HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանն սկսում է նախապատրաստվել Պորտուգալիայի եւ Իռլանդիայի հետ խաղերին

Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Եղիշե Մելիքյանի թիմը պատրաստվում է աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Պորտուգալիայի եւ Իռլանդիայի հետ խաղերին։

Ազգային թիմի առաջին մարզումը կկայանա այսօր՝ ժամը 18:30-ին։

Հավաքն այսօր կսկսեն՝

Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Օգնյեն Չանչարեւիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Ալբերտ Խաչումյան - «Արարատ»
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արտակ Դաշյան - «Նոա»
Էդգար Սեւիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Հովհաննես Հարությունյան - «Նոա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա» 
Դանիել Աղբալյան - «Փյունիկ»
Ուգոչուկվու Քրիստուս Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)

ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ Նաիր Թիկնիզյանը, Տիգրան Բարսեղյանն ու Վահան Բիչախչյանն ազգային հավաքականի ճամբարում կլինեն սեպտեմբերի 2-ին, իսկ Լուկաս Զելարայանը՝ սեպտեմբերի 3-ին։

Նորբերտո Բրիասկո Բալեկյանը ընտանեկան խնդիրների պատճառով չի միանա հավաքականին։

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպումը կսկսվի 20։00-ին։ Սեպտեմբերի 9-ին էլ Մելիքյանի սաները «Հանրապետականում» կընդունեն Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ կրկին 20։00-ին։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի ընտրական փուլի եվրոպական գոտու F խմբում Հայաստանի մրցակիցները կլինեն Պորտուգալիան, Հունգարիան եւ Իռլանդիան: Խաղերը կկայանան այս տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: 

Աշխարհի 2026 թ. առաջնությանը, որի եզրափակիչ փուլն ընդունելու են միանգամից 3 երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան ու Մեքսիկան, առաջին անգամ մասնակցելու է 48 հավաքական: Եվրոպական գոտուց մունդիալին մասնակցելու ուղեգիր են նվաճելու ընտրական 12 խմբերի հաղթողները: Իսկ երկրորդ տեղը զբաղեցրած 12 թիմերն ու Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության արդյունքներով այն լավագույն 4 հավաքականները, որոնք ԱԱ-2026-ի ընտրական խմբերում առաջին կամ երկրորդ տեղերը զբաղեցրած չեն լինի, այսինքն՝ 16 ընտրանի, կխաղարկեն մնացած 4 ուղեգրերը: Այսինքն՝ աշխարհի առաջնությանը կմասնակցի եվրոպական 16 հավաքական:  

Մեր առաջիկա մրցակիցներից Պորտուգալիային նախկինում հանդիպել ենք 6 անգամ, ընդ որում՝ միայն պաշտոնական խաղերում: Աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլում՝ 1996-ի օգոստոսի 31-ին, Երեւանում գրանցվեց 0-0, իսկ 1997-ի օգոստոսի 20-ին Սետուբալում դաշտի տերերը հաղթեցին 3-1 հաշվով: Մերոնցից աչքի ընկավ Էրիկ Ասադուրյանը: «Եվրո-2008»-ի ընտրական փուլի շրջանակներում թիմերը նորից հանդիպեցին: 2007-ի օգոստոսի 22-ին Երեւանում գրանցվեց 1-1. մեր թիմից գոլը խփեց Ռոբերտ Արզումանյանը: Նույն տարվա նոյեմբերի 17-ին Լեյրայում պորտուգալացիները հաղթեցին 1-0 հաշվով: «Եվրո-2016»-ի ընտրական փուլում էլ՝ 2014-ի նոյեմբերի 14-ին, Ֆարուում պորտուգալացիները հաղթեցին 1-0, իսկ 2015-ի նոյեմբերի 15-ին Երեւանում գրանցվեց 2-3՝ հօգուտ հյուրերի: Մերոնցից աչքի ընկան Մարկոսն ու Հրայր Մկոյանը: 

Այսպիսով՝ Հայաստանն ու Պորտուգալիան ազգային թիմերի մակարդակով հանդիպել են 6 անգամ. 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 4 անգամ հաղթել է Պորտուգալիան: Գոլերի հարաբերակցությունը՝ 9-4՝ հօգուտ Պիրենեյան թերակղզու ներկայացուցիչների:

Իռլանդիայի ընտրանուն էլ մեր ազգային թիմը հանդիպել է 4 անգամ, այս դեպքում եւս բոլորը եղել են պաշտոնական մրցավեճեր: «Եվրո-2012»-ի ընտրական փուլում՝ 2010 թ. սեպտեմբերի 3-ին, մերոնք Երեւանում պարտվեցին 0-1: Պատասխան խաղը կայացավ Դուբլինում 2011-ի հոկտեմբերի 11-ին: Իսպանացի տխրահռչակ մրցավար Իտուրալդե Գոնսալեսի «թեթեւ ձեռքով» կարմիր քարտ ստացավ մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ինչն ազդեց հանդիպման ելքի վրա: Իռլանդացիները հաղթեցին 2-1: Մերոնցից գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը: Ազգերի լիգայի 2022-2023 թթ. խաղարկության ժամանակ էլ, երբ մեր թիմը հանդես էր գալիս B լիգայում, 2022-ի հունիսի 4-ին Երեւանում հաղթեցինք իռլանդացիներին 1-0 հաշվով, գոլը խփեց Էդուարդ Սպերցյանը: Նույն տարվա սեպտեմբերի 27-ին Դուբլինում իռլանդացիներն առավելության հասան 3-2 հաշվով: Մերոնցից աչքի ընկան Արտակ Դաշյանն ու Էդուարդ Սպերցյանը: 

Այսպիսով՝ հավաքականների հայ-իռլանդական դիմակայությունում կայացել է 4 խաղ, Հայաստանը հաղթել է 1-ում եւ պարտվել 3-ում: Մերոնք խփել են 4 գոլ, բաց թողել 6-ը:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter