
Այսօր՝ Հայաստան-Պորտուգալիա. նախորդ խաղերում հյուրերը Երեւանում դժվարությունների են բախվել
Այսօր՝ 20:00-ին, Երեւանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:
Թիմերն ընդգրկված են եվրոպական գոտու ընտրական 6-րդ կամ F խմբում, որտեղ հանդես են գալու նաեւ Հունգարիան ու Իռլանդիան:
ՀՖՖ-ն հրապարակել է այսօրվա խաղին մեր թիմի հայտացուցակը:
Հայտնի է նաեւ, որ մերոնք հանդես կգան տնային՝ կարմիր համազգեստով, իսկ պորտուգալացիները՝ սպիտակ:
Հանդիպումն սպասարկելու է անգլիացի Էնթոնի Թեյլորի գլխավորած մրցավարական բրիգադը:
Հիշեցնենք, որ ներկա պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը 105-րդն է, իսկ Պորտուգալիան՝ 6-րդը:
Սակայն վիճակագրությունը հիշեցնում է, որ Պիրենեյան թերակղզու ներկայացուցիչները Երեւանում հեշտ խաղեր չեն ունեցել: 3 հանդիպումներից 2-ն ավարտվել են ոչ-ոքի, իսկ մեկում հյուրերը հաղթել են նվազագույն առավելությամբ:
Ընդհանրապես, Պորտուգալիային նախկինում հանդիպել ենք 6 անգամ, ընդ որում՝ միայն պաշտոնական խաղերում: Աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլում՝ 1996-ի օգոստոսի 31-ին, Երեւանում գրանցվեց 0-0, իսկ 1997-ի օգոստոսի 20-ին Սետուբալում դաշտի տերերը հաղթեցին 3-1 հաշվով: Մերոնցից աչքի ընկավ Էրիկ Ասադուրյանը: «Եվրո-2008»-ի ընտրական փուլի շրջանակներում թիմերը նորից հանդիպեցին: 2007-ի օգոստոսի 22-ին Երեւանում գրանցվեց 1-1. մեր թիմից գոլը խփեց Ռոբերտ Արզումանյանը: Նույն տարվա նոյեմբերի 17-ին Լեյրայում պորտուգալացիները հաղթեցին 1-0 հաշվով: «Եվրո-2016»-ի ընտրական փուլում էլ՝ 2014-ի նոյեմբերի 14-ին, Ֆարուում պորտուգալացիները հաղթեցին 1-0, իսկ 2015-ի նոյեմբերի 15-ին Երեւանում գրանցվեց 2-3՝ հօգուտ հյուրերի: Մերոնցից աչքի ընկան Մարկոսն ու Հրայր Մկոյանը:
Այսպիսով՝ Հայաստանն ու Պորտուգալիան ազգային թիմերի մակարդակով հանդիպել են 6 անգամ. 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 4 անգամ հաղթել է Պորտուգալիան: Գոլերի հարաբերակցությունը՝ 9-4՝ հօգուտ Պիրենեյան թերակղզու ներկայացուցիչների:
Նկատենք նաեւ, որ պորտուգալացիները Երեւանում առաջին հանդիպումը կանցկացնեն Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկությունում հաղթելուց հետո: Նրանք այս մրցաշարի կրկնակի հաղթողներ են:
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թ. առաջնությանը, որի եզրափակիչ փուլն ընդունելու են միանգամից 3 երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան ու Մեքսիկան, առաջին անգամ մասնակցելու է 48 հավաքական: Եվրոպական գոտուց մունդիալին մասնակցելու ուղեգիր են նվաճելու ընտրական 12 խմբերի հաղթողները: Իսկ երկրորդ տեղը զբաղեցրած 12 թիմերն ու Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության արդյունքներով այն լավագույն 4 հավաքականները, որոնք ԱԱ-2026-ի ընտրական խմբերում առաջին կամ երկրորդ տեղերը զբաղեցրած չեն լինի, այսինքն՝ 16 ընտրանի, կխաղարկեն մնացած 4 ուղեգրերը: Այսինքն՝ աշխարհի առաջնությանը կմասնակցի եվրոպական 16 հավաքական:
Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Դուբլինում կմեկնարկի մեր խմբի Իռլանդիա-Հունգարիա հանդիպումը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել