
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների կրթության աջակցության վերաբերյալ հայտարարություն
Մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Արցախից բռնի տեղահանված ուսանողների կրթության աջակցության վերաբերյալ։
«2023 թվականից ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ծրագրեր՝ նպաստելու կրթության իրավունքի ապահովմանն ու վերջիններիս ինտեգրմանը։
Այդ ծրագրերը աջակցում են մինչև 2024-2025 ուսումնական տարի ընդունված ուսանողներին։
2025-2026 ուսումնական տարում բուհեր ընդունված, բռնի տեղահանված ուսանողները, սակայն, զրկված են աջակցության նման հնարավորությունից, քանի որ այդ ծրագրերը նրանց վրա չեն տարածվում։ Ինչը խոչընդոտում է բռնի տեղահանված ուսանողների կրթության իրավունքի իրացմանն ու սոցիալական ինտեգրմանը։ Ավելին, հաշվի առնելով բռնի տեղահանված արցախցիների ընտանիքների սոցիալական վատ վիճակն ու պետական աջակցության ծրագրերի կրճատումները, այս ուսանողների կրթության իրավունքի ապահովումը սեփական միջոցներով դառնում է անհնարին, քանի որ վերջիններիս ընտանիքները չեն կարող ապահովել ուսման վարձերի վճարումը։
Հաշվի առնելով բռնի տեղահանված ուսանողների և նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական խոցելիությունը, կրթության իրավունքի երաշխավորման անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ մի խումբ կազմակերպություններով դիմել ենք ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով կատարել համապատասխան փոփոխություններ և ընդառաջել 2025-2026 ուսումնական տարում ընդունված բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցմանը։
Այս աջակցությունը կնպաստի ուսանողների կրթության շարունակականությանը, սոցիալական ինտեգրմանը և հավասար հնարավորությունների ապահովմանը։
Հայտարարության տեքստն ամբողջական՝
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության աջակցության վերաբերյալ»։
Մեկնաբանել