
Որոշում է կայացվել հանրության շրջանում հեծանիվները՝ որպես երթևեկության միջոց առավել ակտիվ օգտագործելու ուղղությամբ
ԿԳՄՍ-ից հայտնում են, որ կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատվել է հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման անցկացման կարգը, որն ուղղված է հեծանիվները՝ որպես երթևեկության միջոց, առավել ակտիվ օգտագործելուն:
«Ծրագրի շրջանակում ուսումնական հաստատությունների ուսանողները, աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները հնարավորություն կունենան օգտվելու հեծանիվ ձեռք բերելու համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումից։ Ըստ հիմնավորման՝ միջոցառումը դրական ազդեցություն կունենա թե΄ հանրության շրջանում ֆիզիկական առողջ ակտիվության բարձրացման, թե΄ հանրային երթևեկության այլընտրանքային ձևերի զարգացման վրա:
Միջոցառման շրջանակում վարկառուն վարկ ստանալու նպատակով դիմում է ֆինանսական կազմակերպությանը՝ բացի բանկի ներքին ընթացակարգերով պահանջվող փաստաթղթերից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
ա. տեղեկանք ՀՀ տարածքում գործող արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթական ծրագիր իրականացնող պետական կամ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունից (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) տվյալ ուսումնական հաստատության սովորող կամ աշխատող հանդիսանալու վերաբերյալ,
բ․ որպես վարկառու ուսումնական հաստատության սովորողի կամ աշխատողի ընտանիքի անդամ հանդիսանալու դեպքում՝ ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:
Ֆինանսական կազմակերպության կողմից գնահատվում է վարկառուի վարկավորման պայմանների համապատասխանությունը միջոցառման և կարգի պայմաններին, որոշում է կայացվում վարկ տրամադրելու վերաբերյալ: Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ([email protected]) պայմանագրով սահմանված ձևաչափով նախարարություն է ներկայացվում սուբսիդավորման գումարի փոխանցման վերաբերյալ հայտ: Նախարարությունը հայտը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրա համապատասխանությունը որոշման և սույն կարգով սահմանված պահանջներին (պահանջները բավարարող շահառուն ինքնաշխատ եղանակով համարվում է միջոցառման շահառու) և պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետում ապահովում է շահառուների մասով սուբսիդավորման ենթակա գումարների փոխանցումը ֆինանսական կազմակերպության հատուկ հաշվին: Վարկի հետ կապված ֆինանսական կազմակերպությունների ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (սպասարկման վճար, միջնորդավճարներ): Վարկը տրամադրվում է միանվագ՝ միայն անկանխիկ եղանակով:
Միաժամանակ նշվում է՝ «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառում» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ հեծանիվներ ներկրող և մեծածախ վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ քննարկման արդյունքում ստացվել են մի շարք առաջարկություններ: Մասնավորապես՝ բուհերի ներկայացուցիչների կողմից առաջարկվել է հեծանիվ վարող դասախոսների և ուսանողների համար կազմակերպել hեծանվային կրթական արշավներ, ներբուհական զեղչեր կիրառել այն ուսանողների նկատմամբ, ովքեր կօգտվեն ծրագրից, պարգևատրել հեծանիվ վարող դասախոսներին, կազմակերպված հեծանվային միջոցառումների մասնակից բուհերի և քոլեջների ուսանողներին:
Որոշման ընդունմամբ նախատեսվում է 2025 թվականի համար պահանջվող ծախսերը (ըստ կից ներկայացված հաշվարկի՝ 11,3 մլն դրամ) կատարել ԿԳՄՍ նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակում, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսական միջոցները կներառվեն 2026 թվականի բյուջետային հայտի նախագծում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել