HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի պետական պարտքը սահուն մոտենում է 14 միլիարդ դոլարին

2025 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 13.9 մլրդ ԱՄՆ դոլար։ Սա արտաքին և ներքին պետական պարտքի հանրագումարն է։ Ինչպես վկայում են Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալները, տարեսկզբի համեմատ պարտքն աճել է 1 մլրդ դոլարով կամ 7.9%-ով։

Արտաքին պետական պարտքը, որը հիմնականում միջազգային պետություններից, կազմակերպություններից վերցված վարկերն ու փոխառություններն են, եվրոբոնդերի թողարկման արդյունքում կուտակված պարտքերը, այս հունիսի վերջի դրությամբ կազմել է 6.9 մլրդ դոլար։ Առաջին կիսամյակի ընթացքում արտաքին պարտքն աճել է 489 մլն դոլարով կամ 7.6%-ով։ 

Արտաքին պարտքի շարքին «դասվեց» նաև այս մարտին Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրոբոնդերի (եվրապարտատոմսերի) թողարկման արդյունքում ստացված 750 մլն ԱՄՆ դոլարը։ Եկել էր հին պարտքերը մարելու ժամանակը, և պետությունը այդ նպատակով նոր պարտք ներգրավեց։ Առաջին անգամ չէր, որ Հայաստանը դիմում էր եվրոբոնդերի օգնությանը։ 

Պետությունը նոր պարտքեր ներգրավելուն զուգահեռ մարում է հին պարտքերի տոկոսավճարներն ու մայր գումարները։

Միայն տոկոսավճարների գծով այս կես տարում պետական բյուջեից ծախսվել է 169.4 մլրդ դրամ։ Սա առավելապես ոչ թե արտաքին պարտքի գծով է (45.7 մլրդ դրամ), այլ ներքին (123.7 մլրդ դրամ)։ 

Հայաստանի ներքին պետական պարտքը հունիսի վերջի դրությամբ ևս շուրջ 6.9 մլրդ դոլար է։ Տարեսկզբի համեմատ այն ավելացել է 8.2%-ով կամ 521 մլն դրամով։

Հիշեցնենք, որ 2024 թվականի տվյալներով՝ պարտքի բեռը պահպանվել է ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում. Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48.3%: 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter