HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մարդասիրական կազմակերպությունները հայտարարել են Գազայում սովի մասին. Իսրայելում համաձայն չեն

Գազա քաղաքում ավելի քան 514 հազար մարդ հայտնվել է ծայրահեղ սովի պայմաններում։ Այդ մասին նշվում է Սննդամթերքի անվտանգության գնահատման միջազգային նախաձեռնության կոմիտեի զեկույցում։ Այդ շրջանում սովի մակարդակի գնահատականը առաջին անգամ բարձրացվել է մինչև 5-րդ աստիճանի, որը Սննդի անվտանգության փուլերի ինտեգրված դասակարգման (IPC) վատագույն մակարդակն է։

IPC-ի գնահատմամբ՝ սեպտեմբերի վերջին այն անձանց թիվը, որոնք ամենօրյա ռեժիմով բախվում են սովի խնդրին, սպառնում է հասնել մինչև 641 հազարի, իսկ «աղետալի պայմանները» կտարածվեն Գազայի հատվածի հարավային շրջաններ՝ Դեյր-ալ-Բալահ և Խան-Յունիս։ Այնտեղ իրավիճակը ներկայումս գնահատվում է 4-րդ աստիճան։

Reuters-ը նշում է, որ որ նման դասակարգման համար բնակչության առնվազն 20%-ը պետք է զգա սննդի սուր պակաս։ Դա հավասար է նրան, որ յուրաքանչյուր երրորդ երեխան տառապում է թերսնուցումից, և ամեն օր 10 հազար մարդուց երկուսը մահանում են սովից և հիվանդություններից: Ընդ որում, նույնիսկ եթե տարածաշրջանը չի հասնում սահմանված շեմի ֆորմալ արժեքներին, IPC-ն կարող է որոշել, որ այնտեղ գտնվող տնային տնտեսությունները բախվում են սովի պայմանների, որոնք ներառում են սուր թերսնուցումը, աղքատությունը և մահը:

BBC-ն էլ հիշեցնում է, որ IPC-ն ինքնին չի հայտարարում սովի մասին, այլ տրամադրում է վերլուծություն, որի հիման վրա կառավարությունները, կազմակերպությունները և գործակալությունները կարող են անել հայտարարություններ կամ ընդունել պաշտոնական հռչակագրեր: Այս համակարգից օգտվում է նաև Միավորված ազգերի կազմակերպությունը։

Իսրայելում «իսպառ հերքում են» սովի մասին գնահատականները, որոնք հրապարակել է IPC-ն։ Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործունեության համակարգման կոմիտեն (COGAT) հայտարարել է, որ զեկույցի հեղինակները «միտումնավոր անտեսել են» իրավիճակի վերաբերյալ այն տվյալները, որոնք մինչ հրապարակումը կայացած հանդիպման ժամանակ ներկայացրել իսրայելական կողմը։

«IPC-ի զեկույցը հիմնված է մասնակի և անվստահելի աղբյուրների վրա, որոնցից շատերը կապված են ՀԱՄԱՍ-ի հետ։ Այն բացահայտորեն անտեսում է փաստերը ու լայնածավալ մարդասիրական ջանքերը, որոնք գործադրում են Իսրայել Պետությունը ու նրա միջազգային գործընկերները»,- ասված է կոմիտեի հայտարարության մեջ։

Իսրայելի ԱԳՆ-ից էլ հայտարարել են, որ IPC-ի զեկույցը «հիմնված է ՀԱՄԱՍ-ի ստի վրա»։ «Անհավատալի է, բայց IPC-ն խեղաթյուրել է իր սեփական կանոններն ու անտեսել իր սեփական չափանիշները, որպեսզի կեղծ մեղադրանքներ ներկայացնի Իսրայելի դեմ՝ միայն այս զեկույցում 30%-ից մինչև 15%-ի իջեցնելով (սովի որոշման` խմբ.) շեմն ու ամբողջովին անտեսելով երկրորդ չափանիշը՝ մահացության մակարդակը»,- հավելել է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Լուսանկարը՝ ABC News-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter