
Կստեղծվի նոր ներկրվող տրանսպորտային միջոցներին համապատասխան տեխնիկական սպասարկման կայան
Կառավարությունը հայտնում է, որ ընդունել է «Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման (դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների ծրագրին հավանություն տալու մասին» որոշում:
Ըստ հիմնավորման՝ Երևանի Էլեկտրատրանսպորտի վարչական մասնաշենքը կառուցվել է 1950-ական թվականներին և առ այսօր չի հիմնանորոգվել: Շենք-շինությունները գտնվում են անմխիթար վիճակում:
Հիմնավորման համաձայն՝ քաղաքային էլեկտրատրանսպորտի զարգացման, նոր տրոլեյբուսների և էլեկտրաբուսների ներկրմամբ ազգաբնակչության տրանսպորտային պահանջները էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցներով ապահովելու համար` անհրաժեշտ է ստեղծել նոր ներկրվող տրանսպորտային միջոցներին համապատասխան տեխնիկական սպասարկման կայան։ Մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 955,276.5 հազար դրամ:
Գործադիրը հաստատել է միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց մաս հանդիսացող թունելների ցանկը: Ըստ այդմ՝ ներկայացվում են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների երթուղիները, ինչպես նաև Անդրեվրոպական ճանապարհային ցանցի ճանապարհների և Ասիական ավտոմոբիլային մայրուղիների պայմանանիշները։
Մեկնաբանել