
2025թ. անազատության մեջ պահվող 7 անձ ինքնասպան է եղել
2025թ. ընթացքում անազատության մեջ պահվող 7 անձ է ինքնասպան եղել: Վերջին դեպքը գրանցվել է սեպտեմբերի 1-ին: Ըստ պաշտոնական վարկածի՝ նույն օրը` ժամը 17։15-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է 26-ամյա կալանավորված անձ Ա․Բ․-ի դին՝ իր խցի սանհանգույցում ինքնաշեն պարանով կախված վիճակում։
Քրեակատարողական ծառայությունից «Հետքին» հայտնեցին, որ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվել է հուլիսի 31-ին: Այսինքն՝ մինչև դեպքը մեկ ամիս է պահվել անազատության մեջ: Կոնֆլիկտ չի ունեցել որևէ մեկի հետ, և հայտնի չէ ինքնասպանության պատճառը:
Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Կամո Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք կալանավորն առողջական խնդիրներ կամ որևէ կախվածություն ունեցել է:
«Կալանավորը եղել է պրակտիկ առողջ»,- ասում է ՊՈԱԿ-ի տնօրենը:
Նշենք, որ ինքնասպան եղած կալանավորը մեղադրվում էր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի՝ իրացման նպատակով ապօրինի շրջանառության հանցափորձի մեջ:
Մեկնաբանել