
Քաղաքացին բարձի մեջ թաքցված 510 գրամ «մեթամֆետամին» թմրամիջոց է փորձել ներմուծել Հայաստան. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունից տվյալներ է ստացել, որ ՀՀ քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել թմրամիջոցներ։
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին հնարավոր է «Ագարակ» սահմանային անցման կետով Հայաստանի Հանրապետություն ներմուծի թմրամիջոցներ: Քաղաքացին վերցվել է հսկողության։
ՊԵԿ աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Գ․Ծ․-ին պատկանող ուղեբեռները: Պոլիէթիլենային տոպրակի մեջ առկա 2 բարձից յուրաքանչյուրի մեջ հայտնաբերվել է մեկական թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ՝ լցված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածներով՝ ընդհանուր 510 գրամ քաշով։
Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով քաղաքացին ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ ՊԵԿ-ի
Մեկնաբանել