
Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները. Հայաստանը չի մասնակցում
Բելառուսում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժությունները, որին մասնակցում են Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ուժերը։ Այդ մասին հայտնում է ռուսական РИА Новости-ն։ Հայկական կողմը դարձյալ չի մասնակցում։
Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 2000 զինվորական, 450 միավոր ռազմական տեխնիկա, ներառյալ՝ 9 ինքնաթիռ և ուղղաթիռ, ավելի քան 70 անօդաչու։
Բելառուսի գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոն հայտարարել է, որ զորավարժությունների ընթացքում նախատեսվում է միջուկային զենքի կիրառման պլանավորում, սակայն բացառվում է դրա կիրառումը:
Համատեղ զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 6-ին։
ՀԱՊԿ զորավարժություններն անցկացվում են տարեկան երկու-երեք անգամ։ 2025 թվականին, Բելառուսից բացի, զորավարժություններ են նախատեսված նաև Ղրղզստանում և Տաջիկստանում։ Դրանք կանցկացվեն հոկտեմբերին:
Սեպտեմբերի կեսերին Բելառուսում կմեկնարկեն «Արևմուտք-2025» ռուս-բելառուսական երկկողմ զորավարժությունները, որոնք շատ ավելի մասշտաբային կլինեն: Մինսկում հայտարարել են, որ այդ զորավարժությունները սերտորեն կապված կլինեն ՀԱՊԿ զորավարժությունների հետ։ Այդ զորավարժությունների անցկացումը մեծ անհանգստություն է առաջացրել ՆԱՏՕ-ի անդամ մի շարք եվրոպական երկրներում։
Հայաստանը շարունակում է չմասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին։ Արդեն շուրջ երեք տարի է, ինչ ՀՀ ղեկավարության ներկայացուցիչները քննադատում են ՀԱՊԿ-ին իր պարտականությունների թերացման մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ բազմիցս հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021-2022 թվականների ընթացքում չի կատարել իր պարտավորությունները, ինչի հետևանքով Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։
Փաշինյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանը դադարել է մասնակցել ՀԱՊԿ գործընթացներին։ Վիկտոր Բիյագովի հետկանչից հետո Հայաստանը մշտական ներկայացուցիչ չի նշանակել այդ կազմակերպությունում։ Փաշինյանը հստակեցրել էր, որ Երևանը վետո չի դնում ՀԱՊԿ որոշումների վրա, բայց պատրաստ է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ:
Լուսանկարը՝ Ваяр-ից
Մեկնաբանել