Ջրային պարեկները կազմել են 37 կեղծ արձանագրություն. քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային պարեկների կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու դեպքեր:
«Մասնավորապես՝ պարզվել է, որ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկն իր համար աշխատանքի դրական ցուցանիշ ապահովելու նպատակով, 2024-2025 թվականների ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ կազմել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 23 կեղծ արձանագրություններ:
Բացի այդ, հիշյալ մարզի գումարտակի ևս 2 ջրային պարեկ, դարձյալ աշխատանքի դրական ցուցանիշ ապահովելու նպատակով, 2024 թվականի հունվարից 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև 2025 թվականի ապրիլին կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 14 կեղծ արձանագրություններ, որոնք միանգամից հաշվառվել են բազայում։
Պաշտոնեական կեղծիք կատարելու համար վերը նշված 3 պարեկին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել