
«Զանգեզուրի միջանցքը կդառնա Թրամփի վարձկանների գերեզման». Ալի Աքբար Վելայաթի
Իրանի իշխանությունները դեմ են, որ ԱՄՆ-ը ստանա Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կառավարումը։ Այդ մասին գրում է իրանական Tasnim գործակալությունը։
Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նշել է, որ Իսլամական Հանրապետությունը «թույլ չի տա, որ ստեղծվի այդ միջանցքը»։ Նրա խոսքով՝ այդպիսի ճանապարհը կվերածվի «Դոնալդ Թրամփի վարձկանների գերեզմանի», այլ ոչ թե ճանապարհի, որը պատկանում է ԱՄՆ նախագահին։
Վելայաթին հավելել է, որ Իրանը մշտապես դեմ է հանդես եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, քանի որ դա կհանգեցնի «Իրանի սահմանների վերանայմանն ու Հայաստանի անկմանը», ինչպես նաև սպառնալիքի տակ կդնի Հարավային Կովկասի անվտանգությունը։ Միջանցքի ստեղծումը նա անվանել է «Իրանի ու հարևան երկրների դեմ քաղաքական դավադրություն»։
«Արդյունքում, Իրանը պնդում է, որ կգործի Հարավային Կովկասի անվտանգության շահերին համապատասխան՝ Ռուսաստանի հետ կամ առանց նրա։ Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը ևս ռազմավարական տեսանկյունից դեմ է այդ միջանցքին»,- հայտարարել է Վելայաթին։ Նա նշել է, որ Իրանը «իրավունք ունի վճռական կերպով պաշտպանելու իր շահերը»։
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը հավելել է, որ Ադրբեջանին պետք չէ առանձին միջանցք, քանի որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում հայտնվելու համար կարող է օգտագործել Իրանի տարածքը։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարություն էր տարածել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրին։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կարծիքով՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը կարևոր քայլ է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ճանապարհին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադրությամբ հետևում է Անդրկովկասի տարածաշրջանում ընթացող գործընթացներին և այդ իրադարձությունների վերաբերյալ կապի մեջ է հարևան երկու երկրների՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ: <...> Ողջունելով երկու երկրների կողմից խաղաղության հռչակագրի տեքստի եզրափակումը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն այս իրադարձությունը կարևոր քայլ է համարում տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին»,- ասված է հաղորդագրության մեջ, որը տարածվել է Իրանի ԱԳՆ տելեգրամյան ալիքում։
Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ-ն «մտահոգություն է հայտնում ցանկացած տեսակի արտաքին միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ, որոնք խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը, հատկապես՝ ընդհանուր սահմանների մոտ»։
Իրանի ԱԳՆ-ը ընդգծել է, որ «հաղորդակցության ուղիների ստեղծումը և դրանց ցանցերի արգելափակման վերացումը կծառայեն տարածաշրջանի ժողովուրդների անվտանգությանը և տնտեսական զարգացմանը այն դեպքում, երբ դրանք կիրականացվեն փոխադարձ շահերի, երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության պահպանման շրջանակներում ու առանց արտաքին միջամտության»:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակում է, որ պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի հետ շարունակել արդյունավետ համագործակցությունը՝ պաշտպանելու տարածաշրջանի խաղաղությունն ու տնտեսական զարգացումը երկկողմ և տարածաշրջանային մակարդակներով, այդ թվում՝ տարածաշրջանային համագործակցության 3+3 հարթակի շրջանակներում, որը ներառում է Հարավային Կովկասի երկրները և Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։
Լուսանկարը՝ oc-media.org-ից
Մեկնաբանել