HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական ​​կենսաթոշակային ֆոնդը Հայաստանում կարող է խթանել նոր ընկերությունների գրանցումը բորսայում. Օլիվիե Ռուսո

Վճարովի բովանդակություն

Ավելի շատ ներդրումների ներգրավումը Հայաստանում կարևոր խնդիր է, որը բազմիցս ընդգծվում է տարբեր հարթակներում: Կառավարության և բանկային ոլորտի ներկայացուցիչները մշտապես ընդգծում են կապիտալի ներհոսքի հրատապ անհրաժեշտությունը՝ աճի և նորարարությունների խթանման, ինչպես նաև ենթակառուցվածքների ֆինանսավորման համար:

Այնուամենայնիվ, կայուն ներդրումների ներգրավումը հեշտ չէ Հայաստանի նման զարգացող տնտեսությունների համար, որտեղ ֆինանսական գործիքների և ներդրումային պրոդուկտների շրջանակը համեմատաբար նեղ է: Այս կառուցվածքային սահմանափակումը դժվարացնում է շուկայի ընդլայնման համար անհրաժեշտ լիկվիդայնությունը և չի մեծացնում ներդրողների վստահությունը:

Վրաստանի Կենսաթոշակային Գործակալության Ներդրումային Խորհրդի նախկին նախագահ Օլիվիե Ռուսոյի խոսքով, Հայաստանում ներդրումային պրոդուկտների լայն առաջարկի բացակայությունը ստեղծում է մի փակ շրջանակ, որը խոչընդոտում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մասնակցությանը։

«Զարգացող տնտեսությունների խնդիրն այն է, որ նրանք չունեն բարձր լիկվիդայնություն ներքին շուկայում։ Սա բերում է նրան, որ տարբեր ներդրումային պրդուկտների առաջարկը ահմանափակ է։ Այսպիսով, օտարերկրացիները, ինչպես նաև տեղացիները, մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում։ Տեղական ներդրողների ներկայությունը խթանում է ավելի շատ օտարերկրյա ներդրումներ և հակառակը։ Այսպիսով, անհրաժեշտ է գործարկել շարժիչը՝ պրոցեսը սկսելու համար։ Այս պայմաններում ես դիտարկում եմ կուտակային կենսաթոշակային համակարգի ստեղծումը, որն իսկապես հզոր մեխանիզմ է»,- նշում է փորձագետը։

BDO Armenia-ի և Orion Worldwide Innovations-ի կողմից կազմակերպվող առաջիկա Power Consulting Days (PCD) ծրագրի ընթացքում Ռուսոն, հիմնվելով Վրաստանում և դրանից դուրս իր հարուստ փորձի վրա, կկիսվի իր պատկերացումներով այն մասին, թե ինչպես Հայաստանը կարող է ընդլայնել իր ներդրումային դաշտը և ամրապնդել կապիտալի շուկաները։

Այլընտրանքային ներդրումների դերը

Չնայած համաշխարհային շուկայում թվերի աճին՝ Հայաստանում այլընտրանքային ներդրումների ծավալները զգալիորեն ցածր են․ 2022 թվականի տվյալներով` դրանք 18 անգամ քիչ են ավանդական ներդրումների համեմատ։ 

Մասնագետը զգուշացնում է, որ չնայած այն հանգամանքին, որ այլընտրանքային ներդրումները դեր են խաղում տնտեսության զարգացման մեջ, դրանք չեն կարող հաջողվել առանց ամուր հիքի, որի տարրերից են ցուցակված բաժնետոմսերը, պարտատոմսերը և որոշ չցուցակագրված ոչ լիկվիդային ակտիվները։

«Եթե ունեք պրոֆեսիոնալ ներդրողներ, ապա նրանք կարող են ներդրումներ կատարել ցուցակված և մասնավոր ակտիվներում», - ասում է Ռուսոն՝ հավելելով, որ հենց այս ներդրողները ստեղծում են այն էկոհամակարգը, որն անհրաժեշտ է ինչպես ավանդական, այնպես էլ այլընտրանքային շուկաների զարգացման համար:

Կենսաթոշակային ֆոնդերը՝ որպես շուկայի շարժիչ ուժ

Ռուսոն կարծում է, որ Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի չափը կարող է ընդլայնվել։ 

«Պետք է ունենաք հզոր ներքին ինստիտուտներ, որոնք կարող են շատ մեծ բաժնեմասեր ունենալ նոր թողարկումների և նոր ապրանքների մեջ։ Այս նպատակի համար շատ հարմար է պետական ​​կենսաթոշակային ֆոնդը։ Եթե կառավարությունը ցանկություն է հայտնում, որ այս պրոցեսը զարգանա, ապա կարող է ստեղծել իրավական շրջանակ, որը մեծ ազատություն կտա կենսաթոշակային ֆոնդերին։ Հայաստանի ֆոնդային բորսայում շատ քիչ ցուցակված ընկերություններ կան, մինչդեռ պետական ​​կենսաթոշակային ֆոնդը կարող է նոր ընկերություններին ցուցակագրումներ մտցնել», - նշում է նա։

Պարտատոմսերի կարևոր դերը

Օլիվիե Ռուսոն, որը  պաշտոններ է զբաղեցրել BNP Paribas-ում և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ), ընդգծում է պետական ​​պարտատոմսերի թողարկման դերը՝ որպես ֆինանսական շուկաների առանցքային բաղադրիչ։ Տարբեր մարման ժամկետների համար հուսալի պետական ​​տոկոսադրույքի կորի ստեղծումը կարևոր է ոչ միայն պարտատոմսերի շուկայի, այլև բաժնետոմսերի և մասնավոր ներդրումների գնագոյացման համար։

Իր կարծիքով, առանց հստակ չափանիշի, ներդրողները կիրառում են ավելի բարձր ռիսկի վճարներ, ինչի հետևանքով ֆինանսավորումը դառնում է ավելի թանկ և պակաս կանխատեսելի։ Ի տարբերություն դրան, կայուն պարտատոմսերի շուկան ապահովում է կայունություն և նվազեցնում անորոշությունը՝ խրախուսելով մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողների ավելի լայն մասնակցությունը։

«Եթե չունեք վավեր լիկվիդայնության չափանիշ, մարդիկ կշարունակեն գնել բաժնետոմսեր, կշարունակեն տրամադրել վարկեր, բայց նրանք կգանձեն ռիսկի վճար, քանի որ չգիտեն, թե իրականում ինչպիսին պետք է լինեն տոկոսադրույքները», - ասում է նա։

Կապիտալի շուկաների նոր դարաշրջան

Դիտարկելով իրավիճակը Հայաստանից դուրս՝ համաշխարհային ներդրումային միջավայրը կարելի է բնութագրել է որպես անկայուն, ինչի պատճառն է բազմաթիվ տարածաշրջաններում աշխարհաքաղաքական անկայունությունը։

Օլիվիե Ռուսոյի կարծիքով՝ աշխարհը ոչ միայն ժամանակավոր անկայունություն է ապրում, այլև մտնում է նոր դարաշրջան, որը նշանավորվում է գլոբալիզացիայի նվազմամբ և ռեգիոնալիզացիայի աճով։

«Վստահությունը ամենուրեք ռիսկի տակ է։ Վստահ գլոբալիզացիայի գաղափարը՝ թե՛ ապրանքների և ծառայությունների շուկայում, թե՛ ներդրումների բնագավառում, «մեռած» է։ Դրան կփոխարինի առևտրի և ներդրումների համար ավելի ռեգիոնալիզացված դաշտը»,- նշում է փորձագետը։

Նման պայմաններում ավելի կարևոր է ուղղորդել մասնավոր խնայողությունները դեպի կենսաթոշակային ֆոնդեր և փոխադարձ ներդրումային գործիքներ, մասնավորապես աշխարհաքաղաքական անկայունության առջև կանգնած զարգացող տնտեսությունների պարագայում։

Ռուսոն կարծում է, որ պետք չէ չափազանց շատ հույսը դնել արտերկրից եկող լուծումների վրա, քանի որ քաղաքական ճնշումները հաճախ խաթարում են երկարաժամկետ ֆինանսական ռազմավարությունները։ Փոխարենը, նա պնդում է, որ մասնավոր խնայողությունները և մասնագիտական ​​կենսաթոշակային կառավարումը կարող է ապահովել այն դիմադրողականությունն ու անկախությունը, որից շատ կշահեն Հայաստանի նման տնտեսությունները։

The Power Consulting Days ծրագիրն իրականացվում է աշխարհում խոշորագույն աուդիտորական, հարկային և խորհրդատվական ցանցերից մեկի՝ BDO-ի անդամ BDO Armenia-ի և ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող Orion Worldwide Innovations-ի կողմից: PCD ծրագրի Կազմակերպչական գործընկերն է Հայաստանի կենտրոնական բանկը, Գլխավոր գործընկերն է Շվեյցարական զարգացման կազմակերպությունը՝ Helvetas-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter