
ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի
2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մշտական խորհուրդը որոշում է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների փակման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
«ԱՄՆ նախագահի հրավերով և մասնակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի հանդիպման շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահին հասցեագրված Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ նամակ-դիմումի վրա հիմնված որոշման համաձայն՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, ԵԱՀԿ Մինսկի համաժողովի կողմից դիտարկվող հակամարտության գծով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, ինչպես նաև բարձր մակարդակի պլանավորման խմբի գործունեությունը դադարեցվում է սեպտեմբերի 1-ից»,- ասված է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է վերոնշյալ կառույցների փակումից բխող վարչական և տեխնիկական հարցերի լուծումն ավարտել ոչ ուշ, քան մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը:
Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ-ն հավելել է, որ «ԵԱՀԿ շրջանակներում նախկինում ընդունված բոլոր որոշումները, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական նախկին հակամարտությանը, կորցնում են ուժը և ենթակա չեն կիրառման»։
«Արդյունքում, այդ ինստիտուտների փակմամբ պաշտոնապես ամրագրվեց, և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները ճանաչեցին, որ կառույցները, որոնք ժամանակին ստեղծվել էին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար, նոր իրադրությունում՝ դրա լուծումից հետո, այլևս արդիական չեն։ Տվյալ որոշման ընդունումը ոչ միայն միջազգային մակարդակով հաստատում է այն փաստը, որ Ադրբեջանի Հանրապետությունը վերականգնել է իր սուվերեն վերահսկողությունը և տարածքային ամբողջականությունը նախկին «բռնազավթված տարածքների նկատմամբ» (չակերտները՝ խմբագրության), ինչով ավարտվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը և ամրագրվեց Ադրբեջանի առաջ քաշած խաղաղ օրակարգը, այլև կարևոր քայլ է դեպի Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործումը, որոնք ձեռք էին բերվել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում»,- շարունակել է ադրբեջանական կողմը։
Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հավելել է, որ Բաքուն «շարունակելու է հավատարիմ մնալ միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված իր սկզբունքային և հետևողական դիրքորոշմանը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում»։
Լուսանկարը՝ համացանցից
Մեկնաբանել