
Գյումրին «թույլ» ծրագրով և միայն գեղեցիկ տողերով զարգացնելու հեռանկարին դեմ արտահայտվեցին բոլոր խմբակցությունները
«Ինչպես նավը կանվանես, այնպես էլ կնավարկես»,- ծով դուրս գալուց առաջ հպարտորեն հայտարարեց նավապետ Վրունգելը՝ մատնացույց անելով նավախելին փակցրած «Победа» (Հաղթանակ) անվանումը: Սակայն, ճակատագրի հեգնանքով, նավը բաց ծով դուրս եկավ, որպես «Беда» (փորձանք)՝ ափից պոկվելու ընթացքում կորցնելով այնքան կարևոր երկու տառերը: Գրեթե վրունգելյան ոճով՝ «Գեղեցիկ տողեր, թույլ ծրագիր», առաջիկա 5 տարվա «նավարկությունից» առաջ, նման գնահատանքի արժանացավ Գյումրու ղեկավարումը ստանձնած իշխող ուժի հեղինակած հնգամյա զարգացման ծրագիրը, որն ավագանու անդամների դատին հանձնվեց օգոստոսի 14-ին:
Հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծում:
Թե որքանով էր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիմը կարողացել «տնային աշխատանքը» լավ կատարել, պարզ դարձավ քննադատություններից, որոնք հնչեցին նիստին մասնակից գրեթե բոլոր խմբակցությունների կողմից:
Ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն առաջինը հայտարարեցին 122 թերթից բաղկացած ծրագրում իրենց հայտնաբերած թերությունները: Ըստ ՔՊ-ականների, գեղեցիկ փաթեթավորման տակ շատ դեպքերում բացակայում են լուրջ հիմնավորումներն, իսկ տեղ-տեղ էլ առկա են խոր հակասություններ: Խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանին հետաքրքրում էր, թե ինչպես են պատասխանատուները գյումրեցի լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի անվան պուրակի ստեղծման համար առանձնացրել մի հողատարածք, որ համայնքապատկան չէ, այլ պատկանում է ֆիզիկական անձի: «Սեփականատիրոջ հետ մենք լեզու կգտնենք, հարցը կլուծվի»,- վստահեցրեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: «Իսկ եթե չգտնե՞ք,- հակադարձեց Մինասյանը,- իսկ ավելի լավ չէր լինի սկզբում խնդիրները լուծել, նոր մտցնել ծրագիր»:
Ավագանու ընդդիմադիր խմբակցությունը՝ բաղկացած 14 անդամից, համայնքի զարգացման ծրագրի, այսպես կոչված «սևագրման» փուլում, որևէ մասնակցություն չի ունեցել, անգամ հանրային քննարկմանը չուներ ներկայացուցիչ: «Զարգացման ծրագիրը սովորաբար գրում է իշխող թիմը: Մենք՝ որպես ընդդիմադիր կողմ, չէինք էլ կարող ներգրավված լինել: Ծրագիրը բավականին մանրամասն ուսումնասիրել ենք և այսօր հայտնեցինք մեր բոլոր մտահոգություններն ու դիտողությունները: Փաստաթուղթը թույլ էր, այս տեսքով առաջ շարժվել ու փորձել աշխատել առաջիկա 5 տարիներին, անթույլատրելի է,- «Հետք»-ի հետ զրույցում նկատեց ՔՊ խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը։- Նախ ընդհանուր տրամաբանությունը մեզ համար պարզ չէր: Որպես զարգացման ծրագիր ինքը պետք է լինի շոշափելի, չափելի, օրգանիկ լինի, որ յուրաքանչյուր ոք փաստաթուղթը ձեռքը վերցնելիս հասկանա, ասենք, օրինակ, մեկ տարվա ընթացքում նախատեսվում են այսպիսի աշխատանքներ, հինգ տարում ակնկալում ենք այսպիսի արդյունքներ: Եվ դա, բնականաբար, թվերով պիտի տեսանելի ու չափելի լինի, ինչը մենք չտեսանք: Ուղղակի գեղեցիկ նախադասություններ էին, մերկապարանոց հայտարարություններ: Եվ մեր դիտողություններին էլ, որ պարոն քաղաքապետն արձագանքում է, թե ինքը վատ ժառանգություն է ստացել, եկեք չմոռանանք, որ հենց իր ստեղծածն է ժառանգել: Չէ՞ որ մշտապես ու ամեն պատեհ առիթի չի մոռանում հիշեցնել, թե 13 տարի ղեկավարել է քաղաքն ու թե ինչեր է ստեղծել»:
Քնարիկ Հարությունյանի համոզմամբ, պատասխանատվության առյուծի բաժինը քաղաքի կառավարումը ստանձնած ուժինն է։ Խմբակցությունները ինչ ծրագրեր էլ ներկայացնեն, իրագործող կողմը իշխող ուժն է, մյուսներին վերապահված է վերահսկողի դերը:
«Մեր քաղաքը» խմբակցությունը՝ Լիզա Գասպարյանի ղեկավարությամբ, շատ ակտիվ աշխատել էր ծրագրի նախնական փուլում՝ հանդես գալով մի շարք առաջարկներով և նախագծերով: Թերևս միակ խմբակցությունն էր, որ ներկա էր եղել զարգացման ծրագրի հանրային քննարկմանն ու հարցեր ուղղել, նաև առաջարկներ արել փաստաթղթի հեղինակներին:
«Մենք առաջարկել էինք 5 ծրագիր, սակայն ընտրվեց երկուսը, որից մեկը՝ մասնակի կրճատումներով: Մեզ անհանգստացնում է Գյումրու որոշ փողոցներում հետիոտների անվտանգ անցման խնդիրը: Այդ նպատակով առաջարկել էինք վերնանցումներ կառուցել Սայաթ-Նովայի, Տերյան փողոցներում և Երևանյան խճուղում, սակայն ընտրվեց միայն Տերյան փողոցը: Ընտրված մյուս ծրագիրը, որ ընդգրկվելու է հնգամյա զարգացման ծրագրում, մշակութային է, վերաբերում է Գյումրիում հայտնի «կինոների բակին»: Առաջարկել ենք կա՛մ ասֆալտապատել, կա՛մ քարե սալիկներով բարեկարգել բակը, նորոգել պատշգամբների բազրիքները և այլն: Ցավոք, երկու շատ կարևոր առաջարկ, որ որակապես կարող էին փոխել Արցախ և Մուշ թաղամասերի բնակիչների կյանքը, մերժվեցին,- նկատեց Լիզա Գասպարյանը։ - Այս ամենից զատ, մենք բազմաթիվ թերություններ ու բացթողումներ էինք հայտնաբերել, որոնց մասին բարձրաձայնել ենք: Օրինակ՝ շատ տարօրինակ է, որ դու ունես բազմաթիվ խնդիրներով համայնքային ենթակայության տակ գտնվող մի քանի թանգարան, բայց չգիտես ինչու երկու ծրագիր ես ներառում միայն Ասլամազյան քույրերի պատկերասրահի մասով: Կամ՝ քաղաքում ունես քարուքանդ «Հաղթանակի» այգի, բայց հնգամյա զարգացման ծրագրում ընդգրկում ես մասնավորին հանձնած «Բարեկամության» այգին: Չի ընդգրկված նաև Իսահակյանի այգին: Անգամ գրություն ենք ուղարկել, որ հասկանանք, թե այդ ինչ դարակազմիկ ծրագրեր են իրականացնելու այդ այգում, և առ այս պահը պատասխան չունենք, որ գոնե առաջարկով հանդես գանք»:
«Իմ հզոր համայնք» խմբակցությունից հարցեր հնչեցին, որոնք վերաբերում էին Սևյանի մշակույթի պալատին, նաև կենտրոնական շուկային, որոնք ընդհանրապես արտացոլված չէին համայնքի հնգամյա զարգացման ծրագրում, հնչեցին քննադատություններ տուրիզմի բնագավառի թերի ներկայացվածության վերաբերյալ: Խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք առաջին անգամ չէ, որ անդրադառնում են տուրիզմի խնդրին, սակայն դեռևս որևէ դրական տեղաշարժ չեն նկատել:
«Ի սկզբանե ասել ենք ու մշտապես էլ պնդելու ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է Գյումրի քաղաքում ունենալ կայուն միջոցառումների ցանկ, որոնք կդառնան քաղաքի այցեքարտը: Կարող եմ խոսել օրինակներով: Տեսեք, 2019թ․-ին, իմ նախաձեռնությամբ ու մասնակցությամբ, Գյումրիում առաջին անգամ մեծ տոնախմբությամբ նշվեց Վարդավառը: Հաջորդ տարիներին որևէ մասնակցություն չեմ ունեցել այդ ուրախ տոնախմբությանը, բայց կարող էին գաղափարը վերցնել, հարստացնել, ինչ-որ ինքնատիպ բաներ ավելացնել ու դարձնել այցեքարտ, չի արվել: Ես համարում եմ, որ Գյումրու խորհրդանիշերից մեկը՝ ֆայտոնը, կարող է դառնալ ևս մեկ շատ հետաքրքիր ու յուրօրինակ միջոցառման հիմք, կարող է լինել ամենամյա ու կրկին բազմաթիվ զբոսաշրջիկների բերել Գյումրի:
Յուրաքանչյուր ոք, ով ուզում է գնալ Բրազիլիա և մասնակցել կառնավալին, վստահ եմ, որ դրան պատրաստվում է ամիսներ առաջ: Մենք ևս պետք է ունենանք օրացուցային միջոցառումներ: Մարդիկ պետք է հստակ իմանան, որ ասենք՝ էս ինչ ամսվա էս ինչ օրը, ամեն տարի, իրենք կարող են գալ ու մասնակցել տվյալ տոնախմբությանը: Ցավոք չունենք: Գյումրին մի տեսակ էքսկուրսիոն քաղաքի իմիջից չի կարողանում ձերբազատվել,- շեշտեց Ռուբեն Մխիթարյանը,- իսկ մեզ պետք են գաղափարներ ու ծրագեր, որոնք զբոսաշրջիկին քաղաքում կպահեն գոնե 4 օր»:
«Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավարի կարծիքով, պարզապես տարվա կտրվածքով գրել 5 փառատոն, կամ 5 մշակութային միջոցառում՝ առանց մանրամասնելու, առանց նկարագրության, առանց թվային վերլուծության, անթույլատրելի է: «Հնգամյա զարգացման ծրագրում կարդում ենք հետևյալ տողերը, որ ինչ-որ քաղաքներ են ընտրվել Իսպանիայում, Ֆրանսիայում ու Իտալիայում և նախատեսվում են ուղևորություններ՝ իբրև կապերի հաստատման համար: Ի՞նչ կապեր, կոնկրետ ի՞նչ ծրագրերի իրականացման շրջանակում, ի՞նչ նպատակով, այդ ամենից ի՞նչ օգուտ կլինի քաղաքին, նշված չէ,- տարակուսեց զրուցակիցս։ -Դե եկեք մի 10 քաղաք ընտրենք ու մի քանի հոգով գնանք ման գանք, վերադառնանք, հետո էլ ասենք բան չստացվեց: Սա փնթի մոտեցում է քաղաքին, քաղաքի զարգացմանը, քաղաքի ծրագրերին»:
Նիստի ընթացքում հնչող քննադատություններին և տարատեսակ դիտարկումներին ի պատասխան, քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անընդհատ հիշեցնում էր, որ Գյումրին չունի մայրաքաղաքին համարժեք ֆինանսավորում կամ գոնե դրա կեսը, այդ պատճառով էլ չեն կարող շատ ծրագրեր ընդգրկել: Ներկաներին չհամոզեց նաև փաստարկը, որ ներկա տեսքով ու բովանդակաությամբ հաստատվելու դեպքում հնգամյա զարգացման ծրագիրը հետագայում կլրամշակվի:
Խմբակցություններից «Քաղաքացիական պայմանագիրը» և «Մեր քաղաքը» հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու հնգամյա զարգացման ծրագրին, իսկ Ռուբեն Մխիթարյանը հորդորեց այն ուղարկել լրամշակման: Հայտարարված 15 րոպե ընդմիջումից հետո քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջարկեց հարցը հանել նիստի օրակարգից, տալ 10 օր ժամանակ՝ նոր առաջարկների ընդունման, եղած թերությունների վերացման, առկա ծրագրերի լրամշակման համար:
Մեկնաբանել