
Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը ծանոթացել է կանաչ քաղաքաշինության ոլորտում Կորեայի փորձին
Քաղաքաշինության կոմիտեիից հայտնում են, որ կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին։
«Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է կանաչ քաղաքաշինության, շենքերի էներգաարդյունավետության, խելացի քաղաքների կառավարման, «BIM» տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ Կորեայի փորձը, և քննարկվել են վերջինիս տեղայնացման վերաբերյալ հարցեր։
Պատվիրակության այցը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի, Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության ու Քաղաքաշինության կոմիտեի համագործակցությամբ իրականացվող «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. շենքերի էներգաարդյունավետության բարելավում» ծրագրի շրջանակում։ Աշխատաժողովին մասնակցել են նաև Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչները։
Կոմիտեի աշխատակիցները եղել են Բուսան քաղաքում նոր կառուցված «ECO DELTA SMART VILLAGE» խելացի գյուղում, ծանոթացել խելացի բնակավայրերի ստեղծման առաջադեմ լուծումներին: Այնուհետև կայացել են հանդիպումներ ոլորտային կազմակերպությունների հետ՝ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով։ Ուլսան քաղաքում՝ Կորեայի էներգետիկ գործակալության գլխամասային գրասենյակում, ներկայացվել են «խելացի շենքերի» կառավարման համակարգերը, նորարարական շինարարական նյութերը և կառուցվածքների մոնիթորինգի մեթոդները։
Այնուհետև պատվիրակությունը եղել է «Nowon EZ Center», «LG Science Park» նորարարական կենտրոններում և «Samsung Electronics»-ի գրասենյակում, ծանոթացել քաղաքաշինական ժամանակակից մոդելներին, ինտեգրված ենթակառուցվածքային լուծումներին, տվյալահեն կառավարման գործիքներին ու շինարարական գործընթացի կազմակերպման տեխնիկական լուծումներին։
Մայրաքաղաք Սեուլում անցկացված պաշտոնական նիստի ընթացքում կողմերը ներկայացրել են ամփոփիչ զեկույցներ և քննարկել համագործակցության հետագա ընթացքը՝ ներառյալ վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հնարավորությունը։
Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումները, Հայաստանի կանաչ քաղաքաշինության ոլորտի մարտահրավերները՝ կարևորելով բնակարանային ֆոնդի արդիականացման, էներգաարդյունավետության բարելավման նպատակով Կորեայում կիրառվող լուծումների ներդրման, շենքերի կառավարման գործընթացում արհեստական բանականության կիրառման և ՀՀ-ում գործող նորմերի արդիականացման անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել