HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Նազարյանի մահվան գործի նախաքննությունը վարած քննիչները դատարանում կհարցաքննվե՞ն

Օգոստոսի 21-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կհրապարակի որոշումը՝ տուժող կողմի միջնորդության կապակցությամբ: Եթե այն բավարարվի, դատարան կկանչվեն և կհարցաքննվեն 2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում սպանված 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործի նախաքննությունը վարած քննիչներ Սարգիս Մադաթյանը, Հայկ Մարգարյանը և Լևոն Պետրոսյանը: Վերջիններս, ըստ տուժող կողմի, գործը քննել են կախակալ՝ «ինքնասպանության հասցնելու» վարկածով, փորձել են թաքցնել սպանության ապացույցները, բռնությամբ և ճնշումներով կեղծ ցուցմունքներ են կորզել վկաներից, փչացրել են իրեղեն ապացույցներ:

Տուժող կողմը կշարունակի ներկայացնել միջնորդություններ: Նրան կհաջորդի պաշտպանական կողմը: Մեղադրող կողմը հրաժարվել է միջնորդություններ ներկայացնելուց: Դատավորի սահմանած կարգով կողմերը հնարավորություն չստացան հայտարարություններ անել ապացույցների հետազոտմանը զուգահեռ, արեցին հետազոտման ավարտից հետո: Այնուհետև դատարանն անցավ միջնորդություններին:

Ինչպես հայտնի է, պաշտպանական կողմը համաձայն չէ ներկայացված մեղադրանքին, իսկ տուժող կողմը վիճարկում է ինքնասպանության վարկածը՝ տեղի ունեցածը համարելով դիտավորյալ սպանություն, ինչի փաստական վկայություններ կան քրեական գործում: Հենց այդ վերլուծությունները 15.08.2012թ. հնչեցին դատարանի դահլիճում:

14.08.2012թ. ցուցմունքներ տվեցին Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, և մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը: Երկուսն էլ պատմեցին նախաքննական մարմնի ապօրինի վարքի մասին դեպքին հաջորդած ժամանակահատվածում: Այնուհետև դատարանի առաջարկությամբ կողմերն սկսեցին հայտարարությունները՝ հետազոտված ապացույցների կապակցությամբ: Ռուբեն Մարտիրոսյանի հայտարարությունը՝ դատաբժշկական փորձաքննության մասին, կիսատ մնաց՝ աշխատանքային օրվա ավարտի պատճառով, և կշարունակվի հաջորդ օրը:

08.08.2012թ. Ծովինարը ներկայացրել էր եղբոր՝ Արտակ Նազարյանի բնութագիրը և պատմել էր դեպքին հաջորդող օրերին նախաքննական մարմնի հանցավոր գործելաոճի մասին, որին անձամբ էր ականատես եղել:

Մասնավորապես, նա նշել էր, որ քննիչ Ս. Մադաթյանը, դեպքից մի քանի օր հետո՝ օգոստոսի 3-ին, Նազարյանների բնակարանում խոստովանել էր, որ Նազարյանի ինքնաձիգից մատնահետքեր չի վերցրել, քանի որ իր մատնահետքերը կհայտնաբերվեին դրա վրա, որովհետև առանց ձեռնոցի է քննչական գործողություններ կատարել դեպքի վայրում: Քննիչը Նազարյանի՝ Արծվաբերդ գյուղում վարձած տունն այդպես էլ չի կնքել, իսկ այնտեղ խուզարկություն է կատարել միայն ծնողների բազմակի պնդումներից և միջնորդությունից հետո (ի դեպ, դրա համար ընտրելով Նազարյանի ծննդյան օրը և ստիպելով ընտանիքին, հյուրերին տանը թողած, մեկնել Արծվաբերդ):

Արտակ Նազարյանի քույրը պատմել է նաև, որ երբ եղբոր մահվան լուրն առնելով Վաշինգտոնից Երևան է հասել հուղարկավորության առավոտյան՝ ժամը 4-ին, ականատես է եղել, թե ինչպես են ծանր գրիմի տակ փորձել թաքցնել բազմաթիվ վերքերից աղավաղված՝ եղբոր դեմքը, թե ինչպես էր մարմինը ժամ առ ժամ ուռչում՝ կասկած հարուցելով, որ մահն ավելի վաղ էր վրա հասել, քան նախաքննական մարմնի նշած ժամանակը, թե ինչպես են շուրթերը ուռչելով ցուցադրում կարերը: Նա հիշել է ինչ-որ մեկի խոսքերը, թե «Արտակ Նազարյանի կարած բերանը մեր բոլորի կարած բերանն է» և շրջվելով դեպի ամբաստանյալները՝ ասել է. «Դա նաև ձե՛ր բերանն է»՝ ակնարկելով նրանց լռությունը սպանության մասին:

Դատաքննությունը: Դատարանի որոշմամբ դատաքննությունն սկսվել է դատակոչված վկաների հարցաքննությամբ, իսկ քրեական գործով ձեռք բերված ապացույցները հետազոտելը թողնվել է վերջում՝ վկաների, ամբաստանյալների և իրավահաջորդի ցուցմունքներից հետո: Արտակ Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի ցուցմունքը կիսատ է մնացել, և շարունակում է Արտակի քույրը՝ Ծովինար Նազարյանը, ում փոխանցվել են տուժողի իրավահաջորդի իրավասությունները: Վկաները և ամբաստանյալները արդեն ցուցմունք են տվել, հետազոտվել են ապացուցույցները: Այժմ դրանց մասին հայտարարություններ և միջնորդություններ անելու պահն է:

Նախապատմությունը: Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ. հուլիսի վերջին ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է, և գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով, ընդհուպ մինչև ապացույցների ոչնչացում և կեղծում:

Դատավարության մասնակիցները: Քրեական գործով մեղադրվում է Արտակ Նազարյանի հինգ ծառայակից՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարևան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքային՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինի՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է, և նա հանձնված է զորամասի հսկողությանը, որտեղ շարունակում է ծառայությունը:

Դատավորը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանն է: Մեղադրանքը պաշտպանում է զինվորական դատախազ Հարություն Հարությունյանը: Ամբաստանյալ սպաների շահերը պաշտպանում են փաստաբաններ Լևոն Պողոսյանը (Վ. Հայրապետյանի պաշտպան), Հրանտ Գևորգյանը և Արմինե Ղասաբողլյանը (Հ. Մանուկյանի պաշտպաններ), իսկ երեք շարքայինի՝ Մ. Մխիթարյանի, Ա. Հովհաննիսյանի և Հ. Կիրակոսյանի կողմից ներգրավված են փաստաբաններ Ազատ Շահբազյանը և Ալվարդ Մնացականյանը:

Տուժողի իրավահաջորդն էր Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, իսկ 2011թ. նոյեմբերի 29-ից՝ քույրը՝ Ծովինար Նազարյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են փաստաբան Մուշեղ Շուշանյանը և իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter