HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանն ընդդեմ «ՀայՌուսգազարդի». իրավասու մարմինները չե՞ն կարող վերահսկել և սաստել ռուսական ընկերությանը

Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերի 20-ին գազի ցուցմունքներ վերցնող «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակցուհին երկու մյուս աշխատակիցների հետ, առանց զգուշացնելու, հանել էին փաստաբանին պատկանող բնակարանի գազի հաշվիչը, որի արդյունքում դադարեցվել էր բնակարանի գազամատակարարումը:  Իմ նախաձեռնությամբ գործը տեղափոխվեց դատարան, ինչի արդյունքում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահող դատավոր Սիմիզար Հովսեփյան,  15.05.2012թ.-ի վճռով մասնակի բավարարվեց իմ հայցապահանջը՝  որոշելով բռնագանձել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ից հօգուտ ինձ 14 690 (տասնչորս հազար վեց հարյուր իննսուն) ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում, իսկ հայցապահանջը` գազամատակարարումը վերականգնելու, 6000 ՀՀ դրամ` որպես էլեկտրական տաքացուցչի ձեռք բերման գումարի, նոյեմբեր ամսվա 15-ից հետո հոսանքի դիմաց բնակարանի տաքացման հետևանքով ավել վճարված գումարի, ինչպես նաև դեկտեմբեր ամսից սկսած յուրաքանչյուր ամսվա համար բնակարանի համար ծախսված հոսանքի արժեքի գումարի` բացառությամբ այդ ծախսի 1/3-րդը, մինչև այդ բնակարանի գազամատակարարման վերականգնումը բռնագանձելու և դատական ծախսերը բռնագանձելու պահանջների վերաբերյալ` մերժել:  Հիշեցնեմ նաև, որ մինչ օրս բնակարանի գազամատակարարումը վերականգնված չէ, անգամ անտեսվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (պետական մարմին) որոշումը, որով պահանջվել էր վերականգնել իմ բնակարանի գազամատակարարումը: 

Այս գործը մի քանի անգամ ներկայացվել է մամուլի հրապարակումներում, որտեղ ի ցույց է դրվել ինչպես «ՀայՌուսգազարդի» ապօրինի գործելաոճը, այնպես էլ սույն գործը քննած առաջին ատյանի դատարանի ակնհայտ անհիմն գործողությունները: Իմ գործով (գործ թիվ ԵԱՔԴ/2225/02/11) Վերաքննիչ դատարանն ուներ հետևյալ կազմը՝ նախագահող դատավոր՝ Ամրահի Պետրոսյան, դատավորներ Կարեն Չիլինգարյան, Լևոն Գրիգորյան: Վերաքննիչ դատարանում այս գործով մեկ անգամ վճռի հրապարակում արդեն իսկ նշանակված էր, որը չգիտես ինչու (թեև կռահում եմ...), նորից վերսկսվեց:

Վերաքննիչում գործի քննության սկզբնական ընթացքից հստակ կարելի էր եզրակացնել, որ վերաքննիչ բողոքը բավարարվելու էր, ինչի արդյունքում կամրագրվեր «ՀայՌուսգազարդի» ապօրինի գործողությունները: Վերաքննիչի առաջին դատական նիստին՝ 28.06.2012թ.-ին, բոլոր երեք դատավորներն էլ, (այդ ժամանակ դատավորներից մեկը Ն. Բարսեղյանն էր, որին էլ հետագայում փոխարինեց դատավոր Լ. Գրիգորյանը) հատկապես նախագահող դատավոր Ամրահի Պետրոսյանը և դատավոր Կարեն Չիլինգարյանը, «ՀայՌուսգազարդի» ներկայացուցչին միայն քննադատող հարցեր էին ուղղում, օրինակ. «Դուք պատժիչ գործողություններ ե՞ք իրականացնում բաժանորդի նկատմամբ՝ մինչև հիմա չվերականգնելով բնակարանի գազամատակարարումը», կամ թե «ո՞ւմ վերահսկողության տակ է գտնվում բնակարանից դուրս եկող գազամատակարարման խողովակները, գազահաշվիչը» և այլն: Ուղղակի հարցերի տարափ էր, որոնք միանշանակ տրամաբանական էին և ցույց էին տալիս «ՀայՌուսգազարդի» ապօրինի գործելաոճը: Դե ինչ արած, վերաքննիչն որոշեց շատ շուտ նշանակել վճռի հրապարակման օր՝ 04.07.2012թ., համոզված եմ՝ փորձելով արագ կերպով վերականգնել բաժանորդիս խախտված իրավունքները, սակայն արի ու տես վճռի հրապարակման օրը վերաքննիչը մտքափոխվեց, և որոշեց, որ իր համար չբացահայտված հարցեր են մնացել, հետևաբար գործը վերսկսվեց: Ահա և վերսկսումից հետո ամեն ինչ փոխվեց և վերաքննիչը 15.08.2012թ-ին իր հակիրճ որոշմամբ մերժեց վերաքննիչ բողոքը, որով ուղղակի ոչ միայն պաշտպանեց առաջին ատյանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի կայացված ակնհայտ անհիմն դատական ակտը, այլև գերազանցեց այդ դատական ակտին՝ իր որոշմամբ անտեսելով օրենքը, և հակասելով նույն վերաքննիչ դատարանի կողմից կայացված 16.02.2012թ. թիվ  ԵԿԴ /2589/02/10 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած որոշմանը: Ընդ որում, այդ որոշումը իմ կողմից վերաքննիչ բողոքում նույնպես նշվել էր: Այդ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Վերաքննիչ դատարանը արձանագրել էր. «….Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 559-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Էներգամատակարարման պայմանագրով պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պարտավորությունը խախտած կողմը պարտավոր է մյուս կողմին հատուցել պատճառված իրական վնասը (17 հոդվածի 2-րդ կետ)»: Այսինքն` օրենսդիրն էներգամատակարարման պայմանագրային իրավահարաբերություններում ևս քաղաքացիաիրավական պատասխանատվությունն ուղղակի կախման մեջ է դնում մեղքի առկայությունից: Այսինքն` քանի դեռ չի ապացուցվել կողմի մեղավոր գործողությունը (անգործությունը), նրա նկատմամբ էներգամատակարարման պայմանագրային իրավահարաբերություններում չի կարող առաջ գալ քաղաքացիաիրավական պատասխանատվություն:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 555-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ «Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, էներգետիկ ցանցերի, ինչպես նաև էներգիայի օգտագործման հաշվիչ սարքերի պատշաճ տեխնիկական վիճակի և անվտանգության ապահովման պարտականությունը դրվում է էներգամատակարարող կազմակերպության վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով»:  Փաստորեն, վերը ներկայացված իրավանորմերի ուժով` սույն քաղաքացիական վեճին լուծում տալու համար դեռևս բավարար չէ գազահաշվիչի շրջանցմամբ բնական գազը հայցվորի կողմից օգտագործված լինելու հանգամանքի հաստատված լինելը: Տվյալ դեպքում անհրաժեշտ է պարզել, թե հաշվիչ սարքի պատշաճ տեխնիկական վիճակի և անվտանգության ապահովման պարտականությունն արդյոք օրենսդրությամբ դրված է եղել հայցվորի վրա: Եվ բացի այդ, եթե նման պարտականություն օրենսդրորեն դրված է եղել հայցվորի վրա, ապա արդյոք հաշվիչի անսարքության մեջ առկա է եղել նրա մեղավորությունը: Նշվածի առումով Դատարանը քննություն չի իրականացրել, որի արդյունքում` կայացրել է չհիմնավորված դատական ակտ»:

Իսկ ահա իմ գործով վերաքննիչը բոլորովին հակառակ դիրքորոշում ունի, ուղղակի բառեր չեմ գտնում նկարագրելու համար իմ գործով վերաքննիչի գործողությունները:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը բոլորիս քաջ հայտնի ռուսական ընկերություն է, և ինչ է ստացվում, որ մեր իրավասու մարմինները թեև շատ դեպքերում կարողանում են մեր պետական մարմինների գործողությունները վերահսկել, սաստել, սակայն ոչ ռուսական խոշոր ընկերությունների: «ՀայՌուսգազարդը» այն ընկերություններից է, որը կարողանում է իրեն դրսևորել այնպես, ինչպես իրեն է ձեռնտու՝ անտեսելով մեր օրենքները՝ խախտելով մարդու իրավունքները: Սակայն հավատացնում եմ, որ անգամ մեկ քաղաքացու պայքարը կարող է տապալել նման ընկերությունների հակաօրինական գործողությունները, ու պատկերացրեք, որ այդ քաղաքացու շարքերը օր օրի համալրվում են:

Այդ ամենով հանդերձ, մեր դատական համակարգի նկատմամբ առկա անվստահությունը ոչ թե նվազում է, այլ բարձրանում: Ես այս հրապարակմամբ դիմում եմ նաև ՀՀ նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին և բոլոր այն պաշտոնատար անձանց, որոնք քիչ թե շատ, ուղղակի, թե անուղղակի վերլուծում են դատական համակարգի գործունեությունը և իրականացնում վերահսկողություն, և որպես շարքային քաղաքացի և որպես փաստաբան տեղեկացնում, որ էլ ավելի է վատթարանում առանց այն էլ դատական համակարգի անբավարար վիճակը, ինչի արդյունքում անպատժելիությունը, անպատասխանատվությունը օր օրի աճում են: Քաջ գիտակցում եմ, որ այս գործը դեռ իր վերջնական ավարտին չի հասել, և դեռևս գործողություններ կան արդարության վերականգման համար, սակայն արդյոք ողջամի՞տ է, որ մենք արդարության վերականգման համար պետք է տարիներով պայքարենք, դիմենք միջազգային ատյաններին, թողնենք մեր երկիրը...: Այդ ճանապարհը խորդ ու բորդ է և մեծամասնության համար անանցանելի:  Խոսվում է դատական նոր բարեփոխումների մասին, սակայն ինչ բարեփոխումների մասին է խոսքը, երբ ականատես ենք լինում նման իրավիճակների, որը շատերի մոտ հիասթափություն է բերում: Ինչպես ասում են՝ ավելի լավ է տաս մեղավոր մարդկանց արարքները անպատժելի մնան, քան մեկ անմեղ մարդուն ենթարկեն պատասխանատվության: Իհարկե, դա ծայրահեղություն է, բայց ինչ արած...:

Մեկ որդը կարող է ամբողջությամբ փչացնել մեկ խնձորը, պատկերացնում եք՝ ի՞նչ կարող է անել մեկ անհիմն դատական ակտը, էլ չեմ ասում անհիմն դատական ակտերը: Եթե մի բան մեր դատական համակարգում լավ է լինում, ապա անմիջապես այլ անհիմն դատական ակտերով ամեն ինչ մոռացվում է: Եթե ես, որպես փաստաբան, իմ անձնական գործերով շատ դեպքերում դժվարությամբ եմ կարողանում հասնել արդարության կամ չեմ կարողանում, ապա ինչպես պետք է դա անի ոչ փաստաբանը, ոչ իրավաբանը, շարքային քաղաքացին:

Չեմ ցանկանում մասնագիտական որակումներ և հիմնավորումներ այստեղ բերել, քանզի մոտակա օրերս պատրաստվում եմ ներկայացնել վճռաբեկ բողոք, որտեղ մանրակրկիտ ներկայացվելու են բոլոր հիմնավորումները: Չնայած պետք է ասեմ, որ Վճռաբեկից ակնկալիքներ չունեմ, կարծում եմ, որ իմ բողոքը կվերադարձվի բոլորիս հայտնի պատճառաբանությամբ: Այնուհանդերձ, չեմ ցանկանում այստեղ բացահայտել իմ մարտավարական գործելաոճը, սակայն մեկ բան կարող եմ ասել, որ կանգ չեմ առնելու և շարունակելու եմ բոլոր հնարավոր և անհնարին, սակայն միմիայն օրինական միջոցներով հասնել արդարության:

Փաստաբան` Գևորգ Դավթյան

Մեկնաբանություններ (6)

Հովսեփ
Հարգելի պարոն Դավթյան, ես, որպես դիտորդ ներկա եմ եղել ձեր գործով բոլոր դատական նիստերին և պետք է նշեմ, որ ձեր այս հրապարակած նյութը` ամբողջությամբ, սուբյեկտիվ ընկալման արդյունք է: Պատասխանեք իմ այս հարցին խնդրում եմ, որտեղի՞ց էին առաջացել ձեր գազի հաշվիչի վրայի անցքերը: Ինքնուրույն ոչ մի գազի հաշվիչի վրա անցք չի կարող առաջանալ, այսինքն ստացվում է, որ միջամտություն եղել է, ինչը դուք ամեն կերպ փորձում էիք հերքել և ինչն էլ ձեր կողմից հրավիրված վկաներից մեկը միամտորեն հաստատեց: Եվ վերջում հիշեցնեմ ձեզ շատ հետաքրքիր մի ասացվածք. «Ուրիշի վրա ցեխ շպրտելիս հիշե՛ք, որ ձեր շպրտած ցեխը կարող է տեղ չհասնել, բայց ձեր ձեռքերը անպայման կկեղտոտվեն»:
ГАЗАВИК
Հարկավոր եր ժամանակին Իրանից եկող գազատար խողովակը կառուցել հայաստանի պահանջներին համապատասխան տրամագծով , կստանաինք ավելի մատչելի գազ եւ ավելի հուսալի մատակարարող, իսկ ռուսը թող իր գազով խեղդվեր: Ինչքան կախված մնանք դրանցից էնքան ականջներիցս քաշած պիտի իր շովինիստական պահանջները դնի մեր դեմ: Բոլոր իրենց հարգող երկրները հրաժարվում են ռուսական գազից եւ ոչ միայն գազից, ДАЛОЙ РОССИЙСКИЙ ГАЗ
Artur Ghazaryan
HAYASTANY DARCEL E RUSASTANI MARZ Գործ թիվ Արդ1/0920/02/11 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ ՎՃԻՌ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 29.06.2012թ. ք. Էջմիածին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը դռնբաց դատական նիստում մասնակցությամբ նախագահող դատավոր Հովհաննես Մելքոնյանի, քարտուղարությամբ Տաթևիկ Կարապետյանի, հայցվորի ներկայացուցիչ Արամ Ղլեչյանի, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության /ՀՎՀՀ 00046317, գրանցման վկայական թիվ 01Ա 039934, այսուհետ` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ/ ընդդեմ Արթուր Ղազարյանի /անձնագիր ԱՖ0550522/, երրորդ անձ «Կողմնակի անձանց Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության /«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթ/, /այսուհետ` «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ` գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ I 1.Գործի դատավարական նախապատմությունը. «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերությունը 16.12.2011թ. հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան ընդդեմ Արթուր Ղազարյանի, վեճի առարկային նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության /«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթ/` գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ն.Գրիգորյանը 19.12.2011թ. որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ և նշանակել է նախնական դատական նիստ` 2012թ.-ի փետրվարի 09-ին ժամը` 10։00-ին։ 22.12.2011թ. դատավոր Ն.Գրիգորյանը սույն քաղաքացիական գործը զեկուցագրով հանձնել է` հերթական արձակուրդ գնալու կապակցությամբ։ 22.12.2011թ. սույն քաղաքացիական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատավոր Հ.Մելքոնյանի վարույթ։ Դատարանի 26.12.2011թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ։ Պատասխանող Արթուր Ղազարյանի վերաբերյալ դատարանի կողմից ուղարկված դատական ծանուցագիրը փոստային բաժանմունքից ետ է վերադարձվել` «բացակայում է ՀՀ-ից» մակագրությամբ։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի կարգով պատասխանողի վերաբերյալ դատական ծանուցագիրը դատարանն ուղարկել է Էջմիածնի քաղաքապետին, որը դատարանին հայտնել է, որ Արթուր Ղազարյանը բացակայում է Հանրապետությունից։ Հայցվորի ներկայացուցիչ Ա.Ղլեչյանի միջնորդությամբ դատարանի 09.02.2012թ. որոշումներով պատասխանող Արթուր Ղազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և գործի վարույթը կասեցվել է։ 19.03.2012թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Էջմիածնի բաժանմունքից ստացվել է հարկադիր կատարող Ա.Վարդանյանի կողմից կատարողական վարույթն ավարտելու մասին 14.03.2012թ. որոշումը, համաձայն որի անհնարին է եղել պարզել Արթուր Ղազարյանի գտնվելու վայրը։ Դատարանի 21.03.2012թ. որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է։ Երրորդ անձ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ն դատական նիստի վայրի և ժամանակի մասին պատշաճ կարգով ծանուցվել է, սակայն դատական նիստին չի ներկայացել։ Դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետով` որոշեց գործը քննել պատասխանողի և երրորդ անձի բացակայությամբ։ Գործով հայցադիմումի պատասխան կամ հակընդդեմ հայց չի ներկայացվել։ Դատարանի 18.05.2012թ. որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության։ 2. Հայցվորի իրավական դիրքորոշումը Դիմելով դատարան` հայցվոր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վ.Հարությունյանը հայտնել է, որ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը /թողարկող` «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ, այսուհետ` ՉԻ/ 19.11.2011թ.-ին հրապարակել է ««ՀայՌուսգազարդը» խաբել, «քցել» ու հետո էլ դատի է տվել» վերնագրով հոդված, որի միջոցով տարածել է պատասխանողի խոսքերը, որոնք հանդիսանում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գործարար համբավն արատավորող զրպարտություն։ Հոդվածի վերնագրում և բովանդակությամբ ներկայացված հանգամանքները /տեղեկությունները/ չեն համապատասխանում իրականությանը, կեղծ ու մատացածին են և պարունակում են հայցվորի գործարար, բարի համբավն արատավորող, վարկաբեկող զրպարտություն։ ՉԻ-ն իր հոդվածում հղում է կատարում պատասխանողին` վերջինիս վերագրելով հոդվածում զետեղված նյութի հեղինակությունը։ ««ՀայՌուսգազարդը» խաբել, «քցել» ու հետո էլ դատի է տվել» բառերը հանրությանը, գործարար անձանց, կազմակերպություններին, օտարերկրյա և միջազգային կազմակերպություններին /ԶԼՄ-ներից օգտվող անձանց/ պատասխանողի կողմից մատուցվել են /հրապարակվել են/ զանգվածային լրատվության միջոցով` ՉԻ օրաթերթում /տպաքանակը` 5.700/ և համացանցի www.chi.am կայքում։ Իրականությանը չհամապատասխանող` ««ՀայՌուսգազարդը» խաբել, «քցել» ու հետո էլ դատի է տվել» բառերով արտահայտվող զրպարտության տարածմամբ պատասխանողը խախտել է հայցվորի` ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված գործարար համբավի պաշտպանության իրավունքը։ Պատասխանողը հրապարակայնորեն տարածել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գործարար, բարի համբավն արատավորող, զրպարտչական բնույթի կեղծ տեղեկատվություններ։ Պատասխանողը պետք է տեղյակ լիներ, որ ՀՀ Սահմանադրությունը պարտավորեցնում է հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը, ուստի հայցվորին` «խաբել» «քցել» արարքների վերագրմամբ հրապարակայնորեն զրպարտելը խախտում է օրենքով պաշտպանվող իրավունքները։ Հոդվածում կիրառված «խաբել» «քցել» բառերով զրպարտչական արտահայտությունների ճշմարտացիությունն ապացուցելու բեռը սկզբունքորեն, նաև օրենքով, դրված է պատասխանող կողմի վրա, սակայն կարող են ներկայացնել հետևյալ իրավական փաստարկները, որոնք կարող են հերքել հոդվածում տեղ գտած տեղեկությունների հավաստիությունը։ Հոդվածում ներկայացված` հայցվորի կողմից ընդդեմ «Արտու-գազ» ՍՊԸ-ի դատական հայց ներկայացնելու հանգամանքը, իրականությանը չի համապատասխանում։ Իրականում իրավունքների դատական պաշտպանության հայցով դատարան է դիմել ինքնուրույն իրավաբանական անձնհանդիսացող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ավտոգազ» ՍՊԸ-ն։ Անձի` իրավունքների և ազատությունների /թեկուզ ենթադրյալ/ դատական պաշտպանության իրավունքի իրականացումն առանց իրավական հիմնավորման չի կարող դիտվել որպես այլ անձին վնաս պատճառելու դրսևորում։ Նման դիրքորոշում է հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանը 26.01.2007թ. թիվ 3-2431 ՎԴ որոշմամբ։ Ակնհայտ է, որ «Ավտոգազ» ՍՊԸ-ի, որպես քաղաքացիական իրավունքի ինքնուրույն սուբյեկտի, ընդդեմ «Արտու-գազ» ՍՊԸ-ի հայց ներկայացնելու փաստական հանգամանքը, որևէ անձի իրավունք չի տալիս դա որակել ««ՀայՌուսգազարդը» խաբել, «քցել» ու հետո էլ դատի է տվել» արտահայտությամբ բնորոշովող արարք, հատկապես այն դեպքում, երբ պատասխանողը, որն ըստ վերը նշված հոդվածի, հանդես է եկել որպես «Արտու-գազ» ՍՊԸ-ի «սեփականատեր», գիտեր կամ պարտավոր էր իմանալ, որ պայմանագրային կողմը, որն իրավունքների դատական պաշտպանության հայցով դիմել է դատարան, ոչ թե «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն է, այլ ինքնուրույն սուբյեկտ հանդիսացող` իրավաբանական անձ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ավտոգազ» ՍՊԸ-ն։ Նշվածը հիմք է տալիս ենթադրելու, որ պատասխանողը զրպարտչական բառերը, /արտահայտությունը/ հրապարակային ձևով տարածելով, գործել է կանխամտածված, հետապնդել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գործարար համբավն արատավորելու միջոցով, ընկերությանը վնաս պատճառելու նպատակ, քանի որ կիրառված բառերի /արտահայտության/ գնահատման` փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում հետևությունների հանգումը պատասխանողի ոչ միայն իրավունքն է, այլև` պարտականությունը։ Անվիճելի է, որ ձեռնարկատիրական գործունեության հաջողությունը ենթադրվում է ազնիվ գործընկերային փոխհարաբերություններ և առանց ավելորդ ինքնագովության կարելի է արձանագրել, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ազնիվ և վստահելի գործընկեր է բազմաթիվ տեղական և արտասահմանյան ընկերությունների համար, ուստի ընկերությանը որպես «խաբող» «քցող» ներկայացնելը, հրապարակայնորեն զրպարտելն ուղղակի և լուրջ վնաս կարող է հասցնել ընկերության տարիների ընթացքում ձևավորված, հետևողականորեն պահպանվող, դրական գործարար համբավին։ Զանգվածային լրատվության միջոցով հրապարակված նյութն ակնհայտ սուտ է և այդ զրպարտչական տվյալները ԶԼՄ-ի միջոցով հրապարակելով, պատասխանողը կանխամտածված կերպով վնաս է պատճառել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գործարար համբավին։ Հայցվորը դատարանին խնդրել է. 1/ հարկադրել պատասխանողին հրապարակայնորեն հերքել «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության /«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթ/ միջոցով զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ 2/ հարկադրել պատասխանողին զրպարտության համար վճարել 2.000.000ՀՀ դրամի չափով փոխհատուցում։ Հայցվորն իր պահանջը հիմնավորում է հետևյալ փաստերով և դրանց նկատմամբ կիրառելի իրավական նորմերով. գ Դատարան է ներկայացվել «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի 19.11.2011թ. թիվ 459 համարը, որում զետեղված է ««ՀայՌուսգազարդը» խաբել, «քցել» ու հետո էլ դատի է տվել» վերնագրով հոդված։ Հայցվորն իր պահանջի հիմքում դրել է հետևյալ իրավական հիմքերը` «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասը, ԵԽ Նախարարների կոմիտեի Rec /2003/ 13 հանձնարարականը, ԵԽ Նախարարների կոմիտեի 02.07.1974թ. թիվ /74/ 26 բանաձևը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ հոդվածը, 47-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի և 108.1-րդ հոդվածի դրույթները։ Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Արամ Ղլեչյանը հայցը պնդեց և խնդրեց այն բավարարել։ II 4. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը. գ Դատարան է ներկայացվել «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի 19.11.2011թ. թիվ 459 համարը, որում զետեղված է ««ՀայՌուսգազարդը» խաբել, «քցել» ու հետո էլ դատի է տվել» վերնագրով հոդված։ Իրավական խնդիրը. արդյո՞ք պետք է. 1/ հարկադրել պատասխանողին հրապարակայնորեն հերքել «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության /«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթ/ միջոցով զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ 2/ հարկադրել պատասխանողին զրպարտության համար վճարել 2.000.000ՀՀ դրամի չափով փոխհատուցում։ 5.Դատարանի իրավական վերլուծությունները Լսելով հայցվորի ներկայացուցչին, ուսումնասիրելով գործի նյութերը, նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում, դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակիորեն` հետևյալ պատճառաբանությամբ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը, որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42.1 հոդվածի համաձայն` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել այլոց իրավուքները, ազատությունները և արժանապատվությունը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձի պատիվը« արժանապատվությունը« գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով։ Նույն օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը« որի պատիվը« արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով« կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ իսկ 3-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է« որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը« արժանապատվությունը կամ գործարար համբավը։ Նույն հոդվածի 8-րդ կետի համաձայն` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը` 1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ« ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը։ Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով. 2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել։ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի 19.11.2011թ.-ի համարում հրապարակվել է Արթուր Ղազարյանի հեռախոսազրույցը լրագրող Գոհար Վեզիրյանի հետ, որը վերնագրված է ««ՀայՌուսգազարդը» խաբել, «քցել» ու հետո էլ դատի է տվել» վերնագրով։ Գնահատելով ներկայացված հոդվածում տեղ գտած արտահայտությունները, դատարանը գտնում է, որ դրանք կատարվել են հրապարակայնորեն, պարունակում են ոչ հստակ տեղեկություններ։ Դատաքննության ընթացքում որևէ ապացույց չի ներկայացվել այն մասին, որ հոդվածում տեղ գտած փաստերը համապատասխանում են իրականությանը։ Դատարանը գնահատելով հոդվածում տեղ գտած արտահայտությունները` գտնում է, որ դրանք արատավորում են հայցվորի գործարար համբավը և հանդիսանում են զրպարտություն։ Տվյալ դեպքում հայցվորն օգտվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածով ամրագրված իրեն վերապահված իրավունքներից` խնդրել է հարկադրել պատասխանողին հրապարակայնորեն հերքել «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության /«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթ/ միջոցով զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև հարկադրել պատասխանողին զրպարտության համար վճարել 2.000.000ՀՀ դրամի չափով փոխհատուցում։ Նման պայմաններում դատարանը հանգում է հետևության, որ պետք է պարտավորեցնել պատասխանող Արթուր Ղազարյանին «Չորրորդ իշխանություն» օրաթերթի միջոցով հերքելու հայցվոր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գործարար համբավն արատավորող զրպարտող տեղեկությունները և հերքումը տպագրել «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքում» խորագրի ներքո` հետևյալ բովանդակությամբ. ««Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի 19.11.2011թ. համարում ««ՀայՌուսգազարդը» խաբել, «քցել» ու հետո էլ դատի է տվել» տեղ գտած արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը»։ Քննարկելով հայցվորի պահանջը պատասխանողից զրպարտության համար 2.000.000ՀՀ դրամի չափով փոխհատուցում պահանջելու մասին, դատարանը գտնում է, որ այն ենթակա է բավարարման մասնակիորեն` 100.000ՀՀ դրամի չափով, իսկ պահանջը մնացած մասով` ենթակա է մերժման։ Քննարկելով պետական տուրքի հարցը` դատարանը գտնում է, որ պատասխանող Արթուր Ղազարյանից հօգուտ հայցվոր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պետք է բռնագանձել 6.000ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ պահանջի մերժված մասով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ, 134-րդ հոդվածներով` դատարանը ՎՃՌԵՑ Հայցը բավարարել մասնակիորեն։ 1. Պատասխանող Արթուր Ղազարյանին պարտավորեցնել «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության /«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթ/ միջոցով հերքելու հայցվոր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գործարար համբավն արատավորող զրպարտող տեղեկությունները և հերքումը տպագրել «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքում» խորագրի ներքո` հետևյալ բովանդակությամբ. ««Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի 19.11.2011թ. համարում ««ՀայՌուսգազարդը» խաբել, «քցել» ու հետո էլ դատի է տվել» արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը»։ 2. Պատասխանող Արթուր Ղազարյանից հօգուտ հայցվոր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բռնագանձել 100.000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ` որպես զրպարտության համար վնասի փոխհատուցում։ 3. Պատասխանող Արթուր Ղազարյանից հօգուտ հայցվոր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բռնագանձել 6.000 /վեց հազար/ ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։ 4. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։ 5. Սույն դատական ակտը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։ ԴԱՏԱՎՈՐ Հ.ՄԵԼՔՈՆՅԱՆ
ուրիշ վարազ սյունի
հաստատ Վարազ Սյունին հետք ի աշխատակիցա կամ ձեր բարեկամներից մեկը, ուրիշ ոնց հասկանամ նրա բոլոր կոմմենտների տպագրումը իսկ ոմանցը ոչ՞, որտեղ ոչ հայհոյանք կա ոչ վիրավորանք: Դուք ել արդեն հավատ չեք ներշնչում ձեր( անաչառությամբ)
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այսպես կոչված 'ուրիշ վարազ սյունի'(4) - Նախ, կա միայն մի Վարազ Սյունի -դա ես եմ և ես ՄԻՇՏ օգտագործում եմ նույն email հասցեն` իմ կոմենտները գրելիս: Երկրորդ` ես ՈՉ ՄԵԿԻ թղթակիցը չեմ ու ոչ մեկի համար չեմ աշխատում. ես գրում եմ ԻՄ կարծիքը: եթե կոնկրետ փաստեր ու արգումենտներ ունես իմ գրածների դեմ` խնդրեմ-դու էլ ՆՈՒՅՆ իրավունքն ու հնարավորություններն ունես կոմենտ գրելու:Իսկ դու ի՞նչու ես կարծում,որ իմ գրած բոլոր կոմենտները տպվել/տպվում են:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սա միգուցե փոքր գործ թվա,բայց իրականում չէ: Սա միայն օրինակներից մեկն է,որը ցույց է տալիս, թե Հայաստանում ուժեղ պետականություն ունենալուն ինչքան վնաս ու նույնիսկ ինչքան վտանգավոր է ԱՅԴՔԱՆ կուրորեն ռուսական կապիտալից կախված լինելը: Դրա համար Հայաստանը ՊԻՏԻ տարբեր երկրների հետ համագործակցի,որպեսզի երկրում առողջ մրցակցություն լինի: Ուստի պետք ՉԷ դառնալ Եվրասիական Միության անդամ. Հայաստանին ՉԻ ուժեղացնելու: ՀԱՊԿ-ին էլ այդքան կուրորեն վստահելը խելացի/հեռատես չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter