HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է, մեկ անձ ատրճանակը նետել ու փախել է

«Հետքի» տեղեկություններով՝ ձերբակալվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, այժմ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2025թ. սեպտեմբերի 3-ին Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են տրանսպորտային միջոց։ Այդ պահին ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։

«Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- հայտնում է Նարեկ Սարգսյանը։

Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածը Նարեկ Մկրտչյանի եղբայրն է՝ Մկրտիչ Մկրտչյանը։

Քրեական վարույթի հետ կապված դիմեցինք Քննչական կոմիտե։ Հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։ Մեկ անձ ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն»,- հաղորդել է ՔԿ-ն։

Լուսանկարը՝ Deutsche Welle-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter