HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը բացահայտել է սպորտային ակումբի կողմից չհայտարարագրված 8.6 մլրդ դրամի ստվերային շրջանառություն

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ տեղեկություններ էին ստացվել, որ սպորտային ակումբներից մեկում գրանցված աշխատակիցներն իրենց ստացած աշխատավարձի զգալի մասը ստանում են կանխիկ եղանակով, որոնք չեն արտացոլվում հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում:

«Ընկերությունը նաև հարկերի վճարումից խուսափելու արդյունքում թաքցնում է իրական իրացման շրջանառությունը։

Վարչության ոլորտային թիվ 6 բաժնի աշխատակիցները ձեռնարկել են լայնամասշտաբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ստացված տվյալները հաստատվել են։ Ձեռք բերված նյութերի հիմքով, առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ քննչական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները համատեղ սպորտային համալիրի մի շարք հասցեներում կատարել են խուզարկություններ:  Առգրավվել են նախաքննությանն անհրաժեշտ իրեր ու փաստաթղթեր։ Ձեռք բերված տվյալների համակողմանի վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում ընկերությունն, առանց ՀԴՄ կտրոնների և համապատասխան հաշվարկային փաստաթղթերի տրամադրման, մի շարք հաճախորդների մատուցել է սպորտային ծառայություններ՝ այդ կերպ թաքցնելով շուրջ 8.6 միլիարդ դրամի իրացման շրջանառություն և չվճարելով շուրջ 2.3 միլիարդ դրամի հարկ պետական բյուջե։ Նշված դեպքի առթիվ հանցավոր խմբի 1 անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ներկայացվել է մեղադրանք, որից հետո պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 348․6 մլն․ դրամը։ Նախաքննությունը և հետաքննությունը շարունակվում են, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչությունը սպորտային  ակումբների միջոցով ծառայություններ մատուցող հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։ Նման երևույթները բացահայտելու հարցում ՊԵԿ-ը հետևողական է լինելու»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter