HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայում նեղսրտում են, որ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների հարթակը Մոսկվայից տեղափոխվել է Վաշինգտոն

Հայ-ադրբեջանական կարգավորման ներկա փուլը մեկնարկել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերակատարմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության ընդունմամբ: Նման հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հուշագիրը։

«Անհրաժեշտ է հիշել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերակատարմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական բոլոր գործողությունների վերաբերյալ։ Տարածաշրջանում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբ, որն անփոխարինելի ներդրում է ունեցել իրավիճակի կայունացման գործում։ Մենք միշտ կհիշենք մեր խաղաղապահներին, որոնք զոհվել են ծառայողական պարտականությունները կատարելիս»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Զախարովայի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցումը պետք է ինտեգրվի տարածաշրջանային համատեքստում ու հիմնված լինի շահերի հավասարակշռության վրա։ «Հարավկովկասյան երկու հանրապետությունների միջև խաղաղության հաստատման գործում կարևորագույն նշանակություն կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումն ու ուժի մեջ մտնելը: Երկու երկրների հաշտեցումը պետք է տեղավորվի տարածաշրջանային համատեքստում և հիմնված լինի շահերի հավասարակշռության, կողմերի ու հարևան պետությունների առաջնահերթությունների անվերապահ հարգանքի վրա»,- շարունակել է Զախարովան։

Զախարովան ընդգծել է, որ Հարավային Կովկասի խնդիրների լուծման լավագույն տարբերակը «տարածաշրջանի երկրների կողմից իրենց անմիջական հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի աջակցությամբ մշակված լուծումների որոնումն ու հետագա իրականացումն է»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ արտատարածաշրջանային խաղացողների ընդգրկումը պետք է աշխատի խաղաղության օրակարգի ամրապնդման ուղղությամբ ու չստեղծի լրացուցիչ դժվարություններ և բաժանարար գծեր։ «Կցանկանայինք խուսափել Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորմանը արևմտյան աջակցության տխուր փորձից: Հարավային Կովկասի օրինակներից է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը, որի գործունեությունը մշտապես նյարդայնացնում է տարածաշրջանների մյուս դերակատարներին»,- շարունակել է նա։

Զախարովայի պնդմամբ՝ ՌԴ-ն շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման գոտու ձևավորմամբ։ Ըստ նրա՝ կարևորագույն պայմաններից մեկը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումն է՝ հիմնված երկու երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու վրա։ «Հետևողականորեն աջակցում ենք բոլոր այն ջանքերին, որոնք նպաստում են տարածաշրջանային անվտանգության համար առանցքային այս նպատակին հասնելուն»,- հայտարարել է նա։

Այդուհանդերձ, Զախարովան հավելել է, որ ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը արժանի է դրական գնահատականի: «Հուսով ենք, որ այս քայլը կօգնի խաղաղության օրակարգի առաջմղմանը»,- հավելել է նա։

Հայտարարության վերջում Զախարովան նաև նշել է, որ ՌԴ-ն լրացուցիչ կվերլուծի վաշինգտոնյան հայտարարությունները, որոնք վերաբերում են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ «Այս ոլորտում արդիական են մնում Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները, որոնցից կողմերից ոչ մեկը դուրս չի եկել։ Կարևոր է հաշվի առնել նաև ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքին Հայաստանի անդամակցության գործոնը, մասնավորապես հանրապետության տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման հարցում: Չի կարելի անտեսել նաև այն փաստը, որ 1992 թվականի սեպտեմբերի 30-ի միջպետական պայմանագրին համապատասխան` Հայաստանի և Իրանի սահմանը պահպանվում է այնտեղ տեղակայված ռուս սահմանապահների կողմից»,- եզրափակել է Զախարովան։

Լուսանկարը` Наталья Селиверстова/РИА Новости 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter