HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Բագրատ Սրբազանը հորդորեց դատարանին իրեն չդիմել Վազգեն Գալստանյան անունով. կայացավ «Սրբազան պայքար»-ի գործով առաջին նիստը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր մեկնարկել է «Սրբազան պայքարի» գործով առաջին նիստը։ Մինչ դատական նիստի մեկնարկը, Բագրատ Սրբազանը նիստերի դահլիճում գտնվողներին դիմեց՝ միասին աղոթելու խնդրանքով։

Այս գործով մեղադրյալները 18-ն են։ Նրանցից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Վազգեն Գալստանյանն, իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024թ. նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով։ Այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Նիստի մեկնարկին նախագահող դատավորին իրենց դժգոհությունը հայտնեցին մեղադրյալների պաշտպանները՝ նշելով, որ այն նիստերի դահլիճը, որտեղ անցկացվում է դատական նիստը, շատ փոքր է, տարրական պայմաններ ապահովված չեն, համակարգիչները դնելու տեղ չունեն, իրենց պաշտպանյալների հետ շփվել չեն կարող։ Դժգոհությանը միացան նաև լրագրողները՝ խնդրելով դիտարկել նիստն այլ դահլիճում անցկացնելու հնարավորությունը։

«Հաջորդ դատական նիստին ավելի մեծ դահլիճ կփորձենք ապահովել, որպեսզի վարույթի մասնակիցները, պաշտպանները, մեղադրյալները և լրագրողները հնարավորություն ունենան ավելի մեծ դահլիճում գտնվել»,- հայտնեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Դատավորը ճշտեց մեղադրյալների ինքնությունը, առաջինը խնդրեց ներկայանալ և կենսագրական տվյալներ հայտնել Վազգեն Գալստանյանին։

«Պարզապես դատարանին հարգելով եմ արձագանքում։ Վազգեն Գալստանյանը 1995-ին մահացել է, ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ, գիտեմ դատական կարգը, բայց իմ առաջարկը, հորդորն է, որ դիմելիս Վազգեն Գալստանյան չդիմեք, հասկանալով, որ կարող եք պատճառաբանել, որ քաղաքացիական դիմում է, ես իմ անունից չեմ հրաժարվում, բայց ես Բագրատ Գալստանյանն եմ 1995-ից»,- պատասխանեց նա։

Դատավորը կենսագրական տվյալներ սկսեց հարցնել, թե երբ և որտեղ է ծնվել, այնուհետև հարցրեց. «Նախկինում չդապարատվա՞ծ եք»։

«Երբեք հնարավորություն էլ չեմ ունեցել… Շատ մեծ պատիվ է ինձ համար այսօր այս դատարանում կանգնած լինել իմ ընկերների հետ միասին, ինչպես ասացիք, գողացված կենսագրությամբ, և որոշակի իմաստով իմ հայրենիքի պատիվը փրկելու համար»,- պատասխանեց նա։

Լսելով մյուս մեղադրյալներին՝ դատավորը որոշեց ընդառաջ գնալ պաշտպանների խնդրանքին, նիստը հետաձգեց և նշանակեց վաղը՝ օգոստոսի 20-ին՝ ժամը 14.30-ին՝ նշելով, որ այն կկայանա ավելի ընդարձակ դահլիճում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter