HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրգանական նյութերով և թունաքիմիկատներով հագեցած գյուղատնտեսական հոսքաջրերը թափվում են Դեբեդ

Երեկ Ալավերդու քաղաքապետարանում «ԵվրոԿովկաս» և «Եվրոռեգիոն» կազմակերպությունների «Բնապահպանական խնդիրների անդրսահմանային ասպեկտները Ալավերդի քաղաքի և Դեբեդ գետի օրինակով» ծրագրի շրջանակներում քննարկվեց ՀՀ ԳԱԱ-ի հիդրոէկոլոգիայի և ձկանաբուծության ինստիտուտի հետազոտությունները` Ալավերդի քաղաքի և Դեբեդ գետի բնապահպանական իրավիճակի շուրջ: Քննարկմանը մասնակցում էին Ալավերդու, ինչպես նաև Վրաստանի Բոլնիս, Մառնեուլ, Դմանիս և այլ քաղաքների բնապահպաններ:

Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը ներկաներին տեղեկացրեց, որ Ալավերդիում և Վրաստանի Բոլնիս, Մառնեուլ, Դմանիս և մյուս սահնանամերձ քաղաքներում կուտակված բնապահպանական խնդիրները հաշվի առնելով, դեռ 2 տարի առաջ անդրսահմանային համագործակցություն է ձևավորվել բնապահպանական խնդիրների լուծման համար: Ծրագրի աշխատանքները ղեկավարող ՀՀ համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը «Հետքին» հայտնեց, որ կատարված հետազոտության հենքի վրա  անդրսահմանային համագործակցությունը կդառնա մշտական և կայուն:

«Այս քննարկման նպատակն է հետազոտությունը հասանելի դարձնել վրացական և հայկական գործընկերներին»,- ասաց նա:

Հետազոտության արդյունքները ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Վերջինս հայտնեց, որ Դեբեդի  հիմնախնդիրները կապված են կենցաղային, գյուղատնտեսական, արդյունաբերական հոսքաջրերի, կոշտ կենցաղային թափոնների, հողերի էռոզիայի և սողանքների հետ: Գետն են լցվում օրգանական նյութերով և թունաքիմիկատներով հագեցած գյուղատնտեսական հոսքաջրեր: Դեբեդի ավազանում տեղակայված են  Սպիտակ, Վանաձոր Ալավերդի, Թումանյան և Ախթալա քաղաքները, որոնք չունեն մաքրման կայաններ: Գետի ջրերն աղտոտում են նաև Վանաձորի «Քիմպրոմ», Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերությունների, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի, գետամերձ տարածքներում տեղակայված քարի, մսամթերքի և կաթնամթերքի վերամշակման արտադրամասերի թափոնները. «Մեր հետազոտությունները կատարվել են նաև Ախթալա և Շնող վտակներում: Արդյունքում պարզել ենք, որ Ախթալա գետակն արդեն մեռած գետակ է:

«Շնող վտակը բավականին մաքուր է, որը հետագայում չենք կարող պնդել, երբ այնտեղ արդեն կառուցվի բաց հանքավայր, բնականաբար այդ ժամանակ Շնող վտակը կարժանանա Ախթալա վտակի ճակատագրին»,- ասաց Էվելինա Ղուկասյանը: Դեբեդում կատարված ջրակենսաբանական հետազոտություններով պարզվել է գետի կենդանական աշխարհում կատարված փոփոխությունները: Խորհրդային տարիներին Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի ծծմբաթթվի հսկայական պաշարները Դեբեդ լցվելու պատճառով գետում ձկնատեսակներ հազվադեպ էին հանդիպում. «Գետի կենդանական աշխարհը կարծեք թե վերականգնված է,  բայց կենդանական աշխարհի կենսաբազմազանության համար  վտանգ են ստեղծում օտարածին ձկնատեսակները»,- ասաց նա:

Դեբեդում ֆիքսված էին 8 ձկնատեսակներ: Գետի ափերին կառուցված ձկնային տնտեսություններից տարբեր ձկնատեսակներ են թափանցում գետը. «Արդեն 8-ի փոխարեն Դեբեդում բացահայտվել է 11 ձկնատեսակ, այդ թվում նաև պնդաճակատը, վերջին տարիներին հայտնվել է նաև չեբաչոկը, հայկական տառեխիկը և այլը. «Մարդիկ, երբեմն չգիտակցելով, գետային էկոհամակարգ են բաց թողնում այս կամ այն ձկնատեսակը, ինչը մեր կենդանական աշխարհի համար օրենքով արգելված է»,- ասաց Էվելինա Ղուկասյանը: Հետազոտությամբ հիմնավորվել է, որ Դեբեդի ջրերում բավականին քանակությամբ ծանր մետաղներ կան, որոմք պոչամբարների ազդեցության և արդեն աղտոտված հողատարածքներից լվացված նյութերի հոսքերի հետևանք են: Սահմանամերձ գոտում Դեբեդի ջրերում դրանց քանակությունը զգալիորեն քիչ է: Վտանգը մեծ է մեր տարածքի համար. «Գետի հատակային նստվածքներում ծանր մետաղների պարունակությունը մի քանի անագամ գերազանցում էր ՍԹԿ-ները»,- ասաց Է. Ղուկասյանը: Վերջինս հայտնեց, որ համաձայն Երևանի պետական համալսարանի հետազոտությունների` 2009 և 2010թթ. Դեբեդում առկա  երկաթի, պղնձի, մանգանի, մոլիբդենի, նիկելի, կապարի և ցինկի մեծ քանակությունները գերազանցել են ՍԹԿ-ները: Գետի ջրերով մեկ հա-ի ոռոգման ժամանակ 5000 խմ ջուր օգտագործելու դեպքում հող է ներմուծվում 71 կգ երկաթ, 13 կգ պղինձ, 6.5 կգ մանգան, 2 կգ մոլիբդեն, 2,5 կգ նիկել, 3,5 կգ կապար և 9.5 կգ ցինկ:

«Ծանր մետաղների այսպիսի պարունակություններ ունեցող ջրերը չի թույլատրվում օգտագործել ոռոգման նպատակներով: Ալավերդի քաղաքից հետո, փաստորեն, Դեբեդ գետի ջրերը վատացնում են իրենց գյուղատնտեսական նշանակությունը»,- ասաց  գիտնականը:

Էվելինա Ղուկասյանը անդրադարձավ նաև Ալավերդու էկոլոգիական վիճակի հետազոտմանը: Նշեց, որ գործող արտադրական ընկերություններից քաղաքի մթնոլորտի վրա առավելագույն ազդեցություն է թողել «Էյ-Սի-Փի» ընկերությունը, որի արտանետումները շրջակա միջավայրի վրա տարածվում են 3 կմ շառավղով: Հետազոտման արդյունքներով` Ալավերդու մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի 98,9 տոկոսը կազմել է ծծմբային անհիդրիդը: Ծանր մետաղների գումարային քանակը մթնոլորտային արտանետումներում կազմել է 35,0 տոննա: Ներկաններից նկատեցին, որ հետազություններից դուրս են մնացել Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի մկնդեղի գերեզմանոցի ազդեցությունների բացահայտումը, որի հետ Էվելինա Ղուկասյանը համաձայնեց. «Մկնդեղի թունավորության աստիճանը դժվար է համեմատել մեկ այլ մետաղի վտանգավորության աստիճանի հետ»,- ասաց նա:

Վրացի Զուրաբ Վաշլամիձեին և մյուսներին  հետաքրքրեցին  քաղաքի քաղցկեղային հիվանդությունների պատկերը և Դեբեդից մկնդեղի գերեզմանոցի հեռավորությունը: Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը գործընկերներին հայտնեց, որ գերեզմանոցը գետից գտնվում է մոտ 1 կմ հեռավորության վրա: Տեղեկացվեցին նաև որ Ալավերդու բժշկական կենտրոնում հաշվառված է Ալավերդու և հարևան համայնքների մոտ 500 քաղկեղով հիվանդ:  

Կողմերը հետազոտման հետ կապված քննարկեցին և համադրեցին Վրաստանի և Հայաստանի բնապահպանական օրենքների  թերություններն ու առավելությունները: Նշվեց, որ հանքարդյունաբերական ձեռնարկությունները սեփականաշնորհելիս  հարևան Վրաստանի և Հայաստանի կառավարությունները  խորհրդային տարիներից ժառանգություն մնացած  արտադրական վտանգավոր թափոնակուտակիչների և պոչամբարների համար գրավոր որևէ պարարտավորություն չեն սահմանել սեփականաշնորհող ընկերությունների համար, որի պատճառով էլ դրանք երկու պետություններում էլ մնացել են անտեր: Քննարկման մասնակիցների առաջարկությամբ որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ` բնակչության առողջության վրա բնապահպանական ազդեցությունների հետազոտման համար: Ինչպես միշտ բնապահպանական կարևորագույն հարցերի քննարկմանը  լուսանցքում էր հայտնվել ՀՀ բնապահպանության նախարարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter