
«ԴՕԿՕՄՕՄՕ-Հայաստան»-ը մտահոգություն է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վերանորոգման առնչությամբ
«Մոդեռն» շարժման փաստագրման ու պահպանության միջազգային կոմիտեի՝ Docomomo-ի հայաստանյան մասնաճյուղը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարհամալիրում ընթացող վերանորոգման աշխատանքների առնչությամբ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։
Ծիծեռնակաբերդի բարձրունքում կանգնած Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը (ճարտարապետներ Ա․ Թարխանյան, Ս․ Քալաշյան) խորհրդանշական բացառիկ արժեք լինելուց զատ, հայկական մոդեռնիզմի ամենանշանավոր հուշարձաններից մեկն է։
Հայաստանը մոդեռնիստական ճարտարապետության ոլորտում միջազգայնորեն ճանաչելի դարձնող առաջնային կառույցներից մեկը։ Վերջին օրերին համացանցում ու լրատվական միջավայրում շրջանառվում են հուշահամալիրի «վերանորոգման» վերաբերյալ տեղեկություններ, որոնք հանրության և մասնագիտական շրջանակներում մտահոգությունների և վրդովմունքի առիթ են դարձել։
ԴՕԿՕՄՕՄՕ-Հայաստանի անդամները, ծանոթանալով շրջանառվող լրատվությանը ու գործընթացին, հայտնում են իրենց խիստ մտահոգությունը կատարվողի վերաբերյալ ու հարկ համարում նշել հետևյալը`
Ինչպես բազմիցս ասվել է, անթույլատրելի է հուշարձանների վերականգնման աշխատանքներն իրականացնել պետական այլ շինարարական աշխատանքների տրամաբանության շրջանակում։
Անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարության կողմից ձևավորել վերականգնողական շինարարական կազմակերպությունների լիցենզավորման իրավական հենք ու պրակտիկա։ Այն հնարավոր կդարձնի հուշարձանների վերականգնման աշխատանքների որակի խիստ մասնագիտական հսկողության ենթարկումը ու հուշարձաններում նմանատիպ (ու բազմաթիվ այլ) անհարիր միջամտությունների կանխումը։
Մոդեռնիստական հուշարձանի վերականգնումն էականորեն տարբերվում է այլ ժամանակաշրջանի հուշարձանների վերականգնումից, ուստի այն պետք է իրականացվի համապարփակ հետազոտական աշխատանքի մասնագիտական փորձագիտությունների հիման վրա միայն։
Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վերականգնման աշխատանքները ու դրանց 300-օրյա ժամանակահատվածը հանրության շրջանում այդ գործընթացի քաղաքական նպատակներ ունենալու մասին մտահոգության առիթ է հանդիսացել։ Հուշահամալիրում անհրաժեշտ է պատշաճ կարգավիճակում ընդունել Ցեղասպանության զոհերի ոգեկոչման տարելիցին հարգանքի տուրք մատուցող այցելուներին ու միջոցառումների կայացման համար անվտանգ հնարավորություն ապահովել։
Մեկ անգամ ևս կոչ ենք անում վերանայել պետական քաղաքականությունը մոդեռնիստական և, առհասարակ, նոր շրջանի ժառանգության պահպանության, հանրահռչակման և վերականգնման վերաբերյալ, ընդլայնել պետության կողմից պահպանվող ցանկերում դրանց ներգրավվածությունը։
Մեկնաբանել