ Թրամփ. Այս երկրներից (Հայաստան և Ադրբեջան, խմբ.) ո՞րը դիտարկեմ այցելելու համար, ո՞րն է ավելի լավը։

Իլհամ Ալիև․ երկուսն էլ։

00:32

Դոնալդ Թրամփ. Չեմ կարծում, որ կողմերը հրաժարվեն այս համաձայնությունից։ Եթե նրանք վեճեր ունենան, կարող են զանգել ինձ, մենք լուծում կգտնենք։

00:29

Իլհամ Ալիև. Մենք վարչապետ Փաշինյանի հետ կարող ենք պայմանավորվել և համատեղ դիմում կներկայացնենք Նոբելյան կոմիտեին՝ նախագահ Թրամփին ներկայացնելու Խաղաղության Նոբելյան մրցանակի։

00:28

Նիկոլ Փաշինյան. Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի, և մենք աջակցում ենք դրան։

00:27

⚡️Համատեղ հռչակագրով կողմերը հաստատում են իրենց ուղին՝ դեպի խաղաղություն, բարեկեցություն և կայունություն։

00:23

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ձեռքսեղման կադրերը։

00:22

Նիկոլ Փաշինյան. Համաձայնություն ենք ձեռք բերել՝ բացելու տարածաշրջանային հաղորդակացությունները՝ հիմնված տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների վրա։

00:21

Նիկոլ Փաշինյան. Այսօր հասել ենք կարեւոր հանգրվանի Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում։ Մենք անցյալում ունեցած պատմությունից ավելի լավ պատմություն ունենալու հիմքեր ենք դնում:

00:20

Նիկոլ Փաշինյան. ՀՀ-ն կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝ կյանքի կոչելու «Թրամփի երթուղին»։

00:19

⚡️Նիկոլ Փաշինյանը, Դոնալդ Թրամփը և Իլհամ Ալիևը համատեղ հռչակագիր ստորագրեցին։

00:19

Նիկոլ Փաշինյան. Այս բեկումնային առաջընթացը հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձանական ներգրավվածության եւ մեր տարածաշրջանում խաղաղության նկատմամբ նրա վճռական հանձնառության։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի մեր երկրների միջեւ տասնամյակներ տեւած հակամարտությանը վերջ դնելու համար եւ կբացի նոր դարաշրջան՝ հիմնված միամյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի վրա։ Այսօրվա հռչակագրերը, որոնք անձամբ կստորագրի նաեւ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ստորագրման արարողությանն անձամբ ներկա կլինի, վստահություն եւ երաշխիք է տալիս առ այն, որ մենք Հարավային Կովկասում բացում ենք խաղաղության, բարգավաճման, անվտանգության եւ տնտեսական համագործակցության էջը։

00:18

Նիկոլ Փաշինյան. Այս հաջողությունն անհնար կլիներ առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության ու վճռական հանձնառության՝ մեր տարածաշրջանում հաստատելու խաղաղություն։

00:17

Նիկոլ Փաշինյան. Շնորհավորում եմ բոլորիս, մեր տարածաշրջանի երկրներին, շնորհավորում եմ աշխարհին. սրա արդյունքում միանշանակ աշխարհն ավելի լավն է դառնալու։

00:13

Իլհամ Ալիև. Մենք կշրջենք առճակատման էջն ու կապահովենք լուսավոր ապագա մեր երեխաների համար։

00:12

Իլհամ Ալիև. Իրապես պատմական նշանակության օր է։ Այսօր մենք խաղաղություն ենք հաստատում Կովկասում։ Նախագահ Թրամփը խաղաղություն է բերում Կովկասում։ Եթե չլիներ նախագահ Թրամփը, Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեին չդադարող բանակցութնունների մեջ լինել։

00:08

Դոնալդ Թրամփ. Հայաստանը բացառիկ գործընկերություն է հաստատում ԱՄՆ-ի հետ՝ զարգացնելու այս միջանցքը, որը կարող է երկարացվել մինչև 99 տարի։ Ամերիկյան ընկերությունները անչափ հետաքրքրված են՝ միանալու ենթակառուցվածքների զարգացմանը։

00:07

⚡️⚡️⚡️ԱՄՆ-ն հանում է սահմանափակումները Ադրբեջանի հետ իր ռազմական համագործակցությունից։

00:05

Դոնալդ Թրամփ. Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ են հրադադարին, միմյանց ինքնիշխանության հարգմանը և առևտրի բացմանը։

00:04

Դոնալդ Թրամփ. Նոր երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա կապ հաստատել Նախիջևանի հետ՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։

00:02

Թրամփի խոսքով՝ ինքը չի խնդրել, որ երթուղին իր անունով լինի։ « Դա ինձ համար մեծ պատիվ է»,- հայտարարել է Թրամփը։

00:00

Դոնալդ Թրամփ. 35 տարի իրենք կռվել են ու հիմա երկար ժամանակ ընկերներ են լինելու։ Մեծագույն պատիվ է բոլորին ողջունել Սպիտակ տանը։ Երկու հրաշալի առաջնորդներին ուզում եմ ողջունել Վաշինգտոն գալու համար, որպեսզի ստորագրեն այս պատմական հռչակագիրը։

23:58

Այս պահին ուղիղ եթերով ընթանում է Թրամփ-Ալիև-Փաշինյան հանդիպումը։ Ելույթ է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

23:57

Մեկնարկել է Թրամփ-Ալիև-Փաշինյան հանդիպումը։

23:53

Associated Press-ը շարունակում է ուղիղ հեռարձակումը այս անգամ արդեն Սպիտակ տան ներսից։

23:52

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրառում է արել, որտեղ նշել է, որ Սպիտակ տանը կայացած հանդիպումներից հետո վարչապետը օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով առավոտյան 08:00-ին, Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին: 

23:50

Սպիտակ տուն ադրբեջանական պատվիրակության ժամանման կադրերը։

23:46

Սպիտակ տան մոտ ադրբեջանցիները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին։

23:43

Սպիտակ տանը Իլհամ Ալիևին դիմավորելու կադրերը։

23:40

Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նախատեսում է ստորագրել «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև՝ Ադրբեջանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության խարտիայի զարգացման նպատակով ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» փոխըմբռնման հուշագիր։

23:38

Իլհամ Ալիևին դիմավորելու ժամանակ լրագրողներից մեկը Դոնալդ Թրամփին հարցրել է, թե արդյոք վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն կլինի։ Ի պատասխան՝ Թրամփը նշել է. «Լիովին համոզված եմ»:

23:35

Կադրեր՝ Սպիտակ տանը երկկողմ և եռակողմ հանդիպումների նախապատրաստությունից։

23:32

Հանրային հեռուստաընկերությունը փոխանցում է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են նաև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման, Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործըթացի վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում:

23:31

Իլհամ Ալիևը ժամանել է Սպիտակ տուն։ Նրան դիմավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

23:27

Վաշինգտոնում ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը։ Շուտով կմեկնարկի հայ-ամերիկյան երկկողմ համաձայնագրի ստորագրումը։

23.23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորելու ժամանակ Սպիտակ տան բակում գտնվող լրագրողներից մեկը հարց է ուղղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Նախագահ Թրամփ, դուք ունե՞ք ուղերձ հալածված քրիստոնյա հայերին»,- ուղիղ հեռարձակման ժամանակ լսվում է լրագրողներից մեկի ձայնը։

Ի պատասխան՝ Թրամփը միայն շնորհակալություն է հայտնում և Փաշինյանի հետ մտնում Սպիտակ տուն։

23:19

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել.

«Պատերազմ այլևս չի լինելու:

Մեր երեխաներն այլևս չեն զոհվելու:

Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են:

Մեր տնտեսությունը շնչելու է: Ամեն օր մեր պետությունն էլ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու:

ԿԵՑՑԵ, Ապագան, որն այսօր ենք կերտում, Ապագա կա՜ , կա ապագա!

ԿԵՑՑԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ, 

Կեցցե այն իրական Հայաստանի Հանրապետությունը, որը մենք միշտ իրականում երազել ենք, որը հավետ է:»

23:17

Associated Press գործակալությունը ուղիղ միացմամբ հեռարձակում է իրականացնում Սպիտակ տնից։

23:12

Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

23:10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սպիտակ տուն։ Մուտքի մոտ նրան դիմավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վարչապետի պատվիրակության կազմում են նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Կոլաժը՝ jam-news.net-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter