HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Երբ ՀՀ Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, կստորագրվի խաղաղության պայմանագիր. Ի․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել արաբական Al Arabiya հեռուստաընկերությանը, որում հիմնականում անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական միացյալ հռչակագրին։

Վերջնական պայմանագրի ստորագրման մասին հարցի առնչությամբ Ալիևը նշել է, որ երբ «ՀՀ Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, կստորագրվի պաշտոնական խաղաղության պայմանագիր»։

«Ես կարծում եմ, որ սա իսկապես հակամարտության ավարտն է, պատերազմի ավարտը։ Խաղաղության պայմանագիրը պաշտոնապես չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Որքան մենք հասկանում ենք, նրանք կկատարեն այդ փոփոխությունը։ Եվ հենց որ այդ սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց որ հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, կստորագրվի խաղաղության պաշտոնական պայմանագիր։ Սակայն Ադրբեջանի և Հայաստանի կողմից Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի ներկայությամբ այս փաստաթղթի նախաստորագրման փաստը, արդեն իսկ նշանակում է պատերազմի ավարտ, որն ընդհատումներով տևում է ավելի քան երեսուն տարի։ Սա Հարավային Կովկասի տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանի համար բացում է բոլորովին նոր հնարավորություններ»,- շարունակել է Ալիևը:

Խոսելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ճանապարհի մասին՝ Ալիևը շարունակել է այն անվանել «Զանգեզուրի միջանցք» ու նշել, որ հավատում է, որ այդ նախագիծը կիրագործվի, քանի որ կրում է ԱՄՆ նախագահի անունը։

«Այժմ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր անունը տվել է «Զանգեզուրի միջանցքին» (չակերտները, խմբ.), վստահ եմ, որ այն կիրականացվի մոտ ապագայում։ Ինչ վերաբերում է ֆիզիկական ենթակառուցվածքների կառուցմանը, այսինքն՝ երկաթուղուն, դա չպետք է պահանջի շատ ժամանակ, քանի որ երթուղին ընդամենը 42 կիլոմետր է։ Եթե մենք այն կառուցեինք, դա կանեինք մեկ տարվա ընթացքում, քանի որ մենք երկաթուղիներ կառուցելու հարցում ավելի շատ փորձ ունենք։ Սակայն, Հայաստանին կարող է ևս մի քանի տարի պետք լինել»,- հավելել է Ալիևը։ Նա նշել է, որ այդ ենթակառուցվածքների զարգացմամբ կարող են զբաղվել ամերիկացի ներդրողները։

«Իրականում դա մեզ համար կարևոր չէ։ Մեզ համար կարևորն այն է, որ երկաթուղին կառուցվի, և որ կան միջազգային անվտանգության երաշխիքներ։ Այլ կերպ ասած՝ Նախիջևանից Ադրբեջանի հիմնական տարածք կամ հակառակը ճանապարհորդող ադրբեջանցիները չպետք է անհարմարություններ զգան։ Նրանք չպետք է անհանգստանան իրենց անվտանգության համար՝ հաշվի առնելով երկարատև դիմակայությունը և թշնամանքը»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանում քաղաքական ցանկացած վերադասավորման պարագայում Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը կմնա ուժի մեջ։

«Դժվար է ասել, և ես կարող եմ միայն կռահել և հուսալ, որ ոչինչ չի խանգարի այս գործընթացին։ Բայց, կրկնում եմ, ես բացարձակ երաշխիք չունեմ, քանի որ Հայաստանի ներքին քաղաքականությանն այնքան էլ լավ ծանոթ չեմ»,- ասել է նա։

«Մենք գիտենք, որ հաջորդ ամառ այնտեղ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Ու գիտենք, որ նրանք աշխատում են նոր սահմանադրության նախագծի շուրջ։ Բայց եթե կա արտաքին ուժեղ միջամտություն, ապա այո, մենք կարող ենք մտածել, որ դա կարող է խաթարել նախկինում համաձայնեցված հարցերը: Բայց դա շատ կվնասի հենց Հայաստանին։ Որովհետև անկախ նրանից, թե ով է Վաշինգտոնում ստորագրել փաստաթղթերը, դրանք Հայաստանի անունից ստորագրել է Հայաստանի առաջնորդը։ Եթե այնտեղ ինչ-որ բան տեղի ունենա, ինչ-որ բան փոխվի, և նրանք հետ կանգնեն ստորագրածից, դրա արդյունքում լրջորեն կվատթարանան Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները։ Ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև միջազգային ողջ հանրությունն աջակցել է այդ գործընթացին, այդ թվում՝ Եվրամիությունը, Թուրքիան, արաբական երկրների մեր բարեկամները: Մի խոսքով՝ միջազգային ողջ հանրությունը։ Այդ պատճառով մենք դրական ենք տրամադրված այս առումով։ Այս համաձայնագրի խախտումը կնշանակեր դեմ գնալ ամբողջ աշխարհին: Իսկ ինչ կշահեն նրանք դրանից։ Այն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում, Հայաստանի համար խաղաղության և կայուն զարգացման երաշխիք է»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter