«Սրբազան պայքարի» գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի ձվածեղ պատրաստելը ներառված է նրա մեղադրանքի հիմքում
«Սրբազան պայքար»-ի գործով շուրջ 7 ժամ տևած նախնական դատական լսումների ժամանակ դատարանը մեղադրյալներ Տիգրան Գալստյանի, Կարո Օկումուշյանի, Տիգրան Թոփալյանի, Մովսես Շարբաթյանի, Իգոր Սարգսյանի, Դավիթ Գալստյանի, Միհրան Մախսուդյանի, Արմեն Ալեքսանյանի, Հայկ Շահնազարյանի կալանքը երկարաձգեց ևս 3 ամսով։
Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։ Նրանցից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Գործով մեղադրյալներից միայն Աղվան Արշակյանն էր մինչ այս պահը գտնվում տնային կալանքի տակ։
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը վերջինիս տնային կալանք խափանման միջոցը կալանքով փոխարինելու միջնորդություն ներկայացրեց. «Գտնում եմ, որ Աղվան Արշակյանի նկատմամբ չէր կարող կիրառվել տնային կալանքը որպես խափանման միջոց։ Այն հիմնավորումները, որոնք ներկայացվել են պաշտպանության կողմից և հաստատված են համարվել դատարանի կողմից, բավարար չէին նվազ համարելու այն ռիսկերը, որոնցով պայմանավորված մեղադրանքի կողմը միջնորդում է խափանման միջոցը փոխել և Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառել կալանքը որպես խափանման միջոց»,- նշեց նա։
Աղվան Արշակյանի պաշտպան Նարե Հոնարչյանն, արձագանքելով հանրային մեղադրողի միջնորդությանը, հայտնեց, որ այն տարբերակը, որ հանրային մեղադրողները Աղվան Արշակյանի նկատմամբ կրկին կալանքի միջնորդություն կներկայացնեն, անգամ իրենց մտքով չէր անցնում։
«Նման միջնորդությունը քննարկման անգամ ենթակա չէ։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Աղվան Արշակյանն ունի ծայրագույն առողջական խնդիրներ։ Նման պայմաններում կրկին խոսել կալանքից, խոսքեր չունեմ, մենք իրավաբանությա՞մբ ենք զբաղվում, թե՞ փորձում ենք դահիճ հանդիսանալ անձանց նկատմամբ։ Բացի առողջությունից ու կյանքից զրկելը, այս միջնորդությունն այլ նպատակ պարզապես չի կարող ունենալ»,- նշեց պաշտպանը։
Նա դատարանին խնդրեց հաշվի առնել, որ քննարկվում է 28-ամյա, նախկինում որևէ կերպ չարատավորված երիտասարդի ճակատագիրը, ում առողջականը ծանրագույն վիճակում է։
Ըստ պաշտպանի՝ Աղվան Արշակյանը գլուխեղի ուռուցք է ունեցել։ «Հայտնաբերումից հետո Եվրոպայի, ՌԴ-ի, Հայաստանի որևէ բժիշկ այնքան չի հավատացել իր ապրելու հավանականությանը, որ հրաժարվել է վիրահատություն կատարել։ Նա, վերջիվերջո, փրկվել է մեկ բժշկի վերցրած պատասխանատվության շնորհիվ։ Նրա կյանքի համար առաջնային է, որ նա անընդհատ գտնվի բժշկական խիստ հսկողության տակ»,- ասաց պաշտպանը՝ խնդրելով դատարանին դիտարկել նաև վարչական հսկողության իրականացումը։
Մեղադրյալ Աղվան Արշակյանն, ով ևս ներկա էր նիստին, նշեց, որ ինքը չի խոչընդոտելու քննությանը և հույս ունի, որ «արդար դատաքննությունն ամեն ինչ իր տեղը կդնի»։
Դատարանը հանրայի մեղադրողի՝ տնային կալանք խափանման միջոցը կալանքով փոխարինելու միջնորդությունը մերժեց, և Աղվան Արշակյանի տնային կալանքը երկարացրեց 3 ամսով:
Աղվան Արշակյանին արգելվեց բնակության վայրում շփում ունենալ այլ անձանց հետ, սակայն այս արգելքը չի վերաբերում մերձավոր անձանց։
Դատարանը հաջորդիվ քննեց Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցի հարցը։
Հանրային մեղադրողը կրկին միջնորդեց Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը երկարացնել 3 ամսով։
Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը մեջբերումներ արեց Ալեքսանյանի մեղադրանքը հիմնավորող զննության արձանագրությունից. «Արմեն Ալեքսանյանն է երևում, ձեռքին՝ կճեպազրկված սոխ, Արմեն Ալեքսանյանը կտրտում է սոխը, և ասում. «Պարոն Փաշինյան, բարև Ձեզ, էլի ես եմ։ Սոխը պետք ա մանր-մանր, հասկանալով, մոտավորապես՝ այսպես կտրտել։
Այնուհետև տեսախցիկի օբյեկտիվ է փոխվում։ «Ինչո՞վ ենք զբաղված, նախաճաշ ենք պատրաստում, ընտանեկան՝ սուրբծննդյան, աղը չմոռնամ, Նոր տարուց մնացած բաստուրմա, կալբաս կտրտենք լցնենք… Ճիշտա սրա իմաստը անշնորհքի նման ձվածեղը դեմը դնելը չէ, այլ՝ մարդավարի սնվելը»»։
«Հարգարժան դատարան, հիմա իմ կողմից էս ամեն ինչը, էն մարդու ձվածեղ սարքելը ահաբեկչության նախապատրաստության հետ կապ ունի՞, թե՞ չէ»,- ասաց Ալեքսանյանի պաշտպանը։
Ըստ Կոչուբաևի՝ նաև մեղադրանքում ընդգրկված է խոսակցություն, որտեղ այլ Արմեն է խոսում, սակայն նրա ասածը վերագրվում է իր պաշտպանյալ Արմեն Ալեքսանյանին։
«Ուրիշ Արմեն խոսումա գրոհելուց, էս Արմենին բերել են դատարան, սրա անունը հիմա արդարադատությո՞ւն ա»,- նշեց պաշտպանը և միջնորդեց կիրառված խափանման միջոցը կալանքը վերացնել և կիրառել այլ խափանման միջոց՝ վարչական հսկողություն։
«Որպես վարչական հսկողության սահմանափակում՝ արգելել Արմեն Ալեքսանյանին ձու գնել խանութից, պատրաստել ձվածեղ, և դա հրապարակայնորեն ցուցադրել։ Եթե էս մարդու մեղադրանքը սա է, պետք է այս մեղադրանքի կոնտեքստում իրեն սահմանափակենք։ Եկեք արգելենք ձու առնելը, այդ թվում՝ մերձավոր ազգականների միջոցով»,- նշեց Կոչուբաևը։
Դատարանը, լսելով կողմերին, որոշեց Արմեն Ալեքսանյանի կալանքը ևս երկարացնել 3 ամսով։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16.00-ին։
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել