HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Հայկական ավիաուղիները» եվրոպական Airbus-ից անցում է կատարում ամերիկյան Boeing-ի

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը շուտով նոր ինքնաթիռ կունենա: Այս մասին տեղեկանում ենք planespotters.net կայքից:

Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարին հիմնադրված «ՀԱՈւ»-ն, որը ոչ մի կապ չունի Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիների» հետ (լուծարվել է 2020-ին), չնայած օգտագործում է վերջինիս անունն ու տարբերանշանը, 2022-ի դեկտեմբերին ստացել է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), իսկ թռիչքները մեկնարկել է 2023-ի մարտին:

Սրանից 2 տարի անց՝ այս տարվա մարտի 17-ին, ավիափոխադրողը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները:

«ՀԱՈւ»-ն շահագործում էր Airbus A321 տիպի 2 ինքնաթիռ, որոնք Հայաստանում գրանցված էին որպես EK-AAB եւ EK-AAD: Սրանցից առաջինը մեր երկրում գրանցված էր 2023-2025 թթ., իսկ երկրորդը՝ 2022-2025 թթ.:

Այն բանից հետո, երբ այս տարվա գարնանը երկու օդանավերն էլ տեղափոխվել էին Թուրքիա, ապա դուրս բերվել ՀՀ օդանավերի ռեգիստրից եւ գրանցվել Թուրքիայում, Քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) մայիսի 6-ին 6 ամսով (մինչեւ նոյեմբերի 6-ը) կասեցրել է «ՀԱՈւ»-ի ՕՇՎ-ի գործողությունը:

Սա գործող օրենսդրության պահանջ է, քանի որ Կառավարության կողմից ընդունված ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր: Քանի որ «ՀԱՈւ»-ն նման օդանավ չուներ, նրա վկայականի գործողությունը կասեցվեց: Ընդ որում՝ այն ուժի մեջ է մինչեւ 2040 թ. հոկտեմբեր, սակայն եթե մինչեւ նոյեմբերի 6-ը ավիափոխադրողը նոր օդանավ ձեռք չբերի, կզրկվի ՕՇՎ-ից:

Սակայն, ըստ ամենայնի, «Հայկական ավիաուղիներին» նման ճակատագիր չի սպառնում, քանի որ, ինչպես տեղեկանում ենք planespotters.net կայքից, ավիաընկերությունը Boeing 737-800 տիպի ինքնաթիռ ձեռք բերելու ճանապարհին է: Ըստ planespotters.net-ի՝ խոսքը 2012 թ. արտադրված օդանավի մասին է, որը 2012-2021 թթ. շահագործվել է Հնդկաստանում, որտեղ եւ գրանցված էր: 2022-ին ինքնաթիռի սեփականատեր չինական ICBC Leasing-ը օդանավը գրանցել է Կայմանյան կղզիներում: Հնդկաստանում շահագործվելուց հետո տեւական ժամանակ՝ 2021-2024 թթ., Boeing 737-800-ը կանգնած էր Ֆրանսիայում: 2024-ին դրա սեփականատեր է դարձել ամերիկյան GA Telesis-ը, որը բորտը Ֆրանսիայից տեղափոխել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, իսկ այս տարվա մայիսին այն գտնվում էր լիտվական մեկ այլ քաղաքում՝ Կաունասում:

Մայիսի 28-ից բորտը կանգնած է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում: Ըստ planespotters.net-ի՝ օդանավը ստանալու է EK-AAE հայկական գրանցումը: Այդուհանդերձ, ՔԱԿ-ի կայքում ՀՀ-ում գրանցված օդանավերի ցանկը վերջին անգամ թարմացվել է օգոստոսի 21-ին, եւ «ՀԱՈւ»-ն այնտեղ օդանավ չունի:

Նկատենք, որ հայկական փոխադրողը Airbus A321-ից անցում է կատարում Boeing 737-800-ի: Եթե «ՀԱՈւ»-ն առաջինն էր, որ մեր երկրում A321 տիպի օդանավ շահագործեց (հիմա այս տիպի բորտ ունի նաեւ «Ֆլայուան Արմենիան»), ապա նույնը չի կարելի ասել Boeing 737-800-ի մասին, ինչպիսին անցյալ տարվա դեկտեմբերից շահագործում է «Շիրակ Ավիան»:

Հատկանշական է, որ միջազգային փոխադրումներ կատարող հայկական ավիաընկերություններից «Շիրակ Ավիան», «Արմենիա Էյրվեյզը» եւ «Հայվեյզը» շահագործում են ամերիկյան Boeing-ներ, «Ֆլայուան Արմենիան»՝ եվրոպական Airbus-ներ: «ՀԱՈւ»-ն, փաստորեն, կմիանա առաջինների շարքին:

Այս առումով պատահական չէ, որ «Հայկական ավիաուղիները» երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Boeing 737 տիպի որակավորում ունեցող օդաչուների՝ հրամանատարների եւ երկրորդ օդաչուների աշխատանքի հրավիրելու մասին: 

Առաջին լուսանկարում՝ «ՀԱՈւ»-ի Boeing 737-800-ը՝ Ստամբուլում (դեռեւս կայմանյան VP-CTK գրանցումով), հեղ.՝ Սաֆեր Չայլի, planespotters.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter