HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորցրած-գտած

Մարիետա Խաչատրյան

Կինը տասնամյակից ավելի ապրում էր հայտնի գրողի հետ: Փաստորեն քաղաքացիական ամուսնությամբ նրա երկրորդ կինն էր, ու համատեղ զավակ էլ ունեին: Տղամարդը, սակայն, այդպես էլ պաշտոնապես չբաժանվեց առաջին կնոջից, որից երկու դուստր ուներ: Ու անգամ շաբաթը մեկ այցելում էր իր առաջին ընտանիք՝ դուստրերի հետ շփվելու եւ կարոտն առնելու: Կինը դեմ չէր դրան, ի վերջո՝ ժամանակակից մարդիկ էին, ուրիշ կերպ չէր էլ կարող լինել: Պատահում էր՝ գրողը որդուն էլ էր վերցնում հետը, որպեսզի նա էլ քույրերի հետ շփվի:

Կինն ինքն էլ գրում էր, ու մինչեւ գրողի հետ համատեղ կյանքը` մի քանի պատմվածք տպել էր գրական մամուլում: Բայց գրողի կողքին նա իրեն մանր գրչակ էր զգում ու համատեղ կյանքի տասը տարվա ընթացքում այդպես էլ ոչինչ չգրեց: Իր գլխավոր խնդիրը համարում էր գրողի համար հարմարավետ, ստեղծագործական, ոգեշունչ մթնոլորտի ապահովումը, որի համար լիուլի բավարար էր իրենց զարմանահրաշ սերը:

Տարիներն անցնում էին, կյանքը օրվա մշտական բացվածքով եւ գծված սովորույթներով հունի մեջ խցկած՝ ապրում էին: Շատ ուրախություններ կիսեցին, գրողի հաջողությունները թափվում էին, ինչպես առատության եղջյուրից: Որդին մեծացավ եւ ուսանող դարձավ: Կինը երբեմն թախծում էր այն մտքից, որ իր ներսում խոր պահված գիրն այդպես էլ մարմին չստացավ, բայց դա կարճ տեւող կարոտախտ էր՝ տղամարդու տուն մտնելու հետ անհետացող: Ծնունդներ, կնունքներ, ընկերական հավաքներ, գրականության մասին բանավեճեր, գրողների փոխհյուրընկալություններ՝ այդ բոլորն այնպես էին լցնում կյանքը, որ կինն այդպես էլ իր մասին չէր հիշում:

Մի օր, սակայն, այդ բոլորը վերջացան: Չգիտես ինչու, ինչպես, ինչից դրդված՝ մի օր տղամարդը հավաքեց իրերն ու վերադարձավ առաջին ընտանիք: Կինը երկար ուշքի չէր գալիս: Ամիսներն անցնում էին, ժամանակը չէր բուժում վերքը, լքված լինելու նեղսրտությունն այլեւս թույլ չէր տալիս որեւէ գրական հավաքի գնալ, լսել էր՝ հայտնի գրողն էլ չէր գնում, երեւի զգուշանալով, որ կհանդիպի իրեն: Շատ ժամանակ պահանջվեց, մինչեւ վերքը մի փոքր սպիացավ: Մի օր էլ կինն իրեն բռնեց նրանում, որ ինչ-որ արձակ գործ է սկսել՝ ամեն օր նստում էր համակարգչի մոտ եւ մի քանի էջ գրում: Ստացվեց վեպ: Վեպը բնականաբար կնոջ սիրո մասին էր: Երկու մարդու անկրկնելի սիրո, արվեստով եւ գրականությամբ թաթախված երեկոների, գրողի գլուխգործոցների ստեղծման անփոխանցելի պահերի, այն բոլորի մասին, առանց որոնց գրականություն չկա: Գրականություն չկա առանց սիրո, տառապանքի ու ցավի, առանց մեծ ու մանր կրքերի, առանց մեծ ներշնչումների եւ … վրեժխնդրությունների: Այո, այդ վերջինն էլ կար: Կյանքում եւ գրքում: Կինը ոչ միայն իրենց յուրօրինակ, ուրիշների համար նախանձելի, առանց սահմանազատման եւ սահմանագծման, անհաշվետու, անպարագիծ սերն էր նկարագրել, այլեւ նաեւ մարդկային դավաճանությունն ու անմարդկայինին տրվելու մարդու ընդունակությունը: Ստացվել էր շատ անկեղծ գիրք՝ երկու մարդու մասին: Այնքան բնական էր գրվել ամեն ինչ, որ ամեն կարդացող կհասկանար՝ ում մասին է գիրքը: Ու այդ գիրքը փոխելու էր իր, գրողի, իրենց մոտիկ մարդկանց կյանքն ու մտքերը՝ դրանք դարձնելով արժող -չարժողի, ամեն գրողի եւ ընթերցողի քննարկման առարկա: Բայց եղածը եղած էր, գիրքը գրվել էր:

Մի վերջին անգամ կարդալուց հետո գիրքը կնոջը դուր եկավ:

Ընդհանրապես՝ եթե հեղինակին իր ստեղծածը դուր չի գալիս՝ նշանակում է չարժե այն լույս աշխարհ բերել: Կինը գնաց իր ծանոթ հրատարակչի մոտ: Վերջինս ընդունեց վճարը, ժամկետ նշանակեց՝ գիրքը սրբագրելու, կազմելու եւ ձեւավորելու համար: Կինը պարբերաբար այցելում էր հրատարակչություն՝ հետեւելով աշխատանքին: Հրատարակիչը գովեց գիրքը՝ ասելով, որ ռումբ է լինելու, եւ որ՝ կինը շատ լավ ոճ ունի: Կինը թեք նայեց նրան, սակայն հրատարակիչը, որ քիչ բան չէր տեսել իր կյանքում, ոչ մի այլ բան չասաց: Անշուշտ, նա գիտեր՝ ո՞ւմ մասին է գիրքը, բայց այն բժշկի նման, որ պահում է հիվանդության պատմության գաղտնիքը, հրատարակիչն էլ իր գործի գիտակն էր:

Գիրքը հիանալի էր ձեւավորվել, հրատարակչի ընկեր նկարիչը շատ լավ գծանկարներ էր արել գրքի համար:

Եկավ այն օրը, երբ կինը վերջին անգամ պետք է տեսներ գրքի շապիկը, դրանից հետո գիրքը գնալու էր տպարան: Նա ողջ գիշեր չէր քնել: Հիշել էր մեծ գրողի հետ համատեղ կյանքի բոլոր արժանահիշատակ դրվագները, իրենց միջեւ եղած բոլոր անհամաձայնություններն ու վեճերն էր պեղել-հանել մտքի մակերես, իր սրտի համար ցավեցնելու աստիճան թանկ բոլոր պահերն էր դրել իրար կողքի: Մտովի խոսել էր գրողի՝ իր կյանքի միակ տղամարդու հետ, կարծես նրանից համաձայնություն հայցելով, նաեւ՝ մի տեսակ արդարանալով այս գիրքը լույս աշխարհ բերելու համար: Երկու մարդու՝ ուրիշ մարդկանցից անտես, գողտրիկ-թաքուն կյանքը հորդալու էր գրքի էջերից, մինչեւ հիմա անհայտը դառնալու էր բոլորի սեփականությունը: Կինը մտովի մեկ սրդողում էր, մեկ լուծված էր համարում իր վրեժը, մեկ զղջում էր: Մեկ անվստահ, մեկ ավելի վստահորեն էր միակ ճշմարիտը համարում արածը:

Արեւը վաղուց բարձրացել էր, առավոտը սահում էր դեպի կեսօր: Նա մտավ լողարան, երկար կանգնեց ցնցուղի տակ՝ այդպես հեռացնելով անքուն մնալու հոգնածութունն ու տարակույսները: Երկար հարդարվեց հայելու առաջ՝ զարմանքով արձանագրելով, որ դեմքը, ոչինչ, գեղեցիկ է դեռ, ու սկսեց հագնվել: Տաքսի կանչեց ու գնաց հրատարակչություն:

Հրատարակիչը մենակ նստած՝ կոնյակ էր ըմպում եւ ինչ-որ թղթերի վրա նշումներ անում: Երեւի օգուտ-վնասն էր հաշվում: Կնոջը տեսելով՝ մի բաժակ էլ նրան պարզեց ու կոնյակ լցրեց: Կինը կանգնած էր մտամոլոր ու անսովոր որոշում կայացրած մարդու թափառող հայացքով: Ապա խնդրեց համակարգչի վրա բացել գիրքը: Ասաց, որ մի բան ուզում է փոխել: Հրատարակիչը տեղյակ էր, որ նա տիրապետում է ծրագրին, ասաց, որ ինչ էլ փոխի՝ պահեստային տարբերակում էլ թող փոխի, ու ցույց տվեց նաեւ պահեստային տարբերակի տեղը: Կինը նստեց համակարգչի առաջ ու երկար հետուառաջ էր անում գրքի համակարգչային տարբերակը՝ կարծես տատանվելով կամ երկմտելով: Ու մի պահի նա միանգամից սեղմեց  «Ջնջել»  հրահանգը նախ բնօրինակի, ապա՝ կրկնօրինակի վրա: Երկուսն էլ անհետացան: Այդ պահին հրատարակիչը մոտեցել էր նրան:

-Ի՞նչ ես անում, սխա՛լ կոճակ ես սեղմել,-համարյա բղավեց նա ու սկսեց փնտրել պահեստային տարբերակը: Երկու տարբերակներն էլ անհետացել էին: Հրատարակիչը հուսահատ ընկավ կողքի աթոռին` հարցական, բարկությամբ եւ մի շարք այլ զգացմունքների խառնուրդով նայելով կնոջը: Կնոջ դեմքին հանգստություն ու խաղաղություն էր իջել: Մի պահ  նա լռեց, ապա վեր կացավ:

-Երեւի այսպես է ճիշտ, համարիր, որ գիրքը տպել ես, վճարը պահիր, - ասաց կինն ու դուրս եկավ հրատարակչությունից: Նա քայլեց փողոցով՝ կորցրած գանձը վերագտածի ուրախությամբ եւ թեթեւացման զգացումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter