HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման խումբն աշխատում է երկկողմ ձևաչափով. Օվերչուկ

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) ձևակերպել է բոլոր որոշումները, իսկ կողմերը հիմա շփումներն ապահովում են երկկողմ ձևաչափով։ Այդ մասին ռուսական TACC-ին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Խումբը չի հավաքվել 2023 թվականի հուլիսի սկզբից, թեև մենք կապը պահում ենք երկկողմանի մակարդակով։ Եվ մենք կարծիքներ ենք փոխանակում այն մասին, թե ինչ է կատարվում: Այնուամենայնիվ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները նաև իմ գործընկերներն են միջկառավարական հանձնաժողովներում, և մենք շատ ենք շփվում»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ պատասխանելով խմբի ճակատագրի մասին հարցին։

«Խումբն աշխատել է բծախնդրորեն՝ հաշվի առնելով մանրունքները և դիտարկելով Հարավային Կովկասում ապաշրջափակման ամենատարբեր ասպեկտները։ Մենք ամեն ինչ դիտարկել ենք տարբեր տեսանկյուններից: Սկզբունքորեն եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում բոլոր որոշումները ձևակերպվել են, և առնվազն հասկանալի է, թե ինչ է պետք անել և ինչպես»,- թեման շարունակել է նա։

Խոսելով Վաշինգտոնում հայ-ադրբեջանական համատեղ հռչակագրի ընդունման ու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի մասին՝ Օվերչուկը նշել է, որ Մոսկվան Երևանի հետ քննարկել է ՀՀ հարավում տրանսպորտային երթուղու բացման հարցը, ու Ռուսաստանում կարծում են, որ այն կնպաստի այդ երկրի և Հայաստանի միջև կապի ամրապնդմանը:

«​​Իհարկե, մենք այդ հարցը քննարկել ենք և Երևան կատարած իմ այցի, և Աստրախանում ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։ Մենք ունենք պատկերացում, թե ինչպես կլինի դա»,- նշել է Օվերչուկը։

«Նման ճանապարհի կառուցումը կնպաստի Եվրասիայի ընդհանուր տրանսպորտային շրջանակի ձևավորմանը։ Եվ եթե նման ճանապարհ ի հայտ գա, ապա կնպաստի նաև Ռուսաստանի հետ Հայաստանի կապի ամրապնդմանը։ Մեր գնահատականներով, դա, թերևս, կլինի մեր երկրների միջև բեռների փոխադրման հիմնական ճանապարհը»,- թեման եզրափակել է նա։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության կայք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter