HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

60+ տարիքային խմբի շրջանում սոցիալական կայքերի կիրառումը վերջին տասնամյակներում աստիճանաբար աճում է

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյում գրառում է արել

«Հայաստանի չափահաս բնակչության 71 %-ն օգտագործում է Facebook, իսկ 60 %-ը՝ YouTube, Instagram-ն օգտվողների շրջանում կազմում է մոտ 33 %՝ ըստ «Կովկասյան բարոմետր»-ի (2021) տվյալների։ Համաձայն Digital Watch Observatory տվյալների՝ ինտերնետ օգտագործողների ընդհանուր հասանելիությունը Հայաստանում կազմում է ամբողջ բնակչության շուրջ 77%, իսկ Facebook օգտագործողների ընդհանուր թիվը գնահատվում է 1.6 միլիոն։

Ավագ սերնդի ներկայացուցիչների (օր.՝ 60+ տարիքային խմբի) շրջանում սոցիալական կայքերի կիրառումը վերջին տասնամյակներում աստիճանաբար աճում է, և դրա ազդեցությունը բազմակողմանի է՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերով։ Դրական ազդեցություններն արտահայտվում են հիմնականում սոցիալական կապերի պահպանմամբ և ընդլայնմամբ, այն հնարավորություն է մշտապես շփվել ընտանիքի, ընկերների, երբեմն՝ նաև հին ծանոթների հետ, օգնում է հաղթահարել միայնության զգացումը, հատկապես հեռավոր բնակավայրերում կամ առողջական սահմանափակումների դեպքում։ Նաև ստեղծում է սեղեկատվության և կրթական ռեսուրսների հասանելիություն, օրինակ` առցանց խմբեր, դասընթացներ և ուսուցողական վիդեոներ, որոնք կարող են օգնել զարգացնել նոր հմտություններ։ Սոցիալական կայքերի ճիշտ կիրառումը կարող է տալ որոշակի հոգեբանական բարեկեցություն, հետազոտությունները ցույց են տվել, որ սոցիալական ցանցերի չափավոր օգտագործումը կարող է բարձրացնել ինքնագնահատականը և տրամադրությունը, եթե շփումները դրական են։ Դրանք կարող են հնարավորություն ստեղծել նաև առողջապահական և համայնքային աջակցության տեսանկյունից` առցանց խմբեր առողջապահական խորհրդատվության համար (օր.՝ շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների կամ ֆիզիկական ակտիվության վերաբերյալ)։

Այս ամենի հետ առկա են նաև որոշակի բացասական ազդեցություններ`
Սոցիալական մեկուսացում, եթե առցանց շփումը փոխարինում է իրական հանդիպումներին, կարող է առաջանալ սոցիալական մեկուսացում։
Կեղծ տեղեկատվության և մանիպուլյացիաների ազդեցություն, ավագ սերունդը հաճախ ավելի քիչ թվային գրագիտություն ունի, ինչի պատճառով ավելի խոցելի է կեղծ լուրերի, ֆինանսական խաբեությունների նկատմամբ։

Առողջական խնդիրներ` երկարատև օգտագործումը կարող է առաջացնել տեսողության խնդիրներ, գլխացավեր կամ քնի, հենաշարժական համակարգի խանգարումներ։
Թվային հմտությունների ճնշում` տեխնոլոգիական անորոշությունը և պլատֆորմների արագ փոփոխությունները կարող են առաջացնել սթրես և դժգոհություն։

Տարեցների շրջանում սոցիալական կայքերի օգտագործման մասին Հայաստանի հետ կապված հստակ տվյալներ առկա են միայն ընդհանուր բնակչության համատեքստում։ Սակայն մեզ հասանելի տվյալներից կարելի է մոտավոր եզրակացություններ կազմել՝ ինչպես ընդհանուր, այնպես էլ տարիքային առումներով:

Այսպես` «Կովկասյան բարոմետր»-ի (2021) տվյալներով, Հայաստանի չափահաս բնակչության 71 %-ն օգտագործում է Facebook, իսկ 60 %-ը՝ YouTube, Instagram-ն օգտվողների շրջանում կազմում է մոտ 33 %։

Ըստ NapoleonCat տվյալների՝ 2023 թվականի վերջի տվյալներով Facebook օգտագործողների թիվը կազմում է բնակչության 78.2% (նրանց թվում՝ 55-64 տարեկանների մոտ 10.8 %, իսկ 65+ տարիքի՝ 7.5 %)։ 2025 թվականի հունիսին տվյալները քիչ են փոփոխվել. Facebook-ի բաժանորդները կազմում են 78.5%, իսկ 65+ տարիքային խմբում՝ 8%։

Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ տարեց խումբն ունի սոցիալական ցանցերի (հատկապես Facebook-ի) որոշակի ներկայացվածություն, չնայած այն էական փոքր է երիտասարդ խմբերի համեմատ, սակայն արդեն նշանակալի՝ 5–8 %–ի չափով։

Համաձայն Digital Watch Observatory տվյալների՝ ինտերնետ օգտագործողների ընդհանուր հասանելիությունը Հայաստանում կազմում է ամբողջ բնակչության շուրջ 77%, իսկ Facebook օգտագործողների ընդհանուր թիվը գնահատվում է 1.6 միլիոն։

Այսպիսով, վերջին (2025 թ. տվյալներով), Facebook-ի ընդհանուր օգտատերերի 8%-ը կազմում են 65+ տարիքային խմբի ներկայացուցիչները։ Այս տվյալները ցույց են տալիս, որ տարեց մարդիկ, մասնավորապես սոցիալական կայքերից առավել շատ օգտվում են Facebook-ից, զգալիորեն պակաս՝ Instagram-ից կամ Messenger-ից, իսկ՝ Instagram-ի օգտատերերի մեջ 65+ տաիքը կազմում է ընդամենը մոտ 3–4 %։

Այս տվյալներն օգնում են հասկանալ տարեցների թվային ներգրավվածությունը Հայաստանում և պլանավորել ավելի նպատակային ուսուցողական կամ առողջության, սոցիալական աջակցության միջամտություններ թվային միջավայրում:
Ի տարբերություն Հայաստանի` Միացյալ Նահանգներում 2025 թ.–ի տվյալներով, 65+ տարիքային խմբում սոցիալական ցանցերի օգտագործման մակարդակը կազմել է 45%։ YouTube-ն այս խմբում ունի 60%, Facebook–ը՝ 58% օգտատերեր։

Եվրոպական մի քանի երկրների տվյալները ըստ Pew Research–ի, սոցիալական ցանցերի օգտագործումը Գերմանիայում ընդհանուր հասանելիության մեջ տարեցների 51%–ը օգտագործում է սոցիալական ցանցեր։ ԵՄ–ում՝ 2020 թ.–ին, տարեցների (65–74) շրջանում սոցիալական ցանցերում ներգրավվածություն է ունեցել միջինը 18%։

Այսպիսով, ՀՀ ավագ սերնդի թվային ներգրավվածությունն (8 %) բավականին ցածր է համեմատած ԱՄՆ–ի (45 %) կամ Մեծ Բրիտանիայի (մոտ 83 %) հետ: Դա կարող է պայմանավորված լինել ինտերնետ մուտքի, թվային հմտությունների, չափավոր կենսակերպի և կրթական տարբերություններով։ Եվրոպական միջին` 18 %–ը ցույց է տալիս, որ Հայաստանում այս ցուցանիշը դեռ գտնվում է զարգանալու փուլում, հատկապես երբ շատ երկրներում սոցիալական մեդիայի օգտագործումը տարեցների շրջանում կազմում է 30–60 % միջակայք։

Որպես ամփոփում ներկայացնում ենք որոշ խորհուրդներ այս տարիքային խմբի շրջանում նորագույն տեխնոլոգիաների հավասարակշռված օգտագործման համար`

• Կազմակերպել հատուկ դասընթացներ ավագ սերնդի համար՝ թվային հմտությունների և կիբերանվտանգության թեմայով։

• Խրախուսել առցանց շփումները լրացնել իրական հանդիպումներով և համայնքային միջոցառումներով։

• Օգտագործել սոցիալական ցանցերը նպատակային՝ ուսուցման, հոբբիների և առողջության կառավարման համար»,-ասված է գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter