
Փաշինյանը և Փեզեշքիանը ստորագրել են համատեղ հայտարարություն. երկու երկրների միջև ստորագրվել են այլ փաստաթղթեր ևս
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։
Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Մասնավորապես, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2027թթ. (համապատասխանաբար՝ 1404-1406 արեգակնային տարեթիվ) քաղաքական խորհրդակցությունների մասին» հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին:
Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Իրանի ստանդարտների ազգային կազմակերպության միջև ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի միջև:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սալեհի Ամիրին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարության միջև մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում 2025–2029 թվականների համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԻԻՀ հանքարդյունաբերության նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև քաղաքաշինության և շինարարության ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության սննդի և դեղերի կառավարման վարչության միջև բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի միջև:
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ Ռաեդ Ֆարիդզադեն ստորագրել են «Հայաստանի ազգային արխիվի և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարանի և արխիվի (ԻԱԳԱ) միջև» փոխըմբռնման հուշագիր:
Ստորագրվել է «Հայաստանի ազգային գրադարանի և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարանի և արխիվի միջև» փոխըմբռնման հուշագիր՝ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի և ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Այուբիի միջև:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Այուբին ստորագրել են «Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև թանգարանային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, կինոմատոգրաֆիայի, աուդիովիզուալ կազմակերպության նախագահ Ռաեդ Ֆարիդզադեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հայաստանի կինոյի հիմնադրամի և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության Կինոյի և տեսալսողական հարցերի կազմակերպության միջև կինոփոխանակումների և համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:
Մեկնաբանել