HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջանցելու համար թուրք-սաուդական տանդեմը...Իրան. քաղաքական շաբաթւայ տեսութիւն

Իրանական շաբաթասկիզբը նշանաւորւեց դառնաղէտ պատահարով` շուրջ 6.5 ռիխտերի ուժգնութեան երկրաշարժով, որը ցնցեց, աւերեց երկրի Արեւելեան Ատրպատականի շրջանում գտնւող տասնեակ քաղաք-գիւղեր, մարդկային 100-աւոր զոհեր ու վիրաւորներ, ինչպէսեւ նիւթական ահռելի վնասներ պատճառելով: Յատկանշականը, սակայն, երկրաշարժից ժամեր անց ողջ Ատրպատական նահանգի կառավարական-ժողովրդական միաւորների, իսկ յաջորդ օրը ողջ երկրի համապատասխան կարելիութիւնների մոբիլիզացումն էր` ինչքան շուտ փրկարարական-օժանդակ քայլերն ու աշխատանքները նպատակին ծառայեցնելու համար: Յատկապէս, ժողովրդական-մարդասիրական տարբեր կարգի ինքնաբուխ քայլերը հանդիսացան այն խթանիչ ազդակը, որը մղեց կառավարութեանը, որպէսզի բոլոր տուժածներին փոխհատուցելու (թէ’ նիւթապէս, եւ թէ’ բարոյապէս) ծրագրերը օր առաջ կեանքի կոչելու համադրութիւններ կատարւեն` ներգրաւելով պետական-նախարարական համապատասխան բոլոր միաւորներին: Կառավարութիւնը, սակայն, խոստացել է մինչեւ աշուն իրականացնել վերականգնողական բաւարար աշխատանքներ, որպէսզի ոչ մի անօթեւան բնակիչ կրկնակի չտուժի մօտալուտ եղանակային-կլիմայական աննպաստ պայմաններում...

* * *

Ներքաղաքական դաշտում դեռեւս տիրական է կայուն իրավիճակը` կառավարամէտ ու ոչ-կառավարամէտ պահպանողականների (արմատական հոսանք) միջեւ շարունակւող հակամարտութիւնը, որի կիզակէտը երկրում տիրող սոցիալ-տնտեսական ձախորդ քաղաքականութիւնն է, որն էլ ամենից շատն է պախարակւում պրն. Ահմադինեժադին քննադատողների ճամբարում: Գնաճ, գործազրկութիւն, արդիւնաբերութեան տկարացում, ներմուծումների անխնայ հոսք, գիւղատնտեսութեան անկում եւ ...., ահա այն իրողութիւններն են, որոնք մշտապէս բարձրաձայնւում են ի դէմ գործադիրի: Եւ հաշւի առնելով այն հանգամանքը, որ նման իրողութիւնները լուսարձակի տակ են առնւում նաեւ հոգեւոր-կրօնական խաւի ազդեցիկ դէմքերի եւ ինչու ոչ տեղ-տեղ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի կողմից նաեւ, պէտք է ակնկալել, որպէսզի ապագայ նախագահական ընտրութիւններում յաղթանակ ապահովւի թէեւ նոյն քաղաքական հոսանքի` պահպանողական-արմատական թեւի, բայց առաւել բանիմաց թիմով հանդէս եկող նախագահի օգտին:

Միւս կողմից, եթէ նախագահ Ահմադինեժադի եւ իր թիմակիցների (յատկապէս նախագահի աշխատակազմի ղեկավար Ռահիմմաշային, որը նաեւ «ամբաստանւում է» գաղափարական-քաղաքական շեղումներ ու հերձւածներ թոյլ տալու եւ նախագահին մոլորեցնելու մէջ...) հակամարտութիւնը ընդդիմախօսների հետ առանցքում ունի ներքին տնտեսական-հասարակական տարակարծութիւնների հիմք, այդպէս չէ, սակայն, միւս` սկզբունքային տարակարծութիւններ ունեցող, նախորդ իշխանութեան քաղաքական ուժի` բարենորոգչական հոսանքի ներկայացուցիչների մօտ, որոնք ուղղակիօրէն ու միանշանակ ընդդիմադիր են պահպանողականների վերջին շուրջ 8-ամեայ ժամանակաշրջանի թէ' ներքին, եւ թէ' առաւել եւս արտաքին տնտեսական-քաղաքական ընդհանուր ուղղութեանն ու ռազմավարութեանը: Սրանց կարծիքով` երկիրը այսօրւայ կացութեամբ դէմ-յանդիման է կանգնել ներքին ու արտաքին անվտանգութեան մարտահրաւէրների առջեւ, որոնք արդիւնքն են Ահմադինեժադի (որպէս պահպանողականների ներկայացուցիչ) ապիկար ու ծայրայեղական քաղաքականութիւնների... Եւ ըստ նոյն հիմնաւորումների` բարենորոգչականները թէպէտ խոստովանում են իրենց (որպէս կազմակերպականօրէն ջլատւած հոսանք) կազմակերպական-կուսակցական խոցելիութեան մասին, բայցեւայնպէս` չեն բացառում, որ ժողովուրդը,- ինչպէս դա ապացուցեց 1997-ին նախագահ Խաթամիի ընտրութեամբ,- այս անգամ եւս սրընթաց ու անսպասելիօրէն կարող է կողմնորոշւել բարեկարգչականների օգտին, ընտրելով նրանց կողմից առաջադրւած հաւանական նախագահի թեկնածուին...,- «8 տարի անց, ահա, հերթը մերն է...», շեշտում են նրանք:

Ինչ խօսք, սա ամբողջովին օրինաչափ երեւոյթ է Իրանի նման երկրում, որտեղ պատմականօրէն էլ փաստւած է, որ կառավարականը, օրէնսդիրը, հոգեւոր-կրօնականը եւ թէ' պարզ քաղաքացին խորքում պետականամէտ են ու առաջնահերթօրէն կողմնորոշւում են ազգային ու պետական շահերի անվտանգութեան պահպանման օգտին: Իսկ փաստ է, որ դրա արտայայտման լաւագոյն ցուցանիշ են կարող հանդիսանալ 2013-ի գարնան նախագահական ընտրութիւնները:

* * *

Արտաքին քաղաքական ոլորտում անցնող շաբաթը կարելի է բնորոշել իրանական դիւանագիտութեան ակտիւութեամբ, երբ հէնց նախորդ շաբաթավերջում ԱԳՆ-ն նախաձեռնել էր թեհրանեան համաժողովը` Սիրիայի օրակարգով, որտեղ ներգրաււել էին աւելի քան 30 ասիական, արեւելաեւրոպական, աֆրիկեան ու հարաւամերիկեան երկրների ներկայացուցիչներ (ի դէպ, սոյն համաժողովին ՀՀ-ի կողմից որպէս ներկայացուցիչ` մասնակցում էր Թեհրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը), որոնք համաժողովի աւարտին հրապարակեցին մի յայտարարութիւն, որը.

1- Բացառում էր արիւնալի բախումների շարունակումը` Սիրիայում.

2- Խստօրէն մերժում էր արտաքին ուժերի կողմից Բաշշար Ասադին ընդդիմադրողների սպառազինումը.

3- Առաջարկում էր Սիրիայի տագնապի արդարացի լուծման գործում ստեղծել միջնորդ-շփման մի խումբ, որը փոխարինելու է ՄԱԿ-ի կողմից նշանակւած Աննանի խաղաղարար առաքելութեան հրաժարեալ խմբին:

Թեհրանեան համաժողովին, սակայն, հետեւեց քլինթոնեան այցը Թուրքիա, որտեղ էլ վերջինս խիստ քննադատեց Իրանի կեցւածքը` սիրիական տագնապում: Քլինթոնի այցին գրեթէ միաժամանակ Թուրքիայի կողմից փոխվարչապետի մակարդակով հնչեցւեց հակաիրանական յայտարարութիւն, ըստ որի` «Անկարան Իրանին դիմակայելու գործում պատրաստ է ամէն քայլի...»: Փոխվարչապետը իր այդ յայտարարութիւնը «հիմնաւորում» էր նրանով, որ «Քուրդ անջատողականները հակաթուրքիա իրենց գործողութիւնների համար ներխուժում են իրանական սահմանից...» եւ որ «Իրանը հովանաւորում է «ՓՔՔ»-ին»:

Արտաքին քաղաքական ոլորտի իրանական յաջորդական քայլը հանդիսացաւ անցնող երկու օրերին Ս. Արաբիայում կայացած Իսլ. երկրների համաժողովին նախագահ Ահմադինեժադի, ինչպէս եւ ԱԳնախարար Սալեհիի մասնակցութիւնը: Սիրիայի խնդրով պայմանաւորւած Իրան-Ս. Արաբիա վերջին շրջանի ոչ-բարեկամական ու լարւած յարաբերութիւնների առկայութիւնը թէեւ չէր ենթադրում նման այց եւ որ նոյնիսկ Իսլ. խորհրդարանի մի խումբ պատգամաւորներ էլ նախագահի այցին վերապահութեամբ էին վերաբերւում, բայցեւայնպէս` Ահմադինեժադը դեռ մէկ օր համաժողովից առաջ մեկնեց Մեդինա, Մեքքա եւ ապա` Ջեդդա, որտեղ էլ համաժողովի ծիրում երկկողմ առանձին հանդիպումներում մասնաւորապէս Սիրիայի հարցով ու այդ խնդրում իսլամական երկրների դիրքորոշումների մասին Իրանի սկզբունքային կեցւածքներն արտացոլեց:

Յատկանշականը, սակայն, Ահմադինեժադ-Գիւլ-Դաւութօղլու, ինչպէս եւ Ս. Արաբիայի խալիֆայի հետ ՙջերմ՚ հանդիպումներն էին, որոնք, ինչպէս շատ շուտ պարզւեց, դիւանագիտական արգասիքներով չեն ուղեկցւել, քանզի ինչպէս սպասելի էր` հէնց սոյն երկրների գլխաւորութեամբ, համաժողովը հաստատեց հռչակագիր, որով Իսլ. կոնֆերանսի կազմակերպութեան անդամակցութիւնից զրկւում էր (առկախւում) Իրանի ռազմավարական դաշնակից Սիրիան...:

Սա երեւի նախերգանքը պէտք է համարել մօտակայում թեհրանեան Ոչ-յանձնառու (Չմիաւորւած) երկրների շարժման համաժողովի, որին աւելի քան 100 երկրների բարձրաստիճան պատւիրակութիւններ 5 օրերի ընթացքում քննարկելու են թէ' շրջանային, եւ թէ' միջազգային հրատապ իրադարձութիւնները:

Իրանը, սակայն, փորձելու է որպէս տւեալ համաժողովի «հերթապահ» ու նաեւ որպէս գալիք երեք տարիների կոնֆերանսի նախագահ` տարածաշրջանային ու մասնաւորապէս Սիրիայի տագնապի առչնութեամբ դեւիդենտներ կորզել, որպէսզի գէթ այդպիսով շրջանցւի թուրք-սաուդական շրջանային տանդեմը:

Դերենիկ Մելիքեան

«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter