HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

109 հաշմանդամ է պահվում քրեակատարողական հիմնարկներում

Հայաստանի 9 քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվում է հաշմանդամություն ունեցող 109 դատապարտյալ և կալանավորված անձ: Նրանց գերակշիռ մասն ունի ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում: Կալանավորված 5 անձ ունի ծանր և խորը, իսկ 16 դատապարտյալ՝ ծանր աստիճանի ֆունկցիոնալության խանգարում, ինչը նշանակում է, որ ունեն առողջական լուրջ խնդիրներ: Միայն «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հաշմանդամություն ունեցող անձինք չկան:

Հայտնի չէ, թե 109 ազատազրկվածից քանիսն է հաշմանդամություն ստացել քրեակատարողական հիմնարկում: Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը քրեակատարողական հիմնարկներում առաջին անգամ հաշմանդամության խումբ ստացածների վերաբերյալ վիճակագրություն չի վարում: Նման վիճակագրություն ունենալը շատ կարևոր է՝ բանտային կյանքի հետևանքները դիտարկելու համար, այնինչ Հայաստանում դա չի կարևորվում:

Ֆունկցիոնալության սահմանափակումը օրգանիզմի ֆունկցիաների և մարմնի կառուցվածքի, գործունեության և մասնակցության, միջավայրային գործոնների ազդեցության համատեքստում անձի հասարակական կյանքին մասնակցելու կարողության սահմանափակումն է:

ՔԿՀ հաշմ 1.jpg (128 KB)

Հարկ է նշել, որ եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը ցածր է 4%-ից, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, քանի որ գնահատման արդյունքներով նա չունի ֆունկցիոնալության էական սահմանափակում կամ խնդիր իր առօրյա կյանքում: Սահմանափակման 5-24% միջակայքում անձը ևս չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, քանի որ սահմանվում է ֆունկցիոնալության թեթև աստիճանի սահմանափակում: Սակայն, ըստ անհրաժեշտության, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ելնելով ֆունկցիոնալության գնահատման չափանիշներից ու գործիքներից՝ երաշխավորվում են ծառայություններ:

Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 25-49% միջակայքում է, ապա նա ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող, սահմանվում է ֆունկցիոնալության միջին աստիճանի, իսկ 50-74% միջակայքում՝  ծանր աստիճանի սահմանափակում: 75-100%-ի միջակայքում ֆունկցիոնալության սահմանափակման դեպքում սահմանվում է խորը աստիճանի սահմանափակում՝ ճանաչվելով հաշմանդամություն ունեցող:

Հաշմանդամություն ունեցող ազատազրկված անձանց զգալի մասը պահվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ 21 ազատազրկված, իսկ ամենաքիչը կանանց և անչափահասների համար նախատեսված «Աբովյան» ՔԿՀ-ում՝ 4 անձ:

ՔԿՀ հաշմ 2.jpg (163 KB)

Հարկ է նշել, որ 9 ՔԿՀ-ներում պահվող հաշմանդամություն ունեցող անձանց 76%-ը դատապարտյալի կարգավիճակ ունի, իսկ 24%-ը՝ կալանավորի:

Դատապարտյալների և կալանավորված անձանց ֆունկցիոնալության գնահատումն ու հաշմանդամության խումբ տալը իրականացվում է Կառավարության որոշմամբ և Առողջապահության նախարարի հրամանով:

ՔԿՀ հաշմ 3.jpg (194 KB)

Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024թ. գործունեության տարեկան զեկույցում նշված է, որ  ազատությունից զրկված անձանց նկատմամբ բժշկական օգնության և սպասարկման կարևոր չափանիշներից մեկը մարդասիրական աջակցությունն է: Վերոգրյալի հաշվառմամբ՝ քրեակատարողական հիմ­նարկում ազատությունից զրկված անձի մոտ առկա ծանր հիվանդությունը բուժելու կամ խնամքն ապահովելու անհնարինության դեպքում պետությունը պետք է հնարավորինս ապահովի ազատությունից զրկված անձանց խնամքը քրեակատարողական հիմ­նարկից դուրս կազմակերպելու, ազգականների կողմից խնամվելու և արժանապատիվ մահանալու հնարավորությունը:

Ինչպես նշված է ՄԻՊ-ի զեկույցում, մշտադիտարկման այցերի ընթացքում ազատությունից զրկված անձինք հայտնել են իրենց մտահոգությունը ֆունկցիոնալության գնահատման գործընթացի շրջանակներում անհրաժեշտ բժշկական հետազոտությունները պատշաճ չկազմակերպելու վերաբերյալ: Մասնավորապես, վերջիններս նշել են, որ ՊՈԱԿ-ի ստորաբաժանում­ների կողմից բժշկական հետազոտությունները կազմակերպվում են մեծ ուշացում­ներով: 

Դեպքեր են եղել, որ ազատազրկված անձը ֆունկցիոնալության գնահատման դիմումներ է ներկայացրել, սակայն ֆունկցիոնալությունը գնահատվել է 8 ամիս անց, այն էլ՝ ՄԻՊ-ի միջամտությունից հետո:

«Պաշտպան ընդգծում է, որ պատասխանատու գերատեսչությունների անգործության կամ գործունեությունը ոչ պատշաճ մեթոդաբանությամբ կազմակերպելու հետևանքով ազատությունից զրկված անձինք զրկվում են ինչպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու հնարավորությունից, այնպես էլ սոցիալական կարգավիճակից բխող լրացուցիչ սոցիալական իրավունքներից, այդ թվում՝ հաշմանդամության կենսաթոշակ ստանալու, ինչպես նաև սոցիալական աջակցության ծրագրերից և ծառայություններից օգտվելու հնարավորություններից»,-նշված է տարեկան զեկույցում:

Նշվածը հաշվի առնելով՝ կարող ենք ենթադրել, որ եթե քրեակատարողական հիմնարկներում ֆունկցիոնալության գնահատումն իրականացվի պատշաճ, ապա հաշմանդամություն ունեցող անձինք ներկայացվածից ավելի շատ կլինեն:

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter