
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
«Սրբազան պայքար»-ի գործով հերթական նախնական դատական լսումների մեկնարկից մեկ-երկու րոպե անց նիստն ընդմիջվեց 10-15 րոպեով։ Պատճառն այն էր, որ մեղադրյալների պաշտպաններից ոմանք չէին ներկայացել։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը ժամանակ տրամադրեց, որ փաստաբանները ներկայանան, նոր մեղադրյալների խափանման միջոցի հարցը քննարկվի։
Ընդմիջման ժամանակ դրսում հավաքված «Սրբազան պայքար»-ի աջակիցներին ոստիկանները թույլ չէին տալիս մտնել դատարան։ Պաշտպան Մկրտիչ Դավթյանը դրսում հայտնեց՝ ոստիկանն իր ընկերոջն է խփել։ Բացի այդ, փաստաբանները հայտարարեցին, որ բոյկոտում են դատական նիստը և չեն մասնակցելու, քանի որ վստահ են՝ արդարադատություն չի իրականացվում։
Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։ Նրանցից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Ընդմիջումից հետո դատավոր Ֆարխոյանը հայտարարեց՝ դատարանի համար տարօրիանկ է, որ 10-15 րոպե ընդմիջումից հետո պաշտպանները չեն ներկայացել։ Դատավորը նշեց, որ սա իրավունքի չարաշահում է։
Դատավոր Ֆարխոյանը հայտարարեց, որ անցնում է մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցի հարցի քննարկմանը՝ անտեսելով այն հանգամանքը, առաջնահերթության կարգով պաշտպանները միջնորդել էին հստակ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցի հարցը քննարկել։
«Պաշտպանը ցանկացած ժամանակ կարող է գնալ արձակուրդ, բայց պաշտպանը քաջատեղյակ է, որ քրեական վարույթը գտնվում է դատարանում, և առնվազն 14-օրյա ժամկետում պետք է քրեական վարույթի նախնական դատալսումների որոշում կայացնել և հրատապ հարցերի քննարկում կատարել այդ ժամկետում։ Այս ամենը գիտակցելով՝ 3 պաշտպան՝ Հովսեփ Սարգսյանը, Լիպարիտ Սիմոնյանը և Ռուբեն Մելիքյանը, վերջին երկուսը նիստերի դահլիճից հեռացան՝ նշելով, որ չեն գալու։ Վերջիններիս բացակայությամբ կքննարկվի խափանման միջոցի հարցը»,- նշեց դատավոր Ֆարխոյանը։
Դատարանը սկսեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերաբերյալ խափանման միջոցի հարցը քննարկել։
Մեղադրյալները տեղից դժգոհություն հայտնեցին՝ ասելով, որ փաստաբաններն են հստակ ծանոթացել մեղադրական եզրակացությանը, հիմա իրենք մենակ են, մեղադրողներն ինչ ուզեն, կասեն, և սա իրենց իրավունքների ոտնահարում է։
Այնուամենայնիվ, դատարանը որոշեց շարունակել Բագրատ արքեսպիկոպոս Գալստանյանի խափանման միջոցի քննությունը։
Հանրային մեղադրողը միջնորդեց մեղադրյալ Գալստանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով։
«Ըստ էության, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ներկայացվող առերևույթ հանցավոր արարքների կատարման մեջ ամենաակտիվ դերակատարումը հենց մեղադրյալինն է։ Վարույթի անխոչընդոտ ընթացքն ապահովելու համար դատարանը մշտապես պետք է տեղյակ լինի մեղադրյալի գտնվելու վայրի վերաբերյալ»,- իր խոսքում նշեց հանրային մեղադրողը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնեց, որ չէր պատրաստվում որևէ ձևով առարկել, ուղղակի ցավում է, որ այսքան ժամանակ են վատնում ավելորդ լսելու համար. «Փառք Աստծո, որ ինձ հնարավորություն է տրվել իմ հայրենիքի, իմ պետության համար պայքարի մեջ եմ եղել իմ կամքով, և մարդկային որևէ տեսակ, պաշտոն, փող չի կարող էդ պայքարից ինձ հետ պահել, մանավանդ՝ վախեցնել կալանքով։ Եթե ես երկրից փախնող լինեի, ես կանադական անձնագիր ունեի, գիտեի՝ երբ եք գալու խուզարկության, վաղուց կգնայի։ Այդ երկրի դեսպանը ցանկություն է հայտնել ինձ հանդիպելու, մերժել եմ, որովհետև առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ, և իմ պետության վրա օտար մարդ չեմ բերի, ինչպես այսօրվա գերագույն ստախոսը»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ մեղադրանքն իր համար հասկանալի չէ։
Դատարանը որոշեց մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը երկարաձգել 3 ամիս ժամկետով, քանի որ խափանման միջոց կալանքի հիմքերը և պայմանները չեն նվազել, չեն փոխվել։
«Խոչընդոտելու և հանցանք կատարելու ռիսկերն այս պահի դրությամբ բարձր են, այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը»,- իր որոշումն այսպես մեկնաբանեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Դատարանի որոշումից հետո ապակուց այն կողմ նստած աջակիցները վանկարկեցին՝ «ամո՜թ, ամո՛թ»։
Արման Իսրայելյանի, Վահագն Չախալյանի, Արթուր Սարսգյանի, Արսեն Ղազարյանի կալանքը ևս երկարաձգվեց 3 ամսով։
Դատարանը միայն Արա Ռոստոմյանի նկատմամբ որպես խափանման միջոց որոշեց կիրառել տնային կալանք 3 ամիս ժամկետով՝ համակցված բացակայելու արգելքի հետ։ Նաև նրան թույլատրվեց շաբաթական երկու անգամ, պատկան մարմինների ուղեկցությամբ, այցելել «Եռաբլուր»՝ որդու շիրիմին:
Մեկնաբանել