HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի քան 22 մլրդ դրամ՝ կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարության, նախագծման և գույքի համար

Կառավարության որոշմամբ ավելի քան 22 մլրդ 887 մլն դրամ կհատկացվի մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական և նախագծման աշխատանքների իրականացման, ինչպես նաև գույքային ապահովման համար:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝  հատկացված միջոցներից 21.8 մլրդ դրամը նախատեսված է կրթական հաստատություններում կապիտալ աշխատանքների իրականացման համար, որը հիմնականում ուղղված է դպրոցաշինության ծրագրերին։

Մասնավորապես՝ 9 մլրդ դրամ հատկացվում է դպրոցների կառուցման ծրագրին՝ ընթացող շինարարությունների տարեկան հատկացումների ավելացման նպատակով, 2,5 մլրդ դրամ՝ կրթահամալիրների կառուցման ծրագրին՝ ընթացող շինարարությունների տարեկան հատկացումների ավելացման նպատակով, 9,3 մլրդ դրամ՝ դպրոցների հիմնանորոգման/վերանորոգման ծրագրին՝ ընթացող շինարարությունների տարեկան հատկացումների ավելացման, ինչպես նաև նոր օբյեկտների շինարարության մեկնարկի նպատակով:

Միաժամանակ, ավելի քան 430 մլն դրամ կհատկացվի մանկապարտեզների կառուցման ծրագրին՝ Լեռնավանի մոդուլային մանկապարտեզի կառուցման համար 2025թ-ի բյուջեով հատկացումների, ինչպես նաև Ակնաշենի մանկապարտեզի կառուցման աշխատանքների ծավալների ավելացման նպատակով։ Երկու մանկապարտեզներում էլ նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ:

Ավելի քան 400 մլն ՀՀ դրամ կհատկացվի դպրոցների մասնակի նորոգման ծրագրին՝ 12 դպրոցներում ենթակառուցվածքների և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման նպատակով:

Որոշմամբ ավելի քան 200 մլն դրամ հատկացվում է բուհերի շենքային պայմանների և գույքային հագեցվածության ծրագրերին՝ Ազգային ագրարային համալսարանի և Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի շարք մասնաշենքերի բարեկարգման և ուսումնական պրոցեսի կազմակերպման պայմանների բարելավման նպատակով:

Մշակույթի ոլորտում նախատեսվող կապիտալ աշխատանքներին կհատկացվի շուրջ 1 մլրդ 2 մլն դրամ, որը կտրամադրվի թատերահամերգային կազմակերպությունների գույքով ապահովմանը և մշակութային ժառանգության պահպանմանը: Կատարված հատկացումների շրջանակում կարևորագույն նշանակություն ունեն նաև Մատենադարանի թանգարանի ճակատային մասի արձանախմբի վերանորոգումը, Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի տան հիմնանորոգումը: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ գումար է հատկացվում նաև որոշակի տեխնիկայի և գույքի գնման համար, մասնավորապես՝ թատերահամերգային կազմակերպությունների համար ձեռք կբերվի նոր, արդիական ձայնահնչյունային համակարգեր և լուսադիոդային էկրաններ:

Միջոցներ են նախատեսված նաև Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի-տուն մարզադպրոցի հիմնանորոգման և Անի համայնքի Մարալիկ քաղաքի մարզադաշտի վերակառուցման նախագծերի, ինչպես նաև Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցի ջեռուցման համար։ Նշված աշխատանքներին կհատկացվի շուրջ 63․8 մլն ՀՀ դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter