HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Նույն քանակի աղբարկղերի համար` համայնքային բյուջեից 10% ավել հատկացում

Անցած տարվա նոյեմբերից գործող «Ապագա Վանաձոր» հասարակական նախաձեռնությունը, որի նպատակն է բարելավել համայնքային կյանքը`խնդիրները վերհանելու,  լուծումներ առաջադրելու, ներհամայնքային գործընթացներում բնակչության մասնակցությունն ակտիվացնելու միջոցով, ուսումնասիրել է քաղաքային բյուջեի, եռամյա և քառամյա ծրագրերի հաշվետվություններն ու կատարողականները`համեմատության մեջ դնելով Վանաձորի ներկայիս խնդիրների հետ:

Քաղաքային տնտեսության տարբեր ճյուղերի վերաբերյալ նախաձեռնությունն արձանագրել է բազմաթիվ խնդիրներ`կապված բազմաբնակարան շենքերի տանիքների ու վերելակների, հանրային տրանսպորտի, տնակային ավանների և այլնի հետ:

Առանձնացնում են, օրինակ, այգիների և պուրակների շահագործման ու սպասարկման խնդիրը: Անմխիթար վիճակում են Վանաձորի Սայաթ-Նովայի անվան (քաղաքային), Քիմիագործների, Երիտասարդության (Դիմացի), Երկաթուղայինների այգիները: Վերջինում որոշակի լուծված է լուսավորության խնդիրը, և խաղահրապարակներ կան`չնայած դրանք էլ վճարովի են, ինչն էլ իր հերթին է դժգոհություն առաջացնում բնակիչների մոտ: Մյուս այգիներում մաքրման, բարեկարգման, կանաչապատման խնդիրները տարիներով մնում են չլուծված:

Վանաձորցիները չեն հաճախում այգիներ, հատկապես երեկոյան ժամերին, քանի որ լուսավորված չեն, և չկան հանգստի համար նպաստավոր պայմաններ. նստարանները ջարդված են, և աղբարկղերի բացակայության պայմաններում դրանց շրջակայքը վերածված է աղբանոցի:

Նախաձեռնության անդամների ուշադրության կենտրոնում է «Արցախ» պուրակը, որը մյուս պուրակների պես տրված է վարձակալության: «Մեծածավալ աշխատանքների անհրաժեշտություն կա`սկսած սալիկապատումից մինչև կանաչապատում: Բնականաբար վարձակալի խնդիրն է, բայց քաղաքապետարանը պայմանագիր կնքելուց հետո պետք է վերահսկողական գործառույթ իրականացնի, որը չի արվում, քանի որ արդյունքը փաստացի սա է»,-ասում է նախաձեռնության անդամ Տարոն Ապրեսյանը:

Նա նշում է, որ պետք է վերանայվեն վարձակալների հետ պայմանագրերը, քննարկվեն նոր վավերապայմաններ, և կարճ ժամկետում չկատարվելու դեպքում`խզվեն:

Նախաձեռնության անդամներն անդրադառնում են աղբահանության խնդրին, որը, ինչպես նրանք են նկատում, սկսվում է փողոցային աղբարկղերից, իսկ դրանք Վանաձորում սակավաթիվ են:

2011-12 թթ. համայնքային բյուջեն ուսումնասիրելով`պարզել են, որ նախորդ տարի 48 աղբարկղի համար բյուջեից ծախսվել է 4 մլն 440 հազար դրամ: Այսինքն`1 միավորի գինը կազմել է 92 500 դրամ: Այս տարվա բյուջեով`49 աղբարկղի համար նախատեսված է 5 մլն դրամ, ըստ այդմ`1 միավորի գինը կազմում է 102 հազար դրամ:

«Նախ`92 500-ը բավականին մեծ թիվ է, և, կարծում եմ, բնակավայրերի, ոչ թե փողոցներում տեղադրելու համար նախատեսված աղբարկղեր են: Անհասկանալի է նաև 1 տարվա կտրվածքով միավոր աղբարկղերի գնային տարբերությունը. 92 500-ից դարձել է 102 հազար`10 % գնի աճ է տեղի ունեցել»,-արձանագրում է Տարոն Ապրեսյանը:

Նախաձեռնության անդամները խոսում են նաև քաղաքի լուսավորությունից. Վանաձորում միայն կենտրոնն է լուսավորվում, այն էլ`ոչ շուրջօրյա`ամենաուշը մինչև կեսգիշեր, իսկ ծայրամասային փողոցները դեռ մնում են չլուսավորված: «Որտեղ լուսավորված է, այնտեղ էլ լամպերի խնդիր կա: Լամպերը չեն փոխվում ժամանակին, իսկ դրանք ժամկետ ունեն, որը լրանալուց հետո լավ չեն աշխատում, կամ` մի լամպ դրվում է, մեկ-երկուսը չի դրվում: Ծառերի էտում չի արվում այս նպատակով, և ունենում ենք փաստացի լուսավորված, բայց իրականում չլուսավորված փողոցներ»,-ասում է Տ. Ապրեսյանը:

«Ապագա Վանաձոր» հասարակական նախաձեռնությունը պատրաստվում է գրությամբ դիմել քաղաքապետարան`նշված և մյուս խնդիրների վերաբերյալ որոշումներ, պայմանագրեր, իրավական հիմքեր տրամադրելու պահանջով, իսկ հետագայում ներկայացնել առաջարկություններ: Ընդհանրապես, նախաձեռնության անդամների համոզմամբ`համայնքային նշանակության որոշումները պետք է կայացվեն բնակիչների մասնակցությամբ` հանրային լսումների, քննարկումների արդյունքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter