Ճանապարհների վիճակի բարելավման աշխատանքներին կուղղվի ևս 9.6 մլրդ դրամ
Կառավարության որոշմամբ 9.6 մլրդ դրամ կհատկացվի հանրապետության ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման, վերակառուցման, կառուցման, դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման, նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման, ավարտված շինարարական աշխատանքների (5%) և տեխնիկական և հեղինակային հսկողության մատուցված ծառայությունների, ինչպես նաև ներքոնշյալ ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների վճարման համար:
Նախատեսված հիմնանորոգվող, վերակառուցվող, կառուցվող և միջին նորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 115.35 կմ, որից՝ հիմնանորոգվող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 0.9 կմ, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 11.5 կմ և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 42 կմ, իսկ ճանապարհների միջին նորոգման ընդհանուր երկարությունը՝ 60.95 կմ: Տրանսպորտային օբյեկտներից՝ 1 հատ վերակառուցվող հենապատ։
Վարչապետը թվարկել է այն ծրագրերը, որոնք որոշմամբ ֆինանսավորում են. Գյումրի քաղաքից մինչև ՀՀ սահման տանող ավտոճանապարհի 0.9 կմ հատվածի հիմնանորոգում, Վեդի քաղաքով անցնող ավտոճանապարհի 3.8 կմ հատվածի հիմնանորոգում, Արազափից-Արգավանդ տանող ավտոճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգում, Շորժա-Վարդենիս ավտոճանապարհից դեպի Ջիլ բնակավայր տանող ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող 3․1 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում, Գեղարքունիքի Մարտունի քաղաքից մինչև Ներքին Գետաշեն բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցի խաչմերուկ տանող ավտոճանապարհի 3.4 կմ հատվածի հիմնանորոգում, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի գյուղ Բերդկունքի կենտրոնական փողոցի 0.7 կմ հատվածի ասֆալտապատում, Մ-3 միջպետական ավտոճանապարհից դեպի Միխայլովկա բնակավայր տանող ավտոճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգում, Մ3 միջպետական ավտոճանապարհից դեպի Մեծավան և Ձյունաշող բնակավայրեր տանող ավտոճանապարհի 8.5 կմ հատվածի հիմնանորոգում, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 2․3 կմ հատվածի հիմնանորոգում, Գյումրի քաղաքից Այգաբաց բնակավայր տանող ավտոճանապարհի 10.4 կմ հատվածի հիմնանորոգում, Գյումրի քաղաքի Շիրակացի և Խորենացի փողոցների 2.4 կմ հատվածի վերանորոգում, Սիսիանից դեպի Աշոտավան և Թասիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհի 10կմ հատվածի հիմնանորոգում, Եղիպատրուշ բնակավայր տանող ճանապարհից դեպի «Մայլեռ» լեռնային հանգստավայր տանող 3 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 43-րդ կմ-ում փլուզված ստորին հենապատի վերակառուցում, Գյումրուց մոտեցում օդանավակայանին (աջ և ձախ գոտիներ) 3.9 կմ հատվածի միջին նորոգում, Բավրայից դեպի ՀՀ սահման 1.2 կմ հատվածի միջին նորոգում, Չարենցավանից դեպի Գագարին 15.2 կմ հատվածի միջին նորոգում, Գագարինից դեպի Սևան 13 կմ հատվածի միջին նորոգում, Ծովագյուղից դեպի Դիլիջան թունելի 2.4 կմ հատվածի միջին նորոգում, Գեղամասարից դեպի Փոքր, Մեծ Մասրիք և Վարդենիս 19 կմ հատվածի միջին նորոգում, Սարդարապատից դեպի Այգեվան և Լենուղի 6․2 կմ հատվածի միջին նորոգում, Ոսկեպարից դեպի Բաղանիս միջին նորոգում, Բայանդուրից դեպի Գյումրի միջին նորոգում:
Նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայություններ՝ Մ-3 ավտոճանապարհի Ռյա Թազա բնակավայրով անցնող հատվածում ջրահեռացման կարգավորում, Մ-4 ավտոճանապարհի Երևան - Դիլիջան հատվածում լուսավորության համակարգի կառուցում: Ավարտված աշխատանքների վճարում՝ Դիլիջանի ոլորաններից դեպի Դիլիջանի օղակաձև հանգույց 5 կմ հատվածի հիմնանորոգում, Մ-2-ից Անգեղակոթով դեպի Շաղաթ 8 կմ հատվածի հիմնանորոգում:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, 2025 թվականին արդեն 205 կմ ճանապարհ է ամբողջությամբ ասֆալտապատվել:
Երկրի ղեկավարը նշել է՝ հընթացս որակի հետ կապված պահանջները պետք է ավելի բարձրանան: Նիկոլ Փաշինյանը ճանապարհների կառավարման հարցում կարևորել է քաղաքացիների ներգրավվումը և անդրադարձել համապատասխան հավելվածներին: Վարչապետը կարևորել է դրանց վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու անհրաժեշտությունը
Լուսանկարը՝ «Հետք»-ի, արխիվային
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել