HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տասնյակ տարիներով կասեցված դատական գործերը վերաբացվում են ու կարճվում

Գոհար Ղազարյանը 2004թ. երկու հայցադիմում է ներկայացրել Հայաստանի տնտեսական դատարան ընդդեմ «Զվարթնոց» ՍՊԸ-ի՝ շահաբաժնի և տոկոսներ բռնագանձելու և իր խախտված իրավունքների վերականգնման պահանջների մասին: Վարույթ ընդունելուց ամիսներ անց գործերի վարույթները կասեցվել են մինչև մեկ այլ գործի քննության ավարտը: Այս գործերի մասին Գ. Ղազարյանն արդեն մոռացել էր, իսկ տարիներ առաջ  լուծարվել է  ոչ միայն Տնտեսական դատարանը, այլև այն ընկերությունը, որի դեմ պահանջ էր ներկայացվել դատարան: Մոտ 20 տարի անց՝ 2023թ. ապրիլին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից անսպասելի ծանուցագրեր են ստացել գործերի վարույթը վերսկսելու մասին:

«Դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում թեև գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքը չի վերացել, սակայն միևնույն ժամանակ Դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ ամրագրված անձի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության և գործերի ողջամիտ ժամկետում քննության իրավունքից ելնելով` թիվ ԵԴ/13589/02/23 (Տ-1805) գործի վարույթը շուրջ 19 տարի կասեցված լինելու պայմաններում ենթակա է վերսկսման»,- այսպես է դատավոր Աշոտ Հովհաննիսյանը պատճառաբանել իր որոշումը՝ գործերից մեկի վարույթը վերսկսելու մասին:

Այդ գործով Գ. Ղազարյանը պահանջում էր ընկերությունից բռնագանձել 584 հազ. դրամ՝ շահույթի գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել օրենքով սահմանված տոկոսներ, քանի որ հիմնադրման օրվանից ի վեր իրեն շահաբաժին կամ որևէ այլ եկամուտ չի վճարվել:

Սակայն, 2023թ. հոկտեմբերի 31-ին գործի վարույթը կարճվել է, քանի որ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրության համաձայն՝ «Զվարթնոց» ՍՊԸ-ն լուծարվել է դեռևս 2006թ. ապրիլի 25-ին:

Մոտ 20 տարի դատարանում արդեն խունացած գործի քննությունն ավարտվեց այդպես էլ չլուծելով վեճը՝ փոշիացնելով գործը վերաբացած դատավորի որոշման աչք ծակող նախադասության ամբողջ իմաստը։ Իսկ ուր մնաց «անձի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության և գործերի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը»:

Մյուս գործով, որով Գ. Ղազարյանը պահանջում էր խախտված իրավունքների վերացում, կասեցվել է 2005թ. մարտի 28-ին, մինչև այլ դատական գործով ակտ կայացնելը: Սակայն, 2023թ. ապրիլի 4-ին գործը վերաբաշխվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին: Դատավորը 4 նիստ է հրավիրել, սակայն այդպես էլ գործի քննությունը չի ավարտել:

2025թ. փետրվարի 3-ից դադարեցվել են դատավոր Էդուարդ Ամալյանի լիազորությունները, և հայցադիմումը ներկայացնելու օրվանից մոտ 21 տարի անց գործի քննությունը սկսվել է սկզբից՝ այն մակագրվել է դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին:

Արդեն պարզ է նաև այս գործի ճակատագիրը: Չկա այն ընկերությունը, որի տնօրենի դեմ հայց է ներկայացվել՝ խախտված իրավունքները վերականգնելու պահանջով, սակայն ձևական կողմը պահելու համար շարունակում են ռեսուրս ծախսել «արդարադատություն» իրականացնելու և «ողջամիտ ժամկետում» քննությունն ավարտելու համար: Սա սրբագրումն է այն բանի, որ պետությունը տարիներ շարունակ փաստացի չի կատարել իր պարտականությունը՝ անձանց փաստացի զրկելով դատական պաշտպանության իրավունքից:

Իսկ ո՞վ պետք է հատուցի այս սխալների ու չիրականացված արդարադատության, քաղաքացիների վնասների համար:

Դատարաններում Գոհար Ղազարյանի ներկայացուցիչը եղել է քույրը՝ Ռուզաննա Ղազարյանը: Նա «Հետքի» հետ զրույցում ասաց, որ երբ 19-20 տարի անց դատարաններից ծանուցագրեր են ստացել, նորից վերապրել են կատարվածը, որի պատճառով էլ դիմել էին դատարան:

«Շատ եմ ուզում հավատալ, որ դատական և ամբողջ իրավապահ համակարգն ուզում է լավանալ: Միաժամանակ կուզեի իմանալ, թե կոնկրետ քա՞նի գործ է մեր գործերի նման արխիվից հանվել ու վերաբացվել, որովհետև, կարծում եմ, նախկին Տնտեսական դատարանի լուծարման հետևանքով նման գործերը բազմաթիվ կլինեն: Գործը ժամանակին քննելու դեպքում քաղաքացին 50 տոկոս հավանականությամբ, դատարանով կհաստատեր իր իրավունքը, և կօգտվեր իր իրավունքներից: 20 տարվա ընթացքում կազմակերպությունները կարող են վերացած լինել, և այդ կամ այլ պատճառով գործը կկարճվի, և քաղաքացին հանիրավի կզրկվի իր իրավունքներից, բնականաբար՝ ոչ իր մեղքով: Ո՞վ պետք է դրա համար պատասխան տա»,- ասում է Ռուզաննա Ղազարյանը:

Նա գործերի վերաբացումից հետո դիմել է թե՛ Արդարադատության նախարարություն, թե՛ Բարձրագույն դատական խորհուրդ՝ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար, սակայն այդպես էլ իրեն բավարարող պատասխաններ չի ստացել:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում 2024թ. փետրվարին լրացում է կատարվել, ըստ որի՝ «Դատական կազմի փոփոխության և գործը նոր դատավորի կողմից վարույթ ընդունվելու պարագայում այդ գործի կասեցված վարույթը կարող է վերսկսվել»։

Այս փոփոխությունը հնարավորություն տվեց դատարաններում շատ երկար ժամանակ կասեցված գործերի քննությունը վերսկսել նոր դատավորի կողմից՝ անկախ այն հանգամանքից, որ նախկինում դրանք անհասանելի էին մնում դատական կազմի փոփոխության կամ այլ օբյեկտիվ պատճառներով։ Օրենքում փոփոխությունը պաշտոնապես ուժի մեջ է մտել 2024թ. մարտի 1-ին։

Թեև գործերի քննությունները վերսկսում են, սակայն քաղաքացիների խախտված իրավունքները մնում են չվերականգնված:

Գոհար Ղազարյանի գործը միակը չէ, որ տարիներով ձգձգվում ու մաշվում է դատարաններում՝  ձեռքից ձեռք անցնելով:

Ն. Հովհաննիսյանը 2009թ. փետրվարին ամուսնալուծության պահանջով հայցադիմում է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դատավոր Ելենա Քոչարյանն ընդունել է վարույթ: Ամուսնու նկատմամբ հետախուզում է հայտարարվել, և գործի վարույթը նույն տարվա ապրիլին կասեցվել է:

Դատավոր Ե. Քոչարյանի պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ լիազորությունները 2023թ. նոյեմբերի 29-ից դադարեցվել են: Ամուսնալուծության գործը վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ռուբինա Աթոյանին: Դատավորը 2023թ. դեկտեմբերին վարույթ է ընդունել և թողել կասեցված:

2025թ. հունվարին դատարանը որոշում է կայացրել վերսկսել գործի քննությունը, քանի որ հետախուզման ինստիտուտը դեռևս նախկին քաղաքացիական դատավարության կարգավորումների պայմաններում վերացվել է:

Այդ ընթացքում հրավիրվել է երկու դատական նիստ և 2025թ. մայիսին դատարանը որոշում է կայացրել ամուսնալուծության պահանջով գործի վարույթը կարճել, քանի որ ամուսինը, ում դեմ հայց էր ներկայացվել, դեռևս 2018թ. հունվարին մահացել է: Այսինքն՝ մարդու մահից 7 տարի անց  դատարանը նոր միայն իմացել է այդ մասին և գործի վարույթը կարճել հայցադիմումը դատարան ներկայացնելուց 16 տարի հետո:

«Հետքը» դատական դեպարտամենտ հարցում էր ուղարկել՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ դատարաններում 8 և ավել տարի քննվող գործերի վերաբերյալ: Պատասխանում ասվում է, որ դեպարտամենտը վիճակագրություն կամ որևէ այլ հաշվառում չի վարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter