
Ծղրիդների գրոհը կասեցվեց, իսկ ինչ կլինի գարնանը
Այս տարի ծղրիդների խմբերը գրոհել էին մի շարք բնակավայրեր: Ծղրիդները տեղաշարժվել են մեծ խմբերով: Հոսքն այնքան շատ էր, որ գետնի վրա հնարավոր չէր առանց ծղրիդներին տրորելու քայլել: Մեծ կուտակումներ կային հատկապես Կոտայքի մարզի Արզական, Ծաղկաձոր, Հանքավան, ինչպես նաև Արագածոտնի մարզի Երնջատափ, Ձորագլուխ, Շողակն, Նորաշեն և Օհանավան բնակավայրերի անտառամերձ և տնամերձ հատվածներում: Վարչական տարածքների ղեկավարները խոսում են վնասների մասին, սակայն, թիվ չեն կարողանում նշել. վնասների գնահատում չի իրականացվել: Գյուղերում մտավախություն ունեն, որ գարնանը ծղրիդների գրոհը կարող է ավելի ուժեղ լինել, և այս անգամ հնարավոր չի լինի խուսափել լուրջ վնասներից:
Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ վարչական տարածքի ղեկավար Մարզպետ Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս տարի գյուղի տարածքում շատ-շատ էին ծղրիդները: Վնաս են հասցրել գյուղատնտեսությանը, հատկապես՝ արոտավայրերին, հացահատիկի ու կարտոֆիլի դաշտերին:
Պարզվում է՝ ծղրիդները սիրում են ուտել առվույտ, ցորեն ու կարտոֆիլ: Ի տարբերություն մորեխների՝ ծղրիդները քիչ են վնաս տալիս, սակայն մեծ խմբերի դեպքում վնասը կարող է էական լինել:
Մ. Գրիգորյանն ասաց, որ վնասների հաշվարկ չի իրականացվել: Ուղղակի թունաքիմիկատ են բաժանել, բնակիչները պայքարի միջոցառումներ են իրականացրել ու ծղրիդների «դեմն առել են»:
Վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ սկզբում ծղրիդների գրոհը գյուղատնտեսության համար հետևանքներ է առաջացրել, սակայն դրանից հետո հողօգտագործողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կարողացել են բերքը փրկել:
Եղիպատրուշում ծղրիդների և մորեխների գրոհ եղել է նաև 2023թ.-ին:
Նույն համայնքի Շողակն վարչական տարածքի ղեկավար Սմբատ Բաղդասարյանն էլ ասաց, որ նախարարությունից ներկայացուցիչներ եկել են գյուղ, տեղում տեսել են իրավիճակը: Ասաց, որ մոտ 20 տոկոս վնաս են կրել, սակայն գումարային արտահայտությամբ՝ հայտնի չէ թիվը: Այստեղ նույնպես վնասների գնահատում չի իրականացվել:
«Որ հողերը սարին կպած էին, վնաս կրել են: Ծղրիդները սարերից էին գալիս»,- ասում է Սմբատ Բաղդասարյանը:
Նրա փոխանցմամբ՝ ծղրիդներ գյուղի տարածքում նկատվել են նաև 2023-2024 թվականներին, սակայն այդ ժամանակ քիչ են եղել, իսկ այս տարի աննախադեպ շատ են եղել: Մտավախություն ունեն, որ գարնանը գրոհը կարող է ավելի ուժեղ լինել և լուրջ վնասներ հասցնել գյուղատնտեսությանը:
Նշենք, որ 2024թ. էլ ծղրիդների մեծ հոսք կար Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում: Այդ ժամանակ էլ մասնագետների խումբ այցելեց մարզ, տեղում ծանոթացան իրավիճակին, սակայն հաջորդ տարի ծղրիդներն իրենց աշխարհագրությունն ընդլայնեցին և «գրավեցին» նոր տարածքներ:
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ ծղրիդները մեծ մասամբ բնակվում են մարգագետնային, տափաստանային և անտառամերձ միջավայրերում, սնվում են հիմնականում մոլախոտերով և վայրի բույսերով, գյուղատնտեսական մշակաբույսերին զգալի վնաս չեն հասցնում։
Ծղրիդների դեմ 1770 հա տարածքի վրա պայքարի աշխատանքներ իրականացնելու նպատակով Էկոնոմիկայի նախարարության կողմից «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 354 լիտր «Ցիպերմետրին» ազդող նյութով բույսերի պաշտպանական միջոց:
Վերը նշված բնակավայրերի մի մասում պայքարի աշխատանքներն իրականացվել են մեքենայացված եղանակով՝ նպատակ ունենալով խուսափել գյուղատնտեսական մշակաբույսերին վնաս հասցնելուց: Սակայն, Արզական բնակավայրի անտառամերձ և հյուրանոցային հատվածներում իրականացվել են նաև դրոններով պայքարի միջոցառումներ:
Այստեղ ծղրիդներն այնքան շատ են եղել, որ լցվել են մարդկանց տները, հյուրանոցային տարածքներ: Որոշ հյուրանոցներ ստիպված են եղել որոշ ժամանակով դադարեցնել աշխատանքները:
Նշենք՝ «Ցիպերմետրինը» սինթետիկ միջատասպան դեղամիջոց է: Ազդում է միջատների նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով կաթված և մահ: Գյուղատնտեսության մեջ «Ցիպերմետրինը» օգտագործվում է բույսերի վնասատուների դեմ պայքարելու համար: Սակայն, այն թունավոր է մեղուների, ձկների համար:
«Ներկայում ծղրիդների հարձակման վտանգ չկա, քանի որ Կազմակերպության կողմից ամենօրյա ռեժիմով շարունակվում են ուսումնասիրությունները, իսկ պայքարի աշխատանքներից հետո նկատվել է ծղրիդների թվաքանակի զգալի նվազում»,- նշում են նախարարությունից։
Ինչ վերաբերում է հյուրանոցների գործունեությանը, ըստ Էկոնոմիկայի նախարարության, ստացվել են որոշակի ահազանգեր, սակայն հյուրանոցային համալիրներում աշխատանքները շարունակվել են:
Նախարարությունը ևս վնասների գնահատում չի իրականացրել՝ խորհուրդ տալով այդ հարցով դիմել համայնքներին:
Լուսանկարը՝ «Բերքառատ Հայաստան» ֆեյսբուքյան էջից, հեղինակ՝ Վարդան Գևորգյան
Մեկնաբանել