«Ես որպես նախարար ձեր թիկունքին եմ»,- ասել է առողջապահության նախարարը Գեղարքունիքի մարզ այցելության ժամանակ
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր կրկին Գեղարքունիքի մարզում էր: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ այս անգամ նա եղավ Վարդենիսի, Մարտունու և Գավառի բուժհաստատություններում:
Վարդենիսի բժշկական կենտրոնում խնդիրները բազմազան են` մասնագետների ու սարքավորումների պակաս, անբարեկարգ շենքային պայմաններ:
Մարտունու ծննդատունը թեև տասը տարի առաջ է վերանորոգվել, սակայն սեփական միջոցներով իրականացվող ընթացիկ նորոգումների շնորհիվ բարվոք վիճակը պահպանվում է, ինչը ևս նպաստում է, որ ծնունդների արտահոսք չլինի:
Տարիներ շարունակ օրակարգում է Մարտունու բժշկական կենտրոնի շենքի հարցը: Հսկայական կառույցում ծավալված ծառայությունները թերբեռնվածությամբ են աշխատում: Դերենիկ Դումանյանը հանձնարարեց Առողջապահության ծրագրերի իրականացման գրասենյակին առաջիկա շաբաթվա ընթացքում մասնագետների հատուկ խումբ ուղարկել տեղում հարցը ուսումնասիրելու և արդիականացման առաջարկներ ներկայացնելու նպատակով:
Դրան հակառակ, Գավառի բժշկական կենտրոնը, որ 2011 թվականին հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով, համապատասխանում է եվրոպական ժամանակակից չափորոշիչներին: Վիրահատարանները, անհատական ծնարանները, բոլոր բաժանմունքները հագեցած են վերջին սերնդի սարքավորումներով:
Նախարար Դումանյանն ամենուր ծանոթացավ մատուցվող ծառայությունների կազմակերպմանը, բուժաշխատողների հետ քննարկեց նրանց մտահոգող հարցերը, ներկայացրեց մարզերում առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված քայլերն ու առաջիկա անելիքները:
«Իմ ուշադրության կենտրոնում մարզային առողջապահությունն է: Լավ ծանոթ եմ ձեր բազմաթիվ խնդիրներին: Եվ եկել եմ ասելու, որ, որպես նախարար, ձեր թիկունքին եմ լինելու: Եկեք միմյանց սատարենք: Դուք ձեր արդյունավետ բուժումով, հիվանդների նկատմամբ ուշադիր և հոգատար վերաբերմունքով ոչ միայն բժշկի հեղինակությունը կբարձրացնեք, այլև նախարարության: Դուք նախարարության դեմքն եք մարզում, իսկ ես` ձեր ներկայացուցիչը կառավարությունում: Ես էլ պարտավորվում եմ ամեն ինչ անել, որ ձեր աշխատանքային պայմանները բարելավվեն, աշխատավարձերը բարձրանան: Այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր արվել են», - բուժաշխատողների հետ հանդիպումների ժամանակ ասաց Դերենիկ Դումանյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում յուրաքանչյուր մարզ կհամագործակցի մայրաքաղաքի բազմապրոֆիլ կլինիկաներից մեկի հետ, որոնց մասնագետները ժամանակ առ ժամանակ կլինեն մարզերում և տեղում մասնագիտական աջակցություն կցուցաբերեն։ Իսկ մարզային բժիշկների վերապատրաստումները կկազմակերպվեն հենց այդ կլինիկաներում:
Դերենիկ Դումանյանը նաև նշեց, որ հզորացվում է գլխավոր մասնագետի ինստիտուտը: Մարզերը ևս կունենան նման մասնագետներ, ովքեր կհամագործակցեն հանրապետության գլխավոր մասնագետների հետ:
Ի պատասխան բժիշկների հարցման` նախարարը մասնրամասնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության առողջապահության նախարարության պետքարտուղար Թոմաս Իլկայի հետ նախօրեին ստորագրած փաստաթղթով ակնկալվող համագործակցության շրջանակները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել