HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի որոշմամբ Լիպարիտ Դրմեյանն ազատվել է աշխատանքից

Վարչապետի օգոստոսի 29-ի որոշմամբ Լիպարիտ Դրմեյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով. Լիպարիտ Դրմեյանին ազատել վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Ինչ է նախորդել այս պաշտոնանկությանը: Երեկ ճեպազրույցում լրագրողներից մեկի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարությունը չի պատրաստվում կատարել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագրավումն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը, եւ որ Կառավարությունը հաղթել է արբիտրաժում։

Նա նաև նշեց, որ Կառավարությունում հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիրը։ «Կառավարությունից ով դիրքորոշում հայտնել է, թող դիմում գրի, գնա, բացարձակապես նման դիրքորոշում չի կարող լինել։ Կառավարությունը ես եմ, որեւէ մեկը չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ, ընդհանրապես, եթե Կառավարությունում մարդիկ կան, որոնք իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ, ապա ես ինքս նրանց կհանեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը Կառավարությունից պահանջել էր հրաժարվել ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամներին ու կանոնադրությունը: Այս որոշումից հետո վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը մեկնաբանել էր, որ միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր է կատարման համար:

ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն օգոստոսի 27-ին հրապարակեց Կառավարության ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական գրագրությունը, որում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը հաստատել էր՝ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարումը հակասում է արբիտրաժային որոշմանը։

Գրասենյակի ղեկավարը գրել է, որ դատարանի որոշումը կատարելու համար բավարար է կասեցնել ժամանակավոր կառավարչի լիազորությունները, հակառակ դեպքում՝ պետք է ներպետական դատարան դիմել: «Ի պատասխան ՀԾԿՀ-ի՝ արբիտրաժային վճռի պարտադիր կատարման ենթակա լինելու վերաբերյալ վարչապետի աշխատակազմ ուղարկված մի շարք հարցադրումների՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը մանրամասն ներկայացրել է վերաբերելի իրավակարգավորումներն արբիտրաժային վճիռների, այդ թվում՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի հուլիսի 22-ի վճռի պարտադիրության, դրա կամավոր կատարման եւ ճանաչման վերաբերյալ»,- հայտնել էին գրասենյակից։

Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ պաշտոնանկությունից առաջ կար կոնֆլիկտ Կառավարությունում․ մի կողմից՝ միջազգային իրավական գրասենյակը, որը պնդում էր որոշման պարտադիր լինելը, մյուս կողմից վարչապետը հայտարարում է, որ Հայաստանը չի կատարելու այդ պահանջը։

Լուսանկարը՝ hy.armradio.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter