
ԱԺ հանձնաժողովը քննարկել է Ասիական զարգացման բանկի հետ առողջապահության որակի բարելավման վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը
«ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ««Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 1-ի հերթական նիստում: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը նախ շնորհավորել է Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ, ապա հանձնաժողովը սկսել է հարցի քննարկումը:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի ներկայացմամբ նախագիծն արդյունքահեն վարկային ծրագիր է՝ ուղղված առողջապահության ոլորտում որակի բարելավմանը:
Համաձայնագրի վավերացման անհրաժեշտությունը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրից եւ համահունչ է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությանը:
Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի փետրվարի 28-ին, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 45,3 եվրո արժողությամբ վարկ՝ առողջապահության որակի լավարկմանն ուղղված ծրագրի իրականացման համար: Այն կաջակցի Հայաստանին բարելավելու բժշկական օգնության եւ սպասարկման որակը:
Վարկային ծրագրի նպատակն է խթանել բարեփոխումները հետեւյալ ուղղություններով` առողջապահական հաստատությունների կառուցում ու բարելավում, առողջապահական ծառայությունների որակի գնահատում եւ հաշվետվողականության թվայնացում ու ինստիտուցիոնալացում, բժշկական հաստատությունների լիցենզավորում, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացում, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավում:
Լենա Նանուշյանը տեղեկացրել է, որ ծրագիրը մշակվել է վերջին երկու տարվա ընթացքում, որին զուգահեռ իրականացվել են նախանշված ցուցանիշների ապահովմանն ուղղված մի շարք քայլեր: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացրելով պարզաբանումներ համաձայնագրով նախանշված քայլերի, ծրագրով սահմանված՝ 7 մասնահանման հետ կապակցված ցուցանիշների վերաբերյալ: Անդրադառնալով առողջապահական հաստատությունների կառուցմանն ու վերազինմանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ ենթակառուցվածքներն առողջապահական բժշկական ծառայությունների որակի ապահովման գլխավոր հիմնաքարերից են: Ըստ համաձայնագրի՝ 24 բժշկական հաստատություններ պետք է կառուցվեն կամ վերակառուցվեն նոր չափանիշներին համապատասխան, որի համար նախատեսվել է 16,76 մլն եվրո:
Խոսելով առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացման մասին՝ Լենա Նանուշյանը նշել է, որ ծրագրով կիրականացվի բժիշկների լիցենզավորման գործընթացը:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:
Կառավարության հեղինակած ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է երկու ամիս ժամկետով:
Վերջում հանձնաժողովի անդամները քվեարկությամբ հաստատել են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության 2025-2026 թվականների տարեկան ժամանակացույցը»,- նշվում է հաղորդագրությունում։
Մեկնաբանել